23:39  ,  18 սեպտեմբերի, 2016

Արթուր Ալեքսանյանի անվան ըմբշամարտի մարզադպրոցը կնորոգվի միջազգային ստանդարտներով

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան ըմբշամարտի դպրոցը Գյումրիում կնորոգվի միջազգային ստանդարտներին համապատասխան:

Այդ մասին հայտարարել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Ռիոյի հայ մեդալակիր օլիմպիականների պարգեւատրության արարողության ժամանակ:

«Ես չափազանզ ուրախ եմ, որ 20 տարիների դադարից հետո մեր Արջը՝ Արթուր Ալեքսանյանը կարողացավ ջարդել սառույցն ու ոսկե մեդալը բերել: Դա պատմության մեջ արդեն գրած է: Մեր Արջուկը կարողացավ մեզ բոլորիս հաղթանակ, հպարտություն պարգեւել:

Արթուր ջան, դու հայ ազգի պարծանքն ես: Մենք պարծենում ենք քեզանով՝ առաջինը հայրդ, երկրորդը ես, հետո երկրի նախագահը, ֆեդերացիայի նախագահը եւ հետո նոր հայ ժողովուրդը:

Երբ դու երկրորդ անգամ դարձար աշխարհի չեմպիոն, Գյումրու մարզադպորցը անվանակոչեցինք քո անունով՝ Արթուր Ալեքսանյանի անվան: Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի հետ որոշել ենք վերանորոգել այդ դպրոցը միջազգային ստանդարտներին համապատասխան, որ այն դառնա ճանաչված ամբողջ աշխարհում: Ես ուզում եմ, որ այդ դպրոցը շատ օլիմպիական չեմպիոններ ունենա»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:

ՀԱՕԿ նախագահը մեկ անգամ եւս ասել է, որ Ռիոյում Հայաստանի օլիմպիական թիմը կարող էր ավելի շատ մեդալ նվաճել:

«Հայաստանի անկախության 25-րդ տոնակատարությունից առաջ մեր մարզիկները մեծ պարգեւ արեցին մեր անկախ Հայաստանին եւ մեզ: Բրազիլիայում կայացած Օլիմպիական խաղերում մեր մարզիկները կարողացան բարձր պահել անկախ Հայաստանի պատիվը եւ մեր ժողովրդի հեղինակությունը: Իհարկե, կարելի էր ավելի լավ մասնակցել, բայց ամենակարեւորը, որ կարողացանք 20 տարի անց կրկին նվաճել ոսկի, այսինքն՝ ոսկիներ եւ արծաթներ: Մեր օլիմպիական թիմն այս տարի շատ ուժեղ էր, եւ բոլորս սպասում էինք, որ մեդալները կարող էին ավելի շատ լինել: Մենք բոլորս ակնկալում էինք, որ մոտ 10 մեդալ պետք է լիներ,բաց կա սպորտային անհաջողություն: Ես չեմ ցանկանում շեշտը դնել այդ սպորտային անհաջողության վրա, բայց մենք լիարժեք մեդալների հավակնորդներ ունեինք՝ Հռիփսիմե Խուրշուդյանը, Տիգրան Մարտիրոսյանը, ովքեր չմասնակցեցին խաղերին: Մեջքի վնասվածքով մասնակցեց Նազիկ Ավդալյանը, նա նույնպես լիարժեք ոսկե մեդալի հավակնորդ էր, մարմնամարզությունից՝ Հարություն Մերդինյանը, ըմբիշներից Արսեն Ջուլֆալակյանը, ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը, հրաձիգ Հրաչյա Բաբայանը: Այս մարզիկները լիարժեք մեդալների հավակնորդներ էին, բայց ցավոք վնասվածքներ ու անհաջողություններ եղան:

Մենք ունեինք շատ լավ թիմ, պատրաստված թիմ: Ունենք մարզիկներ, ովքեր աշխարհի մակարդակով շատ ուժեղ են եւ պատրաստված: Դեռ ավելի ենք ուժեղանալու: Այսօր ունենք երիտասարդ նոր սերունդ, ովքեր շարունակելու են մեր բարի ավանդույթները: Վստահ կարող եմ ասել, որ հայկական սպորտում մեծ աշխատանք է կատարված եւ դրանում իր մեծ լուման ունի մեր պետությունը: Դիմելով մեր նախագահին ցանկացած հարցով, ես գիտեմ, որ անմիջապես այդ խնդիրները կարգավորվելու են՝ ինչ հարց էլ որ լինի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դրամական պարգեւներ հանձնեց Ռիո-2016-ի մեդալակիրների մարզիչների, հավաքականների գլխավոր մարզիչներին: 10-ական միլիոն դրամներ ստացան հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, հավաքականի մարզիչ, Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ եւ հայր Գեւորգ Ալեքսանյանը, ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը չորս սենյականոց բնակարան նվեր ստացավ, ծանրամարտի հավաքականի երկրորդ մարզիչ, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանի անձնական մարզիչ Վիգեն Խաչատրյանը պարգեւատրվեց 5 միլիոն դրամով, անձնական մարզիչներ Արտուշ եւ Աշոտ Փիլոսյանները եւս պարգեւատրվեցին 5-ական միլիոն դրամներով:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով