01:30  ,  7 հոկտեմբերի, 2016

Հայկական բասկետբոլի վերադարձը

Հայ երկրպագուները կրկին հնարավորություն ունեն «լցնել» բասկետբոլի մարզադահլիճների տրիբունաները: Այդ հնարավորությունը հայ երկրպագուներին վերադարձրեց բասկետբոլի տղամարդանց Երեւանի «Ուրարտու» թիմը, որը Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի, ակումբի ղեկավարության ջանքերով հայկական բասկետբոլի պատմության մեջ առաջին անգամ մասնակցում է Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի կանոնավոր առաջնությանը:

Երեւանյան ակումբի առաջին մրցակիցը ռուսական «Ռյազան» թիմն էր, որին ընդունեց Երեւանի «Դինամո» մարզապալատում: Մեկնարկային խաղը հաջող չստացվեց Երեւանի թիմի համար. Տիգրան Գյոկչյանի գլխավորած թիմը լրացուցիչ ժամանակում պարտություն կրեց 89:93 հաշվով: Խաղն ընդհանուր գերլարված ու հետաքրքիր անցավ:

Առաջին անգամ նորանկախ Հայաստանի երկրպագուները մեծ ոգեւորությամբ ու սպասումներով եկել էին տղամարդկանց բասկետբոլ դիտելու: «Դինամո» մարզապալատի տրիբունաներն ամբողջությամբ լիքն էին: Ի դեպ, հանդիպման տոմսերը վաճառքի էին հանվել ընդամենը մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 5-ին: Տրիբունաների անկյուններում ծածանվում էր հայոց եռագույնը, երկրպագուները անդադար վանկարկում էին «Ուրարտու», «Հայաստան», մրցակցի զամբյուղում գնդակի ամեն հայտնվելուց «պայթեցնում» տրիբունաները ծափերով, գոռում-գոչյուններով: Իսկ երբ մրցակիցն էր նախաձեռնությունը վերցնում իր ձեռքն ու կազմակերպում հերթական գրոհը, երկրպագուները սուլում էին: Երկրպագուներից բացի «Ուրարտուի» բասկետբոլիսներին ոգեւորում էին նաեւ աղջիկների աջակցման խումբը:

Խաղը մեկնարկեց Ռուսաստանի եւ Հայաստանի օրհներգերով: Տիգրան Գյոկչյանի գլխավորած թիմը խաղը սկսեց լավ նախաձեռնությամբ: Առաջին քառորդի վերջնամասում, սակայն, զիջեց դիրքերը մրցակցի նկատմամբ եւ քառորդն ավարտեց պարտությամբ՝ 20-22 հաշվով: Հենց խաղի մեկնարկային քառորդում ակտիվությամբ եւ լավ գրոհներով աչքի ընկավ թիմի ավագ Ամիրան Ամիրխանովը: Նա փորձեց խաղը վերցնել իր վրա, սակայն ռուս բասկետբոլիստների պաշտպաններն ամեն ինչ արեցին, որ «Ուրարտուն» չավելացնի հաշիվը:

Երկրորդ քառորդում Երեւանի թիմը լիարժեք տիրեց խաղին, ուղղակի հնարավորություն չտալով «Ռյազանի» խաղացողներին: Այդ խաղափուլում «Ուրարտուի» կազմում մասնավորապես աչքի ընկավ սեւամորթ Թերի Սմիթն իր 3 միավորանոց նետումներով: Երեւանի թիմի խաղացողի վտանգավոր գրոհների եւ միավորներ վաստակելու արդյունքում «Ուրարտուն» քառորդը եզրափակեց 6 միավորի առավելությամբ ՝ 40:34 հաշվով:

Երրորդ քառորդում Երեւանի թիմի խաղը շարունակում էր մնալ վտանգավոր, բայց մրցակիցը սթափվեց երկրորդ քառորդի պարտությունից հետո եւ սկսեց վերադարձնել կորցրած միավորները: Բայց միավորներով կրկին զիջեցին՝ բավարարվելով 61:57 հաշվով:

Վերջին քառորդն ամենալարվածն էր ու հետաքրքիրը: Երկու թիմերի խաղացողները գերլարված խաղ ցուցադրեցին պարբերաբար միավորներ կորզելով միմյանցից: Խաղն ընթանում էր հավասար, թիմերից ոչ մեկը չէր ցանկանում պարտվողի դերում լինել: «Ռյազանի» մարզիչը պարբերաբար փոխարինում էր բասկետբոլիստներին, իսկ Տիգրան Գյոկչյանը միայն խորհուրդներով էր փորձում օգտակար լինել իր թիմին, քանի որ պահեստային չուներ: Վերջին քառորդն ավարտվեց հավասար հաշվով՝ 82:82: Նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որի ընացքում հայ բասկետբոլիստները դիմադրել չկարողացան՝ 7:11:

Երկրպագուները տխուր հեռացան բասկետբոլի մարզապալատից, բայց դուրս գալու ճանապարհին բոլորի շուրթերիս հնչում էին միայն հիացմունքի խոսքեր, թե որքան լավ էին խաղում մերոնք, որքան հետաքրքիր էր... Նրանցից մեկն անգամ կատակեց, թե ֆուտբոլի Հայաստանի հավաքականը, տեսնելով նման երկրպագություն, կնախանձի «Ուրարտուին»:

Հանդիպումից տպավորված էին ոչ միայն երկրպագուները, հանդիսատեսը, այլ նաեւ լրագրողները, որոնց իր ինքնագնահատականով զայրացրեց Ռյազանի թիմի մարզիչ Դենիս Տիմակովը: Նա ճեպազրույցի ընթացքում կարծիք հայտնեց, որ հայերը երկրպագում էին ռուսներին. «Եվ շատ ճիշտ էին անում, նրանք գիտեին՝ ում արժի երկրպագել, ով է ուժեղագույնը»:

Հոկտեմբերի 9-ին «Ուրարտուն» կընդունի «Սամարային»: Հանդիպումը կմեկնարկի 19:00-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով