22:05  ,  8 հոկտեմբերի, 2016

Երեւանի օր. Street workout (ֆոտո)

Երբ առաջին անգամ Երեւանի օրվան նվիրված միջոցառմանը մասնակցեց street workout-ի հայ աթլետների խումբը, հանրությունը զարմացած նայում էր, թե ինչ կրկեսային համարներ են ցուցադրվում։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստան Street workout ֆեդերացիայի ղեկավար Արթուր Հարությունյանը։ Street Workout հայաստանյան ֆեդերացիան արդեն երրորդ անգամ մասնակցեց Երեւանի օրվան նվիրված միջոցառումներին։ «Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարությունների շրջանակում Ազատության հրապարակում մարզիկները մի քանի ժամ շարունակ մարզական ցուցադրական ելույթներ ունեցան։

«Մենք ամեն տարի նոր ծրագրով ցուցադրական ելույթներ ենք ունենում եւ հաճելի ժամանակ տրամադրում մեր քաղաքացիներին։ Առաջին անգամ երբ մասնակցեցինք, մարդիկ զարմացած նայում էին, թե այս ինչ են անում երիտասարդները, բոլորին թվում էր՝ կրկեսային համարներ ենք ներկայացնում եւ լուրջ վերաբերմունք չկար։ Նախորդ տարի զարմանքը վերացել էր, ավելի շատ հիացմունքով էին հետեւում։ Իսկ այս տարի մենք՝ մարզիկներս ենք զարմացած, քանի որ մարդիկ գալիս եւ դիմում են՝ հայտագրվում են. Ցուցադրական ելույթներ իրենք էլ ունենալու համար։ Երիտասարդների հետաքրքրությունն իսկապես շատ է մեծացել, նույնիսկ այս օրերին՝ Երեւանի օրերին ամեն տարի մարդկանց բազմությունը մեծանում է մեր ներկայացումների ժամանակ։ Հաճելի է, որ կարողանում ենք մարդկանց հասցնել մեր խոսքը եւ խորհուրդը, որ անհրաժեշտ է առողջ կյանքով ապրել, առողջ մարմին ունենալ, մարզել մարմինը։ Միակ խնդիրն այն է, որ մարզերի երիտասարդներին Street wortkout-ն ավելի է հետաքրքրում, քան երեւանցիներին։ Գուցե պատճառն այն է, որ մարզերում երիտասարդների զբաղմունքն ու ժամանցի վայրերը խիստ սահմանափակ են, իսկ երեւանցիները լայն ընտրություն ունեն»,- ասաց Արթուր Հարությունյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով