22:54  ,  17 նոյեմբերի, 2016

Անուշ Գրիգորյան. Պաշտպանության կարիք ունենք, որպեսզի չկարողանան խլել մեր հաղթանակները

Հայաստան վերադառնալուն պես ժամանակ եմ տրամադրելու եւ լիարժեք սովորեմ անգլերեն, ռուսերեն, որպեսզի դառնամ հայ մարզիկների պաշտպանը միջազգային մրցահարթակում: Այսպես այլեւս չի կարելի շարունակել: Մենք՝ մարզիկներս, պաշտպանության կարիք ունենք, որպեսզի մեզանից չկարողանան մեր հաղթանակները խլել: 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բուլղարիայից ասաց բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականի 51 կգ քաշային, երիտասարդների Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը, ով նոյեմբերի 17-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում հավասար պայքարում պարտություն է կրել մեկնարկային մենամարտում: Մրցակիցը եղել է Հոլանդիան ներկայացնող Ալիսիա Հոլզկենին:

Անուշ, մեծահասակների Եվրոպայի առաջնությունյան հենց մեկնարկային մենամարտում պարտություն կրեցիր: Ի՞նչն էր պատճառը:

Մենամարտս ավարտվեց այնպես, որ ինձ համար տհաճ անակնկալ եղավ մրցակցիս ձեռքը բարձրացնելը: Բացարձակ չէի սպասում, որ մրցավարները հոլանդացի աղջկան կշնորհեն հաղթանակը: Առաջին ռաունդում մենամարտն ավարտվեց հավասար միավորներով, երկրորդ ռաունդում 40:36 միավորով առավելությունն իմն էր, երրորդ ռաունդը՝ 37:39 հոլանդացու առավելությամբ: Արդյունքում միավորներով հավասար էինք եւ գլխավոր մրցավարը հաղթանակը շնորհեց հոլանդացուն: Առաջին ռաունդում ակտիվ մենամարտ վարեցի, երկրորդում բացարձակ առավելությունն իմն էր, երրորդում՝ վերջին 10 վայրկյանների ընթացքում գրագետ ավարտին հասցրեցի եւ միավորները հավասարեցրի: Ու չգիտես ինչու, ինձ չտվեցին հաղթանակն, այլ հոլանդացուն: Մի քանի անհիմն նկատողություն ստացա, ռինգի մրցավարն ասում էր, որ չհրեմ մրցակցիս, բայց հոլանդացին էր ինձ հրում: Մի պահ հարվածաշար էի անում, հոլանդացին չկարողացավ իրեն պահել, ընկավ, իսկ ռինգի մրցավարը նույնիսկ հաշիվ չբացեց, ասես ոչինչ չի եղել:

Ո՞ր երկրի ներկայացուցիչ էր գլխավոր մրցավարը:

Եթե չեմ սխալվում թուրք էր: Բացի այդ, ինձ ասացին նաեւ, որ ամբողջ առաջնությունն օնլայն հեռարձակվել է, բայց իմ մենամարտի ընթացքում բոլոր ուղիղ հեռարձակումներն անջատել են, որպեսզի ոչ ոք չնայի:

Բողոքարկելու հնարավորություն էլ չունենք: Ոչ տեսագրություն կա, ոչ ապացույց, որ ես առավելություն ունեի: Բացի այդ չկա որեւէ բողոքարկելու միջոց:

Իսկ ի՞նչ մարզավիճակում էիր:

Ինձ համար շատ լավ, նորմալ մարզումներ եմ անցկացրել եւ պատրաստ էի:

Ի՞նչ կասես մրցակցիդ մասին:

Հոլանդացին թույլ չէր, բայց նա ինչ չհաղթեց ռինգում: Այնպես էր ուրախացել, որ ինքն էլ չէր հասկանում, թե ինչպես իրեն շնորհեցին հաղթանակը:

Հայ բռնցքամարտիկները պարբերաբար դառնում են անարդար մրցավարության զոհ, նրանցից կորզում են հաղթանակները, որպես վառ օրինակ՝ Ռիո-2016-ում 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանի մենամարտը, ում ի վերջո հիասթափեցրեց սիրողական բռնցքամարտում անարդարությունները: Քեզ չի՞ հիասթափեցնում:

Եթե անկեղծ, արդեն մի տեսակ սովորել եմ, որ հավասար պայքարում կամ առավելության դեպքում իմ ձեռքը չպետք է բարձրացնեն: Այդպես եղել է Թուրքիայում, Ղազախստանում, այստեղ էլ նույնն արեցին: Մենք անպաշտպան ենք: Վառ ապացույց ըմբիշ Միհրան Հարությունյանի չեմպիոնական գոտեմարտը Օլիմպիական խաղերում:

Չեմ հիասթավում, ոչինչ որ չտվեցին: Մրցավարների անարդարություններն ինձ չեն կոտրի: Ես շարունակելու եմ պայքարս: Հիասթափվում եմ միայն նրանից, որ ռինգում, եթե դու հայ ես, Հայաստանի դրոշի ներքո ես հանդես գալիս, ուրեմն բողոքարկելու, ձայն բարձրացնելու, արդարություն պահանջելու իրավունք չունես, որովհետեւ քո ձայնը լսելի չէ եւ ոչ մի տեղ չի հասնում, փոքր ազգ ենք եւ չենք կարող մեր հաղթանակները պահանջել:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով