19:51  ,  7 նոյեմբերի, 2016

Կարեն Աղամալյան. Ամենայն հավանականությամբ, այլեւս չեմ գլխավորի ազգային հավաքականը

Բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի մարզումները ժամանակավորապես կասեցված են, լինելու է ֆեդերացիայի համաժող, նշանակվելու է նոր մարզիչ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 2015թ. դեկտեմբերի 10-ից բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի թիմը գլխավորած Կարեն Աղամալյանը։

NEWS. am Sport-ի տեղեկություններով հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնին հավակնում է  բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը։

Հիշեցնենք, որ Կարեն Աղամալյանը մարզչական կարիերայի ընթացքում երկորդ անգամ է հնարավորություն ստացել գլխավորել հավաքականը՝ 2012-ին եւ 2015-ին։ Հավաքականի գլխավոր մարզիչի անունը կհայտարարվի դեկտեմբերին կայանալիք Հայաստանի բռնցամարտի ֆեդերացիայի համագումարում։

Պարոն Աղամալյան, ի՞նչ փոփոխություններ կլինեն ազգային հավաքականում հոկտեմբերին տեղի ունեցած մեծահասակների Հայաստանի առաջնությունից հետո։

Նախ՝ սկսեմ նրանից, որ ես, ամենայն հավանականությամբ, այլեւս չեմ գլխավորի ազգային հավաքականը։ Այո, մենք անցկացրինք մեծահասակների Հայաստանի առաջնություն, ունեցանք Հայաստանի նոր չեմպիոններ, բայց այս պահին ազգային հավաքականի աշխատանքը կասեցված է ֆեդերացիայի նախագահի պահանջով։ Կայանալու է ֆեդերացիայի համագումար եւ որոշվելու է, թե ով է լինելու գլխավոր մարզիչը։ Ամենայն հավանականությամբ, ես չեմ լինելու։

Հայաստանի առաջնության արդյունքները գոհացնո՞ղ էին։

Հայաստանի առաջնությանը մասնակցեց շուրջ 90 բռնցքամարտիկ։ Չէին մասնակցում Ռիոյի օլիմպիականները։ Մեր ուժեղագույններից Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը տեղափոխվում են պրոֆեսիոնալ բռնցքամարտ, Արթուր Հովհաննիսյանը ուսի վնասվածքի պատճառով բաց թողեց առաջնությունը, Վլադիմիր Մարգարյանն ու Հովհաննես Բաչկովը ընտանեկան խնդիրների պատճառով չէին կարողացել մասնակցել, թեեւ ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը հայտարարել էր, որ բոլորը պետք է մասնակցեն։ Ընդհանուր մասնակցության, մրցակցության մակարդակը նորմալ էր։ Մի քանի երիտասարդներ դարձան չեմպիոններ, բայց մեծահասակների մեջ նրանք դեռ շատ պետք է աճեն, որ իրենց տեղն ամրացնեն, արդյունք ունենան միջազգային մրցաշարերում։ Արդեն հետագա անելիքները նրանց հետ կորոշի նա, ով կլինի գլխավոր մարզիչ։ Պարզ է, որ Հայաստանի չեմպիոն դառնալը դեռ բավական չէ․ երկար աշխատանք է պետք այս մարզիկների հետ լավ արդյունք ունենալու համար։ Տղաների հետ ճիշտ ու երկարատեւ աշխատանք է պետք։

Ո՞ւմ ցանկությամբ է փոխվում հավաքականի մարզիչը։ Ձեզ են ցանկանում հեռացնե՞լ, թե՞ Դուք եք որոշել հրաժարական տալ։

Նման խնդիր չկա՝ ես եմ ուզում, թե ինձ են ուզում փոխել։ Խնդիրը ֆեդերացիան է, նախագահն ինձ հայտնեց, որ կայանալու է համաժողով եւ մինչ այդ կասեցնում ենք գլխավոր հավաքականի աշխատանքը։ Պարզ է, որ Հայաստանի առաջնության ընթացքում ամեն մեկը շարունակում է զբաղվել իր աշխատանքով։ Մինչ համաժողովը ես դեռ ավագ մարզիչն եմ։ Թե ինչ խոսակցություններ են գնում, ես տեղյակ չեմ․ համացանցից չեմ օգտվում։ Ոմանք պարբերաբար գալիս, ասում են՝ գիտե՞ս,Գեւորգյանն ինտերնետում գրել է, որ Աղամալյանը կաշխատի մյուս տարիքային խմբերի հետ։ Ոչնչին դեմ չեմ, առանց գործի չեմ մնա, սպասում եմ ֆեդերացիայի նախագահի որոշմանը։

Հայաստանի սպորտի նախարությունն անցկացնում է Ռիո-2016-ի ամփոփումներ: Բռնցքամարտիկների մասնակցությունը գնահատվեց անբավարար։ Ինչպե՞ս արձագանքեցիք այդ գնահատականին։

Նախարարությունը անբավարար գնահատեց բռնցքամարտիկների մասնակցությունը Օլիմպիական խաղերին, ինչի հետ համամիտ չեմ։ Ինձնից հաշվետվություն պահանջեցին, ես էլ ներկայացրեցի, որ աշխատանքիս 9 ամիսների ընթացքում արել եմ ամեն ինչ, տղաները տոննաներով քրտինք են թափել ու 5 օլիմպիականներից ոչ մեկն ինձ հուսախաբ չի արել․ տղաներն արել են իրենց հնարավորություններից առավել։ Ես իրենց աշխատանքը գնահատում են լավ։ Նախարարությունում ինձ 3 անգամ նույն հարցն ուղղեցին՝ անբավարա՞ր եմ գնահատում, թե՞ բավարար։ Եվ ես 3 անգամ էլ նույն պատասխանը տվեցի, որ իմ տղաներից ես գոհ եմ ու վստահ սպասում էի մեդալ՝ իմ աչքերով տեսնելով եւ հետեւելով, թե նրանք ինչպես են նախապատրաստվել։ Բայց քանի որ մեդալ չեղավ, դրանից դժգոհ եմ։ Մեր երկու մենամարտերը, մասնավորապես, Նարեկ Աբգարյանինը անարդար դատեցին, հակառակ դեպքում մեդալ կունենայինք։ Մենք չենք պարտվել Ռիոյում, միայն գոհ չեմ մեդալով չվեադառնալու համար։ Նորից են հարցն ուղղում՝ անբավարա՞ր է, թե՞ բավարար․․․ Ու ես կրկին ասացի, որ բավարարված չեմ առանց մեդալի վերադառնալու համար, բայց դա չի նշանակում, որ տղաների մասնակցությունն անբավարար է։

Նարեկ Աբգարյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում սիրողական բռնցքամարտից հեռանալու պատճառներից մեկը նշեց բռնցքամարտում տիրող անարդար մրցավարությունը եւ այն, որ Հայաստանի սպորտի ղեկավարությունն այդպես էլ այս տարիների ընթացքում քայլեր չձեռնարկեց արդար մրցավարություն ապահովելու համար։

Ես չեմ կարող ասել, որ ՀԱՕԿ-ը կամ սպորտի նախարարությունը մեր կողքին չեն եղել։ Ցանկացած հարցով տղաներին ձեռք են մեկնել։ Այստեղ հարցը սպորտի ղեկավարության միջամտությունը չէ։ Երբ Նարեկ Աբգարյանը Ռիոյում դուրս եկավ ռինգ, մրցավարն արգենտինացի էր, ով ինձ շատ հարգում է։ Ես, նրան տեսնելով, հասկացա, որ այստեղ մի բան այն չէ։ Չեմ ցանկանում կոնկրետ հայտարարություններով հանդես գալ, որ նա ծախված էր, բայց փաստն այն է, որ արգենտինացի մրցավարը չէր կարողանում աչքերիս մեջ նայել։ Հետո պարզվեց կիսաեզրափակիչներից ու եզրափակիչներից առաջ Ռիոյի 14 շատ հեղինակավոր մրցավարներ որակազրկվել էին։ Արդեն պարզ է, թե ինչու էին որակազրկվել։ Անարդարությունների դեմ պայքարելը շատ բարդ է, ուղղակի ցավալին այն է, որ մարզիկները հիասթափվում են։

Չե՞ք ափսոսում Նարեկ Աբգարյանի ու Արամ Ավագյանի հեռանալու համար։

Շատ եմ ափսոսում, բայց սա նրանց կյանքն է, նրանց որոշումն է։ Ես ափսոսում եմ նրանց թափած ամեն մի քրտինքի ու տանջվելու համար, թե ինչպես էին պատրաստվում ու պայքարում Հայաստանի համար մեդալ նվաճելու համար։ Ուզում եմ, որ նրանք պրոֆեսիոնալ ռինգում հասնեն այն հաջողությունների, ինչին չկարողացան հասնել սիրողականում։ Ես նրանց հետ եմ եւ իրենք գիտեն։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս