21:15  ,  8 հոկտեմբերի, 2016

Թիավարության, առագաստային սպորտի եւ սուսերամարտի մրցումենր՝ Երեւանի օրվա առթիվ (ֆոտո)

Ժողովուրդը տեղյակ չէ, որ Հայաստանում գոյություն ունի թիավարություն մարզաձեւ։ Երեւանի օրվա շրջանակում անցկացվող ցուցադրական ելույթներն օգնում են հասարակությանը տեղեկացնելու մարզաձեւի մասին։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց թիավարության եւ կանոեի մարզիչ եւ գործող մարզիկ Հայկ Գասպարյանը։

«Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության շրջանակում Երեւանի Կարապի լճում տեղի ունեցան առագաստանավային սպորտի եւ կանոեի ու թիավարության ցուցադրական ելույթներ։ Առագաստանավային սպորտի երիտասարդ վարպետները երեւանցիներին նախ ցուցադրեցին, թե ինչպես պետք է հանդարտ ջրի վրա սահել առագաստով, ապա նաեւ վարպետության դաս անցկացրին ցանկացողների հետ։

Կարապի լճումում էի նաեւ թիավարողները եւ ցանկացողներին օգնում սովորել թիավարել, ապա նաեւ ինքնուրույն թիավարել։ Թիավարության եւ կանոեի մարզիկները երկրորդ անգամ էին մասնակցում Երեւանի տոնին եւ մարզիկների հմտությունները ցուցադրում Կարապի լճում։ Թիավարության մարզիչ եւ գործող թիավարոց Հայկ Գասպարյանը Կարապի լճի հարեւանությամբ հավաքվածների եւ անցորդների հետ հարցումներ էր անցկացնում, թե ով ինչ տեղեկություն ունի թիավարության, Հայաստանում մարզաձեւի մասսայականացման, զարգացման, մարզաձեւի օլիմպիական լինելու մասին։

«Այս մարզաձեւը աշխարհում շատ հայտնի է, բայց Հայաստանում անծանոթ, խորթ սպորտ է։ Առաջին անգամ Երեւանի տոնին մասնակցեցինք 2015 թվականին։ Հետաքրքրություն նկատվեց հանրության կողմից, սակայն շարժ դեպի մարզաձեւ, մարզադպրոց չառաջացավ, չավելացավ։ Ինչպես առագաստանավային մարզաձեւը, այնպես էլ թիավարությունը գեղատեսիլ սպորտ է, բայց թե ինչ է այն իրենից ներկայացնում անցրոդներից շատ քչերը գիտեն։ Այս տարի Երեւանի քաղաքապետարանի հրավերով նորից մասնակցում ենք Կարապի լճում անցկացվող ցուցադրական ելույթներին եւ ես որոշեցի, բացի ցուցադրությունից նաեւ փոքրիկ ինֆորմացիոն առաքելություն կատարեմ, հարցում անցկացնեմ, այդ ընթացքում էլ պատմեմ, թե իրենից ինչ է ներկայացնում թիավարությունը։ Ցավալին այն է, որ իսկապես մեր ժողովուրդը տեղյակ չէ, որ նման մարզաձեւ գոյություն ունի, քանի որ Հայաստանում շատ հայտնի է միայն մենամարտային եւ ուժային ձեւերը՝ հաշվի առնելով, որ հաջողություններ գրանցում ենք այդ մարզաձեւերից»,- ասաց Հայկ Գասպարյանը։

«Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության շրջանակում Ազատության հրապարակում կայացավ սուսերամարտի Երեւանի գավաթի խաղարկություն, որին մասնակցում էին Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մանկապատանեկան մարզադպորցի սաները։ Երեւանի գավաթի հաղթող դարձավ Ամինա Խնիչովան։

«Քաղաքապետի առաջարկով Երեւանի օրվա շրջանակում կազմակերպել ենք սուսերամարտի մրցում, որի հաղթողը կստանա Երեւանի քաղաքապետարանի կողմից գավաթ։ Մասնակցում է 12 մարզիկ՝ Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մանկապատանեկան մարզադպորցի։ Սուսերամարտը գեղեցիկ մարզաձեւ է եւ մեծ ցանկություն կա հասարակության մեջ հետաքրքրություն մտցնելու։ Մարզաձեւը Հայաստանում ուսուցանվում է անվճար, մենք ունենք հրաշալի մարզադպրոց, ֆեդերացիայի աջակցությամբ այստեղ հաճախող երեխաներն անվճար մարզվում են, անվճար համազգետ ստանում ։ Պետք է միայն սեր առաջացնել մարդկանց մեջ այս մարզաձեւի նկատմամբ։ Հուսանք օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը կդառնա օրինակ մեր պատանիների համար եւ սեր կառաջացնի սուսերամարտի նկատմամբ։ Երեւանի օրվա կապակցությամբ սա լավ հնարավորություն է պրոպագանդելու մեր մարզաձեւը։ Հետաքրքրությամբ դիտում են բոլորը»,- ասաց մարզիչը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով