18:16  ,  4 հոկտեմբերի, 2016

Արթուր Ոսկանյան. «Բանանցը» միշտ պետք է պայքարի ամենաբարձր տեղերի համար

«Բանանցը» միշտ պետք է պայքարի ամենաբարձր տեղերի համար եւ վատագույն արդյունքը պետք է լինի երկրորդ կամ երրորդ տեղը, ասել է երեւանյան ֆուտբոլային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը:

«Երկար տարիներ է աշխատում եմ «Բանանցում», եղել եմ գլխավոր մարզիչի օգնական, վերջին երկու-երեք տարիներին աշխատել եմ «Բանանց-2»-ում ու լավ եմ հասկանում, թե ինչ պատասխանատվություն է դա: Կարծում եմ, որ «Բանանցը» Հայաստանի լավագույն ակումբն է՝ իր պայմաններով եւ մանկապատանեկան դպրոցով: «Բանանցը» միշտ պետք է պայքարի ամենաբարձր տեղերի համար եւ վատագույն արդյունքը պետք է լինի երկրորդ կամ երրորդ տեղը:

«Բանանց-2»-ում ինչ-որ արդյունքի հասել ենք թիմային ֆուտբոլի հաշվին: Նույն կերպ պետք է ձգտենք, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստները եթե ոչ այսօր, ապա արդեն վաղը համալրեն «Բանանցի» շարքերը: Պետք է ձգտենք, որ նույն թիմային ֆուտբոլը, որը խաղում է «Բանանց-2»-ը, խաղա նաեւ «Բանանցը»:

Փոփոխություններ կլինեն, բայց պետք է հաշվի առնենք, որ «Բանանցում» արդեն կան ֆուտբոլիստներ, ովքեր կունենան իրենց հնարավորությունը: Հետագայում արդեն, ելնելով ակումբի փիլիսոփայությունից, կգերակշռեն հայ երիտասարդ ֆուտբոլիստները: Ակումբի ղեկավարության հետ առաջին զրույցը եղել է հենց այդ մասին. ամենակարեւորն է, որ թիմում գերակշռեն երիտասարդ հայ ֆուտբոլիստները: Դա տեղի կունենա ոչ շատ արագ, ոչ հենց այսօր, սակայն արդեն ձմռանը «Բանանց-2»-ի շատ ֆուտբոլիստներ կհամալրեն «Բանանցը»:

«Բանանց-2»-ը չի անտեսվելու, այն հանդիսանում է «Բանանցի» ամենակարեւոր մատակարարը եւ շարունակելու ենք մեծ ուշադրություն դարձնել այդ թիմին»,- Արթուր Ոսկանյանի խոսքն է մեջբերում «Բանանցի» կայքը:

Հիշեցնենք, որ «Բանանցի» ղեկավարությունն ու թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն հոկետմբերի 3-ին փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հեռացել են նաեւ նրա մարզչական շտաբի իսպանացի մասնագետները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News