20:49  +04,  26 հոկտեմբերի, 2016

Արայիկ Բաղդադյան. Հավաքականն ունի սերնդափոխության կարիք եւ կլինեն նոր համալրումներ (ֆոտոշարք)

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության մակարդակը լավից ցածր էր: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը՝ ամփոփելով Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

Հոկտեմբերի 25-26-ը Երեւանի «Դինամո» մարզահամալիրում անցկացված մրցաշարին մասնակցել են Երեւանի եւ մարզերի շուրջ 95 ըմբիշներ: Հայաստանի չեմպիոն են դարձել Նարեկ Հովհաննիսյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Խաչատուր Պապիկյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ), Գեորգի Կետոեւը (98 կգ) եւ Լեւան Բերիանձեն (125 կգ):

Պարոն Բաղդադյան, ամփոփեք Հայաստանի առաջնությունը:

Ընդհանուր մակարդակը լավից ցածր էր: Չեմ կարող ասել, թե արդյունքներն ինձ գոհացրին: Մասնակիցների ֆիզիկական պատրաստվածությունը 3 կգնահատեի: Ինձ շատ ուրախացրեցին երիտասարդները: Շատ ուրախալի է, որ նրանք իրենց ուժերը փորձեցին մեծահասակների կազմում: Միանշանակ նրանց տեղ կտրվի հավաքականում, ոմանք դեռեւս կշարունակեն հանդես գալ երիտասարդականի կազմում: Օրինակ՝ 57 կգ քաշային կարգում չեմպիոն դարձած Նարեկ Հովհաննիսյանը դեռ կշարունակի հանդես գալ երիտասարդական հավաքականում:

Երիտասարդներին կփորձարկենք միջազգային մրցաշարերում: Նրանց հնարավորություն կտանք դրսեւորվել, ապացուցել եւ նախապատրաստվել Տոկիո-2020-ին: Հաջորդ Օլիմպիական խաղերում անպայման երիտասարդների ներուժն օգտագործելու ենք:

Ի՞նչ համալրումներ կլինեն հավաքականում:

Հավաքականը սերնդափոխության կարիք ունի եւ նոր համալրումներ կլինեն: Հայաստանի առաջնության բոլոր չեմպիոններն ու փոխչեմպիոնները կընդգրկվեն հավաքական: Անակնկալներ որպես այդպիսին չեղան: Անակնկալ էր 57 կգ քաշային կարգում Նարեկ Հովհաննիսյանի չեմպիոնությունը: Այս քաշային կարգում ունենք Գոռ Գրիգորյան, ում սպասում էինք չեմպիոնի դերում տեսնել, բայց եզրափակիչում պարտվեց Նարեկ Հովհաննսիյանին: Բացահայտում եղավ 70 կգ քաշայինների չեմպիոն Խաչիկ Պապիկյանը:

Չգոհացրեց մարզերի ըմբիշների մասնակցությունը: Ճիշտ է, գրեթե բոլոր մարզերից ունեինք ներկայացուցիչներ, բայց յուրաքանչյուր մարզից 1-2 մարզիկ էր հայտավորվել:

Մեր հիմնական կազմից առաջնությանը չէին մասնակցում օլիմպիականներ Դավիթ Սաֆարյանն ու Գառնիկ Մնացականյանը: Դավիթ Սաֆարյանը հոգնածության պատճառով պատրաստ չէր Հայաստանի առաջնությանը: 3 իրար հաջորդող վարկանիշային մրցաշարեր, քաշի իջեցում, ապա Օլիմպիական խաղեր. գերլարված մրցաշրջան անցավ, դեռեւս չէր վերականգնվել: Նա կմասնակցի Հայաստանի հաջորդ առաջնությանը, կդառնա չեմպիոն՝ կլինի հավաքականում եւ կմասնակցի մրցաշարերին, չի դառնա չեմպիոն՝ հանդես չի գա միջազգային մրցաշարերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում: Գառնիկ Մնացականյանը առողջական խնդիրների պատճառով չներկայացավ Հայաստանի առաջնությանը: Փոքր-ինչ դադարից հետո նա կրկին կմիանա թիմին:

Ի՞նչ մրցաշարերի են նախապատրաստվելու ազատ ոճայինները:

Ունենք ոչ օլիմպիական 61 եւ 70 կգ քաշայինների աշխարհի առաջնություն եւ աշխարհի ակումբային գավաթի խաղարկություն: Ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնությունում 61 կգ քաշային կարգում կմասնակցի Վոլոդյա Ֆրանգուլյանը, իսկ 70-ում դեռ որոշված չէ: Այս քաշային կարգում Հայաստանի նորընծա չեմպիոն Խաչիկ Պապիկյանի հարցում դեռեւս տատանվում եմ: Երիտասարդ, լավ մարզիկ է, բայց դեռեւս նրան չեմ վստահում, որովհետեւ միջազգային մրցաշարերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների փորձ չունի: Կքննարկենք եւ 15 օրից կհայտարարեմ, թե այդ քաշային կարգում աշխարհի առաջնությունում ով հանդես կգա:

Աշխարհի ակումբային գավաթի խաղարկությունը տեղի կունենա Ուկրաինայի Խարկով քաղաքում: Այս մրցաշարին կմասնակցեն Հայաստանի չեմպիոնները:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ