20:05  ,  8 հոկտեմբերի, 2016

Երեւանի օր. Գրոսմայստերները խաղացին դպրոցականների հետ (ֆոտո)

2798-ամյա Երեւանի օրվա տոնական միջոցառումների շրջանակում Մաշտոցի պուրակում տեղի ունեցան շախմատի միաժամանակյա խաղի պարտիաներ դպրոցականների եւ անվանի շախմատիստների մասկացությամբ։ Ավելի քան 40 դպրոցականներ ուժերը փորձեցին միջազգային գրոսմայստերներ Արտաշես Մինասյանի ու Հրայր Սիմոնյանի հետ։

«Շատ հաճելի է, որ Երեւանի օրվա կապակցությամբ քաղաքապետարանը կազմակերպել է նաեւ շախմատային սեանս երեխաների մասնակցությամբ։ Սա լավ հնարավորություն է երեխաների համար հանդիպելու միջազգային գրոսմայստերների հետ, խաղալու, փորձ ձեռք բերելու, ապագայում մասնագիտությունը ընտրելու հարցում։ Կրկնակի հաճելի է երբ երեխաների հետ հանդիպումն անցկացվում է հենց այսօր՝ Երեւանի տոնին։ Շնորհավորում եմ ամբողջ հայությանը, երեւանցիներին՝ Երեւանի տոնի կապակցությամբ։ Ես շատ քաղաքներում եմ եղել եւ ինձ համար Երեւանն ամենասիրուն քաղաքներից մեկն է։ Կուզենայի, որ այն հետագայում նույնպես բարգավաճեր, էլ ավելի գեղեցկանար, դառնար ավելի հյուրասեր, հետաքրքիր ոչ միայն մեր հայերի, այլ նաեւ մեր հյուրերի համար»,- ասաց Արտաշես Մինասյանը։

Գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը ցանկություն հայտնեց, որ շախմատային սեանսները փոքրիկ շախմատիստների հետ հաճախակի լինեն, ոչ միայն տոնական օրերին։

«Այսպիսի սեանսները հաճելի շփման միջոց են գրոսմայստերի հետ, իսկ ինձ համար՝ երեխաների հետ։ Տեսնում են, թե ինչպես պետք է խաղալ, սովորում են ճիշտ քայլեր անել։ Ավելի շատ ուսուցողական է։ Լավ նախաձեռնություն է եւ հաճելի կլիներ, որ փոքրիկ շախմատիստների հետ հանդիպումները հաճախակի կազմակերպվեին»,- նշեց Հրայր Սիմոնյանը։

Շախմատային սեանսին մասնակցում էին մինչեւ 14 տարեկան դպրոցականներ՝ Երեւանի տարբեր դպրոցներից՝ շուրջ 40 երեխա։

Երեւանը տոնում է ծննդյան 2798-ամյակը։ «Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության շրջանակում Երեւանում ամբողջ օրն անցկացվում է «Երեւան՝ արեւի քաղաք» խորագրով միջոցառումների շարք։ Անցկացվում են նաեւ մարզական միջոցառումներ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով