18:12  ,  11 նոյեմբերի, 2016

ՀԳՖ նախագահ. Ակնկալիքներ կան, որ Հայաստանը գեղասահորդներ կունենա 2018-ի ձմեռային Օլիմպիական խաղերում (ֆոտո)

Ակնկալիքներ ունենք, որ օլիմպիական ուղեգիր կնվաճենք եւ գեղասահորդներ կունենանք 2018-ի ձմեռային Օլիմպիական խաղերում։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ, Երեւանի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցի տնօրեն Մելանյա Ստեփանյանը։

Հայ գեղասահորդների հաջողությամբ են մեկնարկել նոր մրցաշրջանում։ Հայաստանի հավաքականի անդամ, 17-ամյա Անաստասիա Գալուստյանը նոյեմբերի 5-ին առաջին անգամ մասնակցեց Մոսկվայում անցկացված մեծահասակների կանանց «Մեծ մրցանակին» եւ գրավեց 9-րդ տեղը։ Հավաքականի առաջիկա անելիքների մասին NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցեց Մելանյա Ստեփանյանի հետ։

Տիկին Ստեփանյան, Երեւանում գործող Իրինա Ռոդնինայի անվան սահադաշտում հիմնականում երեխաներ են մարզվում։ Ինչո՞ւ հավաքականը մարզումները չի անցկացնում այստեղ։

Ինչպես միշտ, հավաքական թիմը դրսում է մարզվում։ Այստեղ հիմնականում մարզվում են փոքրիկները, դպրոցի երեխաները։ Ժամանակ առ ժամանակ հավաքականի անդամները կգան, այստեղ կմարզվեն։ Սլավիկ Հայրապետյանը մարզվում է Սոչիում, Անաստասիա Գալուստյանը՝ Մոսկվայում, իսկ մեր կանադահայ զույգը՝ Կանադայում։

Յուրաքանչյուր լավ, հեռանկարային եւ նապատկներով մարզիկ պետք է իր մարզումային պրոցեսում հնարավորություն ունենա մարզվել իրենից հզորի, ուժեղի հետ, իսկ այստեղ այդ հնարավորությունը չկա, քանի որ մեր մարզադպրոցում մարզվում են սկսնակներ։ Բոլոր պայմաններն ու հնարավորությունները ստեղված են մեր հավաքականի անդամների համար Հայաստանում։ Մենք պայմանավորվածություն ունենք, որ թիմը յուրաքանչյուրն իր մարզումային պրոցեսն անցնի իր քաղաքում, որտեղ բնակվում է, այդտեղից մեկնի միջազգային մրցաշարերի, իսկ արդեն խոշոր մրցաշարերից առաջ թիմը մեր մարզադպրոցում կանցկացնի մարզումները, քանի որ հավաքականի համար ահադաշտը տրամադրվում է անվճար։

Մեկնարկել է նոր մրցաշրջանը։ Ի՞նչ մրցաշարերի կմասնակցեն հայ գեղասահորդները։

Մեր մրցաշարերն արդեն սկսվել են։ Անաստասիա Գալուստյանը Կանադայում մասնակցեց վարկանիշային մրցաշարի եւ վաստակեց միավորներ՝ 2017 թվականի Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների համար, չնայած մենք արդեն ունենք բավարար վարկանիշ 2017-ի Եվրոպայի առաջնության համար։ Արդեն այս տարվանից նախապատրաստվում ենք 2018 թվականի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին՝վարկանիշ ենք կուտակում։ Անաստասիա Գալուստյանը Մոնրեալի մրցաշարում զբաղեցրեց 7-րդ տեղը, դրանից հետո մեկնեց Ֆրանսիա եւ մասնակցեց մեկ այլ միջազգային մրցաշարի։ Նա լավ արդյունքներ է գրանցում միջազգային մրցաշարերում, ինչն ուրախացնում է։ Բայց այս մրցաշրջանի հենց մեկնարկում մեզ ուրախացրեց Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայից ստացած հրավերը՝ 2016/2017 թթ մրցաշրջանի ISU-ի կանանց գեղասահքի «Մեծ մրցանակի» խաղակության՝ ISU Grand Prix of Figure Skating Rostelecom Cup 2016/2017-ի 3-րդ փուլին։ Անաստասիա Գալուստյանն, առաջին անգամ ուժերը փորձելով մեծահասակների «Մեծ Մրցանակում», 9 երկրի 12 գեղասահորդուհիների պայքարում գրավեց 9-րդ տեղը։ Դեկտեմբերին մի շարք վարկանիշային մրցաշարեր ունեն նաեւ Սլավիկ Հայրապետյանը,  կանադահայ զույգը։ Այս մրցաշարերով մեր հավաքականի անդամներն իրենց վարկանիշները կապահովեն 2018 թվականի Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մասնակցության համար։

Իսկ ի՞նչ հույսեր ու անելիքներ կան 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։

Դեկտեմբերից հետո 2017 թվականին մենք այլեւս վարկանիշների խնդիր չենք ունենա 2018-ի համար։ Արդեն ուժերը կկենտրոնանցնենք 2017 թվականի աշխարհի առաջնության վրա, որին մասնակցելու է մեր ամբողջ հավաքականը։ Այս առաջնությունն ամենակարեւորն ու ճակատագրականն է լինելու մեզ համար, քանի որ 2017-ի աշխարհի առաջնության արդյունքների շնորհիվ միայն կկարողանանք 2018-ին Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի վարկանիշներ հավաքել։ Այնպես չի, որ հույսեր բացարձակ չկան Օլիմպիական խաղերի վարկանիշներ ձեռք բերելու։ Ակնկալիքներ ունենք, որ գեղասահորդներ կունենանք 2018-ի ձմեռային Օլիմպիական խաղերին։

Պայմանավորվածություն ենք ձեռք բերել ՀԱՕԿ-ի հետ, որ 2017/18 մրցաշրջանում կստանանք աջակցություն։ Բացի սպորտի նախարարության տրամադրած գումարներից, մեր ֆեդերացիային ֆինանսական աջակցություն կցուցաբերի նաեւ ՀԱՕԿ-ը՝ Հայաստանից դուրս ուսումնամարզական հավաքները կազմակերպելու եւ անցկացնելու համար։ ՀԱՕԿ-ի հետ ձեռք բերած պայմանավորվածության շնորհիվ 2017-ին կրկնակի շատ մրցաշարերի կմասնակցենք, որպեսզի լավ արդյունքներ, օլիմպիական վարկանիշներ ակնկալենք աշխարհի առաջնությունից։

Իսկ որքա՞ն է կազմում ֆեդերացիայի տարեկան բյուջեն եւ ինչի՞ն է այն բավարարում։

Այժմ մեր ֆեդերացիայի պետական բյուջեն 7 միլիոն դրամ է։ Դեռեւս ավելանալու հույս չկա, բայց եթե հնարավոր լիներ ավելացնել, հրաշալի կլիներ․ ավելի շատ վարկանիշային մրցաշարերի կմասնակցեինք, ավելի շատ փորձ ձեռք կբերեինք, իսկ բարձր արդյունքների հույսերն ավելի կմեծանային։ Այժմ մենք հնարավորություն ունենք մասնակցելու միայն այն վարկանիշային մրցաշարերին, որքան բավականացնում է ֆեդերացիայի բյուջեն, քանի որ միայն ֆեդերացիայի բյուջեով են մարզիկները մեկնում մրցաշարերին։

Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցի կառուցումով լուծվե՞ց սահադաշտի խնդիրը գեղասահքով զբաղվողների համար։

Այժմ մարզումների համար օգտագործվում է միայն այս սահադաշտը։ Սահադաշտի պակաս չի զգացվում, բայց վատն այն է, որ տարվա մեջ քանի ամիս է այն ծառայում մարզումների համար։ Շատ լավ կլիներ, որ սահադաշտն աշխատեր տարին 12 ամիս։ Մենք հրաշալի գեղասահորդներ կունենայինք, հավաքականը կհամալրեինք, բայց ցավոք, սահադաշտն աշխատում է սեզոնային։ Օրինակ՝ ամռան 3 ամիսների ընթացքում սահադաշտը չի գործել։ Ամբողջ աշխարհում ընդունված է, որ տարվա մեջ մեկ ամիս չգործեն սահադաշտերը՝ սառույցը պատրաստելու համար։ Մեզ մոտ 3 ամիս չգործելու պատճառը տեխնիկական խնդիրները չէին։ Սահադաշտը որեւէ խնդիր չունի։ Խնդիրը թերեւս հասարակության, մարզվողների ըմբռնումն ու մոտեցումն է այս մարզաձեւին, սահադաշտին։ Քանի որ մեզ մոտ մարզվում են դպրոցականներ, երեխաներ, նրանց եւ ծնողների հոգեբանության մեջ մտած է, որ ինչպես դպրոցներում, այնպես էլ մեզ մոտ ամռան ամիսներին արձակուրդ է, եւ մարզվողների քանակը կտրուկ նվազում է եւ կարիք չի լինում այս հսկա սահադաշտը գործարկել։ Մարդիկ դեռ սովոր չեն, որ մենք այելւս մշտական ունենք սառույց եւ մարզումները կարող են լինել նաեւ ամռան ամիսներին։

Քանի որ ֆեդերացիայի եւ հավաքականի համար եկող 2017 թվականը ծանրաբեռնված է լինելու, հուսամ, հաջորդ տարի 12 ամիս սահադաշտը կգործի։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով