17:42  ,  10 նոյեմբերի, 2016

Լեոն Հարթ. Հույս ունեմ, որ 16 տարի անց հաղթանակած կվերադառնամ Հայաստան

Հույս ունեմ, որ IBF Intercontinental-ի տիտղոսը կնվաճեմ եւ 16 տարի անց հաղթանակած կգամ իմ հայրենիք։ Երազում եմ, որ մի օր էլ մեծ չեպիոնական մենամարտ կունենամ Հայաստանում։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գերմանիայում հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Լեոն Հարթը, ով դեկտեմբերի 10-ին Լեհաստանում կպայքարի IBF Intercontinental-ի չեմպիոնի տիտղոսի համար։

«IBF տիտղոսն այժմ շատ լուրջ նվաճում է, իսկ IBF Intercontinental-ն աշխարհի չեմպիոնի գոտուց հետո կարգով ամենաբարձրն է։ Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայանալիք մենամարտս IBF Intercontinental տիտղոսի համար է լինելու։ Մրցակիցս IBF եւ WBC վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն, լեհ Քշիշտով Վլոդարչիկը։ Ուժեղ մրցակից ունեմ։ Լավ մարզավիճակում եմ, արդեն բավական երկար ժամանակ մարզվում եմ։ Այժմ մարզումներս, ֆիզիկական պատրաստությունն անցկացնում եմ Գերմանիայի Կարլսռուե քաղաքում։ Արդեն հաջորդ շաբաթ կմենկենմ Դետմոլդ քաղաք, որտեղ կսկսեմ սպարինգ մենա մարզումներս։ Սա իմ առաջին 12 ռաունդանոց մենամարտն է լինելու։ Քանի որ մենամարտը կայանալու է Լեհաստանում՝ մրցակցիս երկրում, հասկանում եմ, որ հաղթանակը գուցե բարդ տրվի ինձ։ Պետք է ամեն գնով փորձեմ, որ նոկաուտով հաղթեմ, թե որ ռաունդում լինի, չեմ կարող ասել։ Որքան շուտ, այնքան լավ»,- ասաց Լեոն Հարթը։

Ինչպես նախորդ մենամարտերում, առաջիկա մենամարտում էլ Հարթը ներկայացնելու է Հայաստանը։

«Ես ապրում եմ Գերմանիայում, բայց հայ եմ եւ այդ մասին ամենուր եւ ամեն անգամ ասում եմ։ 12 տարեկան էի, երբ ծնողներիս հետ ընտանիքով տեղափոխվեցինք Գերմանիա։ Բռնցքամարտը շատ ուշ եմ ընտրել՝ 19 տարեկանում, իսկ մինչ այդ ֆուտբոլով եմ զբաղվել։ Ֆուտբոլ շատ լավ էր ստացվում մոտս, բայց ես միշտ սիրել եմ ուժի սպորտ։ Բռնցքամարտը միշտ հետաքրքրել է ինձ։ Տարվեցի բռնցքամարտով, սկսեցի լուրջ զբաղվել։ Ստացվեց այնպես, որ սիրողական բնռցքամարտում լավ արդյունքներ ունեցա, բայց Օլիմպիական խաղերի մասնակցության հնարավորություն չունեցա, քանի որ այդպես էլ Գերմանիայի քաղաքացի չդարձա, իմ անձնագիրը հայկական է։ Հետո արդեն տեղափոխվեցի պրոֆեսիոնալ ռինգ։

Երազանքս է պրոֆեսիոնալ բռնցքամարտում ծանր քաշային կարգի առաջին հայ աշխարհի չեմպիոն դառնալը, քանի որ մինչ օրս իմ քաշային կարգում հայ աշխարհի չեմպիոն չունենք պրոֆեսիոնալ բռնցքամարտում։ Ես ներկայացնում եմ Հայաստանը, բայց խոչընդոտներ կան հայող եռագույնը ծածանելու հետ կապված։ Երազանքս է նաեւ Հայաստանի եռագույնի ներքո նվաճել աշխարհի գոտին։ Հայաստանում վերջին անգամ եղել եմ 16 տարի առաջ։ Այս տարի ցանկություն ունեմ գալ հայրենիք։ Բայց ցանկանում եմ անպայման հաղթանակով գալ Հայաստան։ Հույս ունեմ, որ կհաղթեմ։ Իմ ամենամեծ երազանքներից մեկն էլ նաեւ այն է, որ հնարավորություն ստեղծվի Հայաստանում կազմակերպել եւ անցկացնել մենամարտ, չեմպիոնական մենամարտ։ Հուսամ, մի օր բոլոր այս երազանքներս իրականություն կդառնան»,- նշեց Լեւոն Հարթը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով