18:22 2 հոկտեմբերի, 2016Երեւանի «Արարատ» գոլֆի ակումբի անդամները հոկտեմբերի 2-ին պայքարեցին առաջին անգամ անցկավցող Վահագն Հովնանյանի անվան հուշամրցաշարի հաղթողի կոչման համար:
Ակումբի տնօրեն Նինա Հովնանյանի նախաձեռնությամբ անցկացված մրցաշարին մասնակցում էին 13 գոլֆիստներ: Հաղթողի կոչումը նվաճեց Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան, երկրորդ տեղը գրավեց Կարեն Հովհաննիսյանը, իսկ երրորդը Նուշիկ Գեւորգյանն էր:
Նինա Հովնանյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց հուշամրցաշարի մտահղացման, նպատակի եւ Հայաստանում գոլֆ մարզաձեւը զարգացնելու նպատակների մասին:
«Ինչպես գիտեք, Հայաստանում եւ ամբողջ Կավկասում ամենամեծ գոլֆի ակումբը հիմնադրել է հայրս՝ Վահագն Հովնանյանը: Նա հայտնի էր որպես բոլոր տեսակի մարզաձեւերի սիրահար եւ զարգացման մեծ ջատագով: Նա մեծ եռանդով մասնակցում էր շատ մրցաշարերի՝ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ խաղացողի կարգավիճակում: Սակայն նրա սերը գոլֆի նկատմամբ անսահման էր: Ինչպես նա էր սիրում ասել, գոլֆը ջենթլմենների խաղն է, ամենաքաղաքակիրթը, որը պահանջում է ֆիզիկական հմտություններ, համբերություն, խելք եւ հումորի զգացում: Հայրս ասում էր՝ գոլֆ խաղալիս դու մարտահրավեր ես նետում ոչ միայն քո մրցակիցներին, այլեւ՝ ինքդ քեզ: Գոլֆի հանդեպ տածած նրա սերը մոտ 20 տարի առաջ ստիպեց նրան գոլֆը բերել Հայաստան: Վահագնի թաղամասի կառուցապատումը սկսելուց առաջ, Վահագ Հովնանյանը սկսեց «Արարատ Վելլի» ակումբի կառուցումը՝ իր առաջին ֆինանսական ներդրումը ուղղելով հենց այդ ուղղությամբ: Նա կարողացավ համատեղել իր երկու նախասիրությունները՝ Հայաստանն ու գոլֆը: Նրա սերը մարզաձեւի նկատմամբ, նրա ձգտումը՝ մարզաձեւը Հայաստանում զարգացնելու շարունակական է լինելու նրանից հետո: Ես որոշեցի նախաձեռնել մի հուշամրցաշար, որը կնվիրվի հորս հիշատակին եւ այսուհետ «Արարատ» գոլֆի ակումբում ամեն տարվա աշնանը կկազմակերպվի գոլֆի հուշամրցաշար: Այս կերպ մենք եւս մեկ անգամ կհարգենք նրա հիշատակն ու նվիրումը այդ մարզաձեւին: Ցանկանում եմ, որ Վահագն Հովնանյանի անվան հուշամրցաշարը բարեգործական լինի»,- ասաց Նինա Հովնանյանը:
Գոլֆի ակումբի տնօրենի խոսքով՝ մարզաձեւն արդեն մասսայականացել եւ սիրված է հայ հասարակության կողմից, բայց այն՝ որպես սպորտ, զարգացնալու եւ աճելու տեղ ունի, ինչին նպաստելու համար ակումբում գործում է պատանիների գոլֆի դպրոց:
«Ես ուրախ եմ, որ այս մարզաձեւն արդեն սիրվել է հայ հասարակության կողմից: Մեզ մոտ միայն գոլֆի սիրահարները չեն գալիս: Սկզբում մեր այցելուները միայն դեսպաններ էին: Հիմա արդեն լուրջ մարզումներ են անցկացվում, ունենք մի շարք մրցաշարեր՝ Երեւանի Գավաթ, Վահագնի Գավաթ, Դեսպանների մրցաշար եւ ավելացավ նաեւ այս մրցաշարը: Մեր ակումբն ընդգրկված է եվրոպական ֆեդերացիայի մեջ, մեր մարզիկները մասնակցում են միջազգային մրցաշարերի: Բայց մարզաձեւը զարգացնելու ուղղությամբ շատ աշխատանքներ ունենք: Ունենք նաեւ դպրոց փոքրերի համար: Ցանկանում եմ այնպես անել, որ այս մարզաձեւը մտնի հայ մանուկների արյան մեջ: Ընտրելով գոլֆ՝ նրանք հնարավորություն կունենան մինչեւ խոր ծերություն զբաղվել իրենց նախընտրած մարզաձեւով, քանի որ գոլֆը տարիք չի ճանաչում»,- ասաց Նինա Հովնայնանը
«Արարատ» ակումբում գոլֆ խաղալու մեկ ժամի արժեքը 3 հազար դրամ է: Իսկ ակումբի ուժեղագույն խաղացողները, ովքեր ներկայացնում են Հայաստանը միջազգային մրցումներում, մարզվում են անվճար:
Լուսինե Շահբազյան













The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.