18:38  ,  6 հոկտեմբերի, 2016

Փաշիկ Ալավերդյան. Հայաստանին որակազրկում չի սպառնում

Ոչ մի որակազրկում էլ մեր երկրին չի սպառնում: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը՝ մեկնաբանելով Նորայր Վարդանյանին մրցումների մասնակցելու իրավունքից ժամանակավորապես զրկելու մասին միջազգային ֆեդերացիայի հայտարարությունը:

Հայաստանի հավաքականը ներկայացրած Նորայր Վարդանյանի 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերում հանձնած դոպինգ թեստը եղել է դրական՝ արգելված խթանիչի օգտագործում։

«Միջազգային կայքում չկա գրած, որ Հայատանին սպառնում է մեկ տարի որակազրկում, որակազրկման եզրին է կանգնած Հայաստանը:

Այն հին մարզիկները, «պառավ», ովքեր ցանկանում էին, փորձում էին նորից մասնակցել Օլիմպիական խաղերին, դիմում են ներկայացնում եւ բացվում են նրանց մեզի անալիզները: Ոչ արյան, այլ մեզի անալիզները: Օրինակ՝ Տիգրան Մարտիրոսյանի՝ Պեկին-2008-ի անալիզները բացեցին, պարզվեց կեղտոտ է: Բայց նրան չորակազրկեցին, ոչինչ չարեցին, նրան միայն զրկեցին մասնակցելու իրավունքից: Հետո թե ինչ ընթացք կլինի, պարզ չէ: Մեդալից էլ դեռ չեն զրկել, որովհհետեւ մեդալների ցուցակում նրա անունը կա. Տիգրան Մարտիրոսյան՝ 3-րդ տեղ: Հռիփսիմե Խուրշուդյանինն էլ բացեցին, դոպինգ գտան, պարզվեց դա էլ է կեղտոտ ու նորից զրկեցին մասնակցության իրավուքից: Հիմա էլ Նորիկ Վարդանյանինն է. ցանկանում էր ԱՄՆ-ից մասնակցել: Հայտավորված էր, դրա հաար էլ նրանն էլ էին բացել: Ումն էլ բացեն, բոլորն էլ նույն պատմության առաջ են կանգնելու:

Թիմի որակազրկման մասին խոսք չկա: Եթե լիներ, ապա 2013 թվականին Հայաստանի թիմից 8 մարզիկ ունեինք բռնված, ընդամենը 400 հազար դոլար տուգանվեցինք, դա վճարեցին Գագիկ Ծառուկյանն ու ֆեդերացիայի նախագահը, ու մենք մասնակցեցինք Ռիո-2016-ին: Բա ինչի չզրկվեց թիմը այդ ժամանակ:

Թիմին ոչ մի պարագայում էլ չեն որակազրկում: Թիմը մեկ տարով կարող է որակազրկվել միայն տուգանքները չմուծելու դեպքում մեկ տարվա ընթացքում: Եթե մեկ տարվա ընթացքում երեք դոպինգի համար նախատեսված 50 հազար դոլարը չես մուծում, մեկ տարով որակազրկում են: Հիմա մենք տուգանք չունենք մուծելու, քանի որ 2008-ի եւ 2012-ի համար մեզ ոչ ոք չի կարող տուգանել, որովհետեւ դեռեւս պարզ չէ, թե ինչ կկիրառվի դոպինգ բռնված մեր մարզիկների համար»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ հակադոպինգային կանոնադրությունը խախտելու համար մրցումների մասնակցելու իրավունքից ժամանակավորապես զրկված են նաեւ ծանրորդներ Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Տիգրան Գ. Մարտիրոսյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով