18:10  ,  16 նոյեմբերի, 2016

Հայկական հեծանվասպորտը ակնկալում է միջազգային ֆեդերացիայի աջակցությունը

Հեծանվային սպորտի միջազգային ֆեդերացիայի արտաքին կապերի բաժնի ղեկավար Պասկալ Շունսը մասնավոր այցով Երեւանում է։ Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիան առիթը բաց չի թողել եւ Երեւանի հեծանվահրապարակում նոյեմբերի 16-ին ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանը հանդիպել է Պասկալ Շունսի հետ։

Միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչը շրջայց է կատարել հեծանվահրապարակում, ՀՀՖ նախագահի հետ քննարկել է Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման հեռանկարներն ու ծրագրերը, միջազգային կազմակերպության հետ համագործակցության հարցերը։

ՀՀՖ նախագահը տիկին Պասկալ Շունսին ներկայացրել է հայկական հեծանվասպորտի պատմությունը, մարզաձեւի զարգացման համար խնդրել է միջազգային ֆեդերացիայի աջակցությունը։

«Ցանկանում ենք համագործակցել միջազգային ֆեդերացիայի հետ մի քանի ծրագրերով։ Մեր մարզիչներին եւ մարզիկներին անհրաժեշտ է վերապատրաստում, սեմինարների անցկացում, եթե հնարավորություններ լինեն՝ մեթոդական գրականության տրամադրում, հնարավորության սահմաններում ենթակառուցվածքների զարգացման աջակցում՝ հեծանիվներ, մարզագույք։ Մեր հեծանվահրապարակը միջազգային չափանիշների է, բայց մենք չունենք ժամանակի հաշվարկման էլեկտրոնային համակարգ եւ սարքավորումներ։ Գուցե մեզ հնարավորություն տրվի ինչ-որ ծրագրերի մասնակցել, էժան, կամ նվիրատվության միջոցներով ձեռք բերել անհրաժեշտ գույքը»,- ասաց Արման Սահակյանը։

Պասկալ Շունսը ներկայացրեց միջազգային ֆեդերացիայից աջակցություն ստանալու տարբերակները, ծրագրերը, որոնց միջոցով հնարավոր է ձեռք բերել անհրաժեշտ գույքը։

«Հիասքանչ հեծանվահրապարակ ունեք, լավ պայմաններ կան հայ հեծանվորդների համար։ Ձեր բոլոր ցանկությունների ու առաջարկների համար միջազգային ֆեդերացիան եւ հեծանվասպորտի եվրոպական միությունը մի շարք ծրագրեր ունեն։ Օրինակ՝ այս պահին կա միջմայրցամաքային կոնֆերանս, որը զբաղվում է տարբեր երկրների ֆեդերացիաների աջակցության հարցերով։ Ուղղակի պետք է կոնկրետ ծրագիր ներկայացնել, թե ինչի համար եք աջակցություն ուզում։ Օրինակ՝ արդյունքի հաշվարկի էլեկտրոնային համակարգի համար հեծանվասպորտի Եվրոպական միությունը գուցե օգնի»,- նշեց միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչը։

ՀՀՖ նախագահ Արման Սահակյանը Հայաստան հրավիրեց հեծանվասպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահին։ Պասկալ Շունսը խոստացավ, որ հաջորդ այցը Հայաստան կլինի պաշտոնական։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով