22:53  ,  24 նոյեմբերի, 2016

Գեղասահորդ Նիկիտա Միխայլովի վարպետության դասը Երեւանում

Անվանի ռուս գեղասահորդ, սպորտի վարպետ, միջազգային մրցաշարերի հաղթող, գեղասահքի մենապարերի պարուսույց-բեմադրիչ Նիկիտա Միխայիլովը Հայաստանում է։ Նոյեմբերի 24-ին գեղասահորդը վարպետության դաս անցկացրեց Երեւանի Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցի սաների հետ։ Նիկիտա Միխայիլովը Հայաստանում է նոյեմբերի 27-ին կայանալիք Եվգենի Պլյուշչենկոյի «Սառույցի թագավորները» շոու-ծրագրի շրջանակում։ Երիտասարդ պարուսույցը մարզում անցկացրեց փոքրիկների հետ, ապա ընդգրկուն վարպետության դաս ունեցավ մեծահասակների հետ։ Հայ գեղասահորդներին Նիկիտա Միխայիլովը սովորեցրեց մի քանի բարդ տարրեր եւ հայ աղջիկներին խորհուրդ տվեց սահադաշվի վրա սահելիս միշտ ժպտալ ու հաճույք պարգեւել հանդիսատեսին։

Նիկիտա Միխայիլովը երեւանյան տպավորությունների մասին պատմեց NEWS.am Sport-ի թղթակցին։

«Ինձ շատ դուր եկավ հայ երեխաների հետ աշխատելը, նաեւ մեծահասակների հետ։ Մեծ ներուժ ունեն հայ գեղասահորդները, հիացած եմ։ Եթե նրանց հետ ամեն օր այսպես մանրամասն աշխատեն, մեծ չեմպիոններ դուրս կգան այս դպրոցից։ Սեր կա նրանց աչքերում, սիրով էին լսում եւ վարպետորեն սովորում այն, ինչ փորձում էի նրանց տալ։ Երկրորդ անգամ եմ Հայաստանում եւ այստեղ ինձ շատ լավ եմ զգում։ Ձեր երկիրը շատ ջերմ է, մարդիկ հյուրընկալ են։ Նրանց դուր է գալիս սովորել, յուրացնել, հայերը սիրում են ու ձգտում են լինել լավագույնն ամեն ինչում։ Ամեն անգամ հաճույքով եմ գալիս ձեր երկիր»,- ասաց Նիկիտա Միխայիլովը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով