22:07  ,  28 նոյեմբերի, 2016

Սլավիկ Հայրապետյան. Մեծ պատիվ է կրկնակի օլիմպիական չեմպիոնի հետ ելույթ ունենալը (ֆոտո)

Մեծ պատիվ ու փորձ է կրկնակի օլիմպիական չեմպիոնի հետ նույն սառույցի վրա ելույթ ունենալը։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց գեղասահքի Հայաստանի հավաքականի մարզիկ Սլավիկ Հայրապետյանը: Նա ցուցադրական ելույթով հանդես է եկել Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Եվգենի Պլյուշչենկոյի Kings on Ice Presents Fashion on Ice շոու-ծրագրում։

«Հետաքրքիր է ամեն անգամ նման շոու-ծրագրերի մասնակցել եւ ելույթ ունենալ հայ հանդիսատեսի առջեւ։ Մենք սովորաբար միայն մրցումների ժամանակ ենք կարողանում հայ հանդիսատեսի համար ելույթ ունենալ, այսպիսի շոուները մեզ հնարավորություն են տալիս մեր հանդիսատեսին հաճույք պատճառել։ Օլիմպիական չեմպիոնի երեւանյան շոու-ծրագրին մասնակցում եմ երկրորդ անգամ, եւ սա ինձ համար մեծ փորձ է Օլիմպիական խաղերի, Եվրոպայի չեմպիոնների հետ մի սառույցի վրա հանդես գալը։ Մենք նաեւ մարզումներ ենք անցկացնում ելույթներից առաջ: Ինձ շատ օգնում են այդ մարզումները։ Նախորդ երեւանյան շոու-ծրագրից առաջ Եվգենի Պլյուշչենկոն վարպետության դաս անկացրեց մեզ հետ: Այս անգամ տեխնիկական խնդիրների եւ ժամանակի պակասի պատճառով չհասցրեց, բայց շատ կուզեի։

Ես հիմա պատրաստվում եմ 2017 թվականի Եվրոպայի առաջնությանը: Մինչեւ տարեվերջ ունեմ եւս մեկ միջազգային մրցաշար, որից հետո ամբողջ ուժերս կկենտրոնացնեմ Եվրոպայի առաջնության վրա։ Իսկ այս շոու-ծրագիրն ինձ միայն օգնեց, որ ես պահպանեմ մարզավիճակս։ Ելույթիս առաջին ցատկի ժամանակ ընկա, բայց չեմ լարվում, քանի որ սա ցուցադրական ելույթ է»,- ասաց Սլավիկ Հայրապետյանը։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով