18:42  +04,  8 հոկտեմբերի, 2016

Պարալիմպիկ մարզիկներ. Մենք էլ ենք հասարակության լիարժեք անդամ եւ բոլորի նման նշում ենք մեր սիրելի Երեւանի տոնը (ֆոտո)

Մասնակցությունը Երեւանի տոնին հնարավորություն է՝ հայերին, երեւանցիներին ասել, որ մենք էլ ենք հասարակության լիարժեք անդամ եւ բոլորի նման կարող ենք նշել եւ նշում ենք մեր սիրելի քաղաքի տոնը։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պարալիմպիկ լողորդ, Ռիո-2016 Պարալիմպիկ խաղերի մասնակից Մարգարիտա Հովակիմյանը, ով «Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության շրջանակում մասնակցեց մարզական միջոցառմանը։

Երեւանը տոնում է ծննդյան 2798-ամյակը։ «Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության շրջանակում Երեւանում ամբողջ օրն անցկացվում է «Երեւան՝ արեւի քաղաք» խորագրով միջոցառումների շարք։ Անցկացվում են նաեւ մարզական միջոցառումներ, որոնք մեկնարկեցին պարալիմպիկ մարզիկների երթով։

Հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանի գլխավորությամբ Երեւանի «Փյունիկ» միության պարալիմպիկ մարզիկները Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնից սայլակների երթով շարժվեցին Հանրապետության հրապարակ, ապա Երեւանի քաղաքապետարան, որտեղ նրանց դիմավորեց Տարոն Մարգարյան:

Երեւանի քաղաքապետը շնորհավորեց պարալիմպիկ մարզիկներին Երեւանի տոնի կապակցությամբ եւ խոստացավ, որ քաղաքապետարանի ուշադրությունը միշտ կլինի հաշմանդամների խնդիրների վրա։

«Մենք միշտ ձեր կողքին ենք, միշտ համագործակցում ենք հաշմանդամների միության հետ։ Համոզված եղեք, որ դուք մեր ուշադրության կենտորոնում եք»,- ասաց Տարոն Մարգարյանը։

«Ամեն տարի մասնակցում ենք Երեւանի տոնին։ Սկզբում նախաձեռնությունը եւ առաջարկն իմն էր, որ պարալիմպիկ մարզիկներին եւս ընդգրկենք Երեւանի տոնի մարզական միջոցառումների շարքում։ Հետո արդեն քաղաքապետարանը մեզ հրավիրում է եւ սիրով մեր մասնակցությունն ենք ունենում երթի տեսքով։ Մենք բոլորս մեզ համարում ենք Երեւանի բնակիչ եւ մարզիկները, ինչպես նաեւ ես կարեւորում ենք նման միջոցառումներին մեր մասնակցությունն ունենալը։ Երթին մասնակցում են տարբեր մարզաձեւերի 10 մարզիկներ։ Այստեղ է նաեւ Ռիո-2016 Պարալիմպիկ խաղերի մասնակից Մարգարիտա Հովակիմյանը։ Գրետա Վարդանյանն, ով զբաղեցրեց 5-րդ տեղը Ռիոյում, առողջական խնդիր ուներ, այդ պատճառով չմիացավ տոնին»,- նշեց Հակոբ Աբրահամյանը։

Լողորդ Մարգարիտա Հովակիմյանն արդեն չորրորդ անգամ է մասնակցում Երեւանի օրվան նվիրված տոնակատարություններին։

«Ինձ համար նման միջոցառումներին մասնակցելը մեծ նշանակություն ունի: Սա հնարավորություն է հասարակությանը, հայերին երթով ասել, որ մենք հասարակության լիարժեք անդամ ենք եւ ինչպես բոլորը, այնպես էլ մենք բաց չենք թողնում Երեւանի տոնը, մասնակցում ենք տոնակատարություններին։ Շատ եմ սիրում Երեւանը, չեմ կարող առանձնացնել մի վայր, որն ավելի շատ եմ սիրում, քաղաքի բոլոր անկյունները սիրում եմ»,- նշեց մարզուհին։

Մեկ այլ մարզուհի՝ Գոհար Նավասարդյանը, նույնպես կարեւորեց տոներին ֆիզիական խնդիր ունեցողների մասնակցությունը։

«Երեւանի տոնին մասնակցելը ցանկացած հայի ու երեւանցու համար կարեւոր է, քանի որ սա մեր մայրաքաղաքի տոնն է: Իսկ երբ ունենում ես ֆիզիկական խնդիր ու տոնին մասնակցում ես որպես հասարակության անբաժանելի մասնիկ, մեծ ուրախություն է»,- շեշտեց մարզուհին։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով