18:22  ,  2 հոկտեմբերի, 2016

Հայաստանում Չեխիայի դեսպանը՝ գոլֆի մրցաշարի հաղթող (ֆոտոշարք)

Երեւանի «Արարատ» գոլֆի ակումբի անդամները հոկտեմբերի 2-ին պայքարեցին առաջին անգամ անցկավցող Վահագն Հովնանյանի անվան հուշամրցաշարի հաղթողի կոչման համար: 

Ակումբի տնօրեն Նինա Հովնանյանի նախաձեռնությամբ անցկացված մրցաշարին մասնակցում էին 13 գոլֆիստներ: Հաղթողի կոչումը նվաճեց Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան, երկրորդ տեղը գրավեց Կարեն Հովհաննիսյանը, իսկ երրորդը Նուշիկ Գեւորգյանն էր:

Նինա Հովնանյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց հուշամրցաշարի մտահղացման, նպատակի եւ Հայաստանում գոլֆ մարզաձեւը զարգացնելու նպատակների մասին:

«Ինչպես գիտեք, Հայաստանում եւ ամբողջ Կավկասում ամենամեծ գոլֆի ակումբը հիմնադրել է հայրս՝ Վահագն Հովնանյանը: Նա հայտնի էր որպես բոլոր տեսակի մարզաձեւերի սիրահար եւ զարգացման մեծ ջատագով: Նա մեծ եռանդով մասնակցում էր շատ մրցաշարերի՝ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ խաղացողի կարգավիճակում: Սակայն նրա սերը գոլֆի նկատմամբ անսահման էր: Ինչպես նա էր սիրում ասել, գոլֆը ջենթլմենների խաղն է, ամենաքաղաքակիրթը, որը պահանջում է ֆիզիկական հմտություններ, համբերություն, խելք եւ հումորի զգացում: Հայրս ասում էր՝ գոլֆ խաղալիս դու մարտահրավեր ես նետում ոչ միայն քո մրցակիցներին, այլեւ՝ ինքդ քեզ: Գոլֆի հանդեպ տածած նրա սերը մոտ 20 տարի առաջ ստիպեց նրան գոլֆը բերել Հայաստան:  Վահագնի թաղամասի կառուցապատումը սկսելուց առաջ, Վահագ Հովնանյանը սկսեց «Արարատ Վելլի» ակումբի կառուցումը՝ իր առաջին ֆինանսական ներդրումը ուղղելով հենց այդ ուղղությամբ: Նա կարողացավ համատեղել իր երկու նախասիրությունները՝ Հայաստանն ու գոլֆը: Նրա սերը մարզաձեւի նկատմամբ, նրա ձգտումը՝ մարզաձեւը Հայաստանում զարգացնելու շարունակական է լինելու նրանից հետո: Ես որոշեցի նախաձեռնել մի հուշամրցաշար, որը կնվիրվի հորս հիշատակին եւ այսուհետ «Արարատ» գոլֆի ակումբում ամեն տարվա աշնանը կկազմակերպվի գոլֆի հուշամրցաշար: Այս կերպ մենք եւս մեկ անգամ կհարգենք նրա հիշատակն ու նվիրումը այդ մարզաձեւին: Ցանկանում եմ, որ Վահագն Հովնանյանի անվան հուշամրցաշարը բարեգործական լինի»,- ասաց Նինա Հովնանյանը:

Գոլֆի ակումբի տնօրենի խոսքով՝ մարզաձեւն արդեն մասսայականացել եւ սիրված է հայ հասարակության կողմից, բայց այն՝ որպես սպորտ, զարգացնալու եւ աճելու տեղ ունի, ինչին նպաստելու համար ակումբում գործում է պատանիների գոլֆի դպրոց:

«Ես ուրախ եմ, որ այս մարզաձեւն արդեն սիրվել է հայ հասարակության կողմից: Մեզ մոտ միայն գոլֆի սիրահարները չեն գալիս: Սկզբում մեր այցելուները միայն դեսպաններ էին: Հիմա արդեն լուրջ մարզումներ են անցկացվում, ունենք մի շարք մրցաշարեր՝ Երեւանի Գավաթ, Վահագնի Գավաթ, Դեսպանների մրցաշար եւ ավելացավ նաեւ այս մրցաշարը: Մեր ակումբն ընդգրկված է եվրոպական ֆեդերացիայի մեջ, մեր մարզիկները մասնակցում են միջազգային մրցաշարերի: Բայց մարզաձեւը զարգացնելու ուղղությամբ շատ աշխատանքներ ունենք: Ունենք նաեւ դպրոց փոքրերի համար: Ցանկանում եմ այնպես անել, որ այս մարզաձեւը մտնի հայ մանուկների արյան մեջ: Ընտրելով գոլֆ՝ նրանք հնարավորություն կունենան մինչեւ խոր ծերություն զբաղվել իրենց նախընտրած մարզաձեւով, քանի որ գոլֆը տարիք չի ճանաչում»,- ասաց Նինա Հովնայնանը

«Արարատ» ակումբում գոլֆ խաղալու մեկ ժամի արժեքը 3 հազար դրամ է: Իսկ ակումբի ուժեղագույն խաղացողները, ովքեր ներկայացնում են Հայաստանը միջազգային մրցումներում, մարզվում են անվճար:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում