Շատ ուրախ եմ հաղթանակիս համար: Վերջապես, Աստծո կամքով, ոսկին նվաճեցի: Չեմ կարծում, որ իմ ոսկե մեդալով թիմին փրկեցի, որովհետեւ մեր թիմը փրկվելու կարիք չունի: Ամբողջ աշխարհը գիտի, թե հունահռոմեական նաեւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները որքան հզոր են: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմի բոլոր տղաներին: Ամեն մեկն իր լուման ունի էս հաղթանակում: Սա բոլորիս հաղթանակն է:
Այս մասին «Զվարթնոցում» ասաց աշխարհի նորընծա չեմպիոն, 2024 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, 31-ամյա Կարեն Ասլանյանը:
Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Կարեն Ասլանյանը նախորդ գիշեր Հայաստանի թիմի հետ Աստանայից վերադարձել է հայրենիք:
«Այս աշխարհի առաջնությունում ավելի սառնասիրտ է, հանգիստ եւ հավաքված: Շատ լավ աշխատանք էինք տարել թիմով, որն իր արդյունքը տվեց:
Գոտեմարտերից առաջ իմ առջեւ նպատակ չէի դնում արագ վերջացնել: Դուրս էի գալիս իմ գործն անելու, շատ հանգիստ եւ առանց ավելորդ մտքերի, ինչպես ամեն անգամ լինում էր: Շատ հանգիստ էի: Այսկերպ ավելի լավ ստացվեց: Վերջապես, Աստծո կամքով, ոսկին նվաճեցի:
Եզրափակիչում հաղթելուց հետո գիտակցում էի, որ դարձա աշխարհի չեմպիոն: Էմոցիաներս շատ մեծ էին, լիարժեք հոգեբանորեն բավարարված էի ինձ զգում, քանի որ իմ այսքան տարիների աշխատանքն ասես գնահատվեց այս ոսկե մեդալով:
Մեր թիմը շատ մեծ աշխատանք էր տարել աշխարհի առաջնությունից առաջ: Գորգի վրա կարողանում էի լսել մարզիչներին եւ անել այն, ինչ մշակել էինք հավաքների մարզումների ընթացքում:
Չեմ կարծում եւ չեմ կարող ոչ մի դեպքում ասել, որ իմ ոսկե մեդալով թիմին փրկեցի: Չեմ համարում, որ մեր թիմը փրկվելու կարիք ունի, որովհետեւ ամբողջ աշխարհը գիտի, թե հունահռոմեական նաեւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները որքան հզոր են: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմի բոլոր տղաներին: Ամեն մեկն իր լուման ունի այս հաղթանակում: Մրցավայրում բոլորս միմյանց օգնում էինք, նույն Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը. շատ ենք օգնել իրար: Սա բոլորիս հաղթանակն է եւ սա սպորտ է. մի օր մեկը պարտվում է, մյուսը հաղթում: Թիմի փրկվելու մասին խոսք չի կարող լինել: Բոլորը գիտեն Մալխասի ուժը. նա աշխարհի ամենակայուն ըմբիշներից մեկն է:
Ինչ վերաբերում է մրցակիցներիս եւ մրցակցությանը, բոլորի հետ առաջին անգամ էի գոտեմարտում, բացառությամբ եզրափակիչի մրցակցի՝ ադրբեջանցուց: Նրան գորգում հանդիպել էի 2024 թ. աշխարհի առաջնությունում եւ պարտվել: Այստեղ ռեւանշը ստացվեց:
Բոլորն էլ արժանի մրցակիցներ էին: Կիսաեզրափակիչում Էդմոնդ Նազարյանի հետ գոտեմարտը բարդ ստացվեց, քանի որ մենք նաեւ մտերիմ ընկերներ ենք: Այս պարագայում ավելի է բարդանում պայքարը, բայց երկուսս էլ հասուն մարդիկ ենք եւ հասկանում ենք, որ մրցագորգում այդ 6 րոպեների ընթացքում պետք է գոտեմարտենք եւ դրանից հետո ոչինչ չի կարող փոխվել մեր հարաբերություններում: Կիսաեզրափակիչից հետո զրուցեցինք, միմյանց խորհուրդներ տվեցինք հաջորդ գոտեմարտերի համար»,- ասաց Կարեն Ասլանյանը:
Հիշեցնենք, որ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Կարեն Ասլանյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը: 63 կգ քաշայինների եզրափակիչում Ասլանյանը գոտեմարտեց 2024 թ. աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ադրբեջանցի Նիհադ Զահիդ Մամադլիի հետ եւ հաղթեց 8:4 հաշվով:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:10 , 29 հոկտեմբերի 
08:35 , 29 հոկտեմբերի 
07:40 , 29 հոկտեմբերի
02:16 , 29 հոկտեմբերի
01:57 , 29 հոկտեմբերի
01:51 , 29 հոկտեմբերի
01:39 , 29 հոկտեմբերի 
23:58 , 28 հոկտեմբերի 
23:25 , 28 հոկտեմբերի
22:16 , 28 հոկտեմբերի