00:07  +04,  1 հոկտեմբերի, 2016

Վահե Ավետիսյան. Մեդալներ չունենք, բայց դա չի նշանակում, որ թենիսն անուշադրության է մատնված (ֆոտո)

Պետությունը կամ հովանավորները ֆինանսավորում են մեդալներ բերող մարզաձեւերը, իսկ թենիսում մենք աշխարհի, Եվրոպայի առաջնություններից չունենք մեդալներ: Բայց դա չի նշանակում՝ թենիսն անուշադրության է մատնված: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց թենիսի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանը: Երեւանի «Արարատ» ակումբի կորտերում մեկնարկել է թենիսի Հայաստանի մեծահասակների եւ պատանիների առաջնությունը: Երկու շաբաթների ընթացքում Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու են 10, 12, 14, 16 եւ 17 ու բարձր տարիքային խմբերում 80-ից ավել թենիսիստներ:

«Մասնակիցներ ունենք Երեւանի տարբեր ակումբներից եւ Գյումրիից: Վանաձորից պետք է մասնակիցներ ունենայինք, բայց անհասկանալի պատճառներով չեն ներկայացել մրցումներին: Մասնակցում են մոտ 80 թենիսիստներ: Չեմպիոններին ֆեդերացիան հնարավորություն է տալիս ընդգրկվել ազգային հավաքականի թիմերում: Տարիների ընթացքում թե Հայաստանի առաջնությունը, թե միջազգային մրցաշարերին մասնակցությունը ցույց է տալիս, որ թենիսիստների շրջանում աճ եւ զարգացում գրանցում ենք: Տղաների Հայաստանի հավաքականն ընդգրկված է թենիսի երրորդ ենթախմբում, որտեղ խաղում են աշխարհի լավագույն 100-ի մեջ խաղացող թենիսիստներ:

Վերջին 3-4 տարիների ընթացքում հաստատուն գտնվում ենք 3-րդ ենթախմբում, վտանգ չունենք, որ դուրս կմնանք եւ կհայտնվենք 4-րդ ենթախմբում: Հաղթանակներ ենք տոնում, պարտություններ էլ ենք ունենում: Պատանիների համար 2016-ը շատ լավ տարի է. Եվա Ավետիսյանը Անթալիայում մասնակցեց Եվրոպայի մինչեւ 14 տարեկանների երկրորդ կարգի մրցաշարին եւ զբաղեցրեց 4-րդ տեղը: Այս արդյունքով նա ընդգրկվեց Եվրոպայի թիմում եւ Եվրոպական ֆեդերացիայի հաշվին, լիարժեք անվճար մասնակցել է 4 միջազգային մրցաշարի՝ 3-ը՝ Գերմանիայում եւ 1-ը՝ Բելգիայում: Պատանիների մեջ լավագույն 50-ի մեջ խաղացող ունենք՝ Արթուր Սողոյանը: Նա էլ է լավ արդյունքներ ցույց տալիս: Լավագույն 50-ի մեջ ունենք երկու հայ թենիսիստներ՝ Արթուր Սողոյանը եւ Եվա Ավետիսյանը, իսկ պատանիների համար սա հրաշալի արդյունք է»,- ասաց Վահե Ավետիսյանը:

Թենիսի Հայաստանի առաջնության հաղթողները հայտնի կդառնան հոկտեմբերի 13-ին:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով