14:49  ,  13 սեպտեմբերի, 2016

Հայաստանի մաս-ռեսթլինգի ֆեդերացիայի նախագահ. Քոչվորների խաղերի մրցումներին չենք մասնակցել, հյուր ենք եղել բացման շքերթին (ֆոտո)

Մենք չենք մասնակցել քոչվորների խաղերին: Ինֆորմացիան այնքան սխալ ու չճշտված է եղել, որ նույնիսկ Հռիփսիմե Խուրշուդյանն է ներկայացված եղել որպես քոչվորների խաղերի մասնակից, այն էլ մաս-ռեսթլինգ մարզաձեւից: Նախքան մեզ «քոչվորներ» պիտակավորելը, լավ կլիներ իրականությունը պարզել, այլ ոչ թե հետեւել ադրբեջանական լրատվամիջոցների հերյուրանքին:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի մաս-ռեսթլինգի ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանը:

Հայաստանի մաս-ռեսթլինգի ֆեդերացիայի մարզիկները սեպտեմբերի 3-8-ը Ղրղզստանում մասնակցել են մաս-ռեսթլինգի աշխարհի առաջնությանը՝ նվաճելով երեք մեդալ: Օրերս համացանցում հայտնվեցին տեսանյութեր, թե ինչպես են հայ մարզիկները Հայաստանի դրոշը պարզած մասնակցում Քոչվորիների համաշխարհային երկրորդ խաղերի բացման շքերթին: Ապա Հայաստանի սպորտի նախարարությունը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հանդես եկան հայտարարություններով, թե Հայաստանը հայտավորված չի եղել քոչվորների խաղերին եւ պաշտոնապես ընգրկված չի մասնակից երկրների ցանկում, եւ որ մի քանի մարզիկներ ինքնագլուխ գնացել եւ մասնակցել են քոչվորների մրցումներին:

Մաս-ռեսթլինգի ֆեդերացիայի նախագահը հերքում է քոչվորների խաղերին մասնակցելու լուրը, սակայն չի ժխտում, որ իրենք են եղել քոչվորների խաղերի բացման շքերթում Հայաստանի դրոշով քայլողները:

«Ղրղզստանում մենք մասնակցել ենք աշխարհի մաս-ռեսթլինգի առաջնությանը:  Այդ ժամանահատվածում  նույն երկրում, նույն վայրում եւ նույն համալիրում անցկացվեց նաեւ քոչվորների խաղերը: Եվ մեզ հրավիրեցին մասնակցել բացման շքերթին: Մենք էլ համաձայնեցինք: Մաս-ռեսթլինգի աշխարհի առաջնությունը սկսվել է ավելի շուտ քան քոչվորների խաղերը:

Այն, որ Հայաստանը մասնակցել է քոչվորների խաղերին մաս-ռեսթլինգի  մարզաձեւում, թյուրիմածություն է: Ուղղակի մեր առաջնությունը համընկավ քոչվորների խաղերի բացման հետ:

Ես փաստում եմ, որ բացման արարողությանը հայ մարզիկ եղել է, բայց որեւէ մրցման չի մասնակցել: Մեզ առաջարկել են բացման արարողությանը մասնակցել: Մենք էլ չենք հրաժարվել»,- նշեց ֆեդերացիայի նախագահը:

Արտավազդ Նալբանդյանի խոսքով՝ Հայաստանը հայտագրված չի եղել քոչվորների խաղերին եւ չի մասնակցել, այնուամենայնիվ մրցումների ինտերնետային կայքում Հայաստանը ներկայացվել է որպես մասնակից երկիր՝ 13 մարզիկներով: Ի դեպ նրանց թվում է եղել Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը, ով ներկայացվել է որպես մաս-ռեսթլինգի մարզուհի:

«Աշխարհի քոչվորների խաղերի կայքում բացման արարողությունից առաջ ներկայացված էր իրենց խաղերին հայտագրված Հայաստանի մարզիկների կազմը: Հայաստանի մասնակիցների ցանկը ներկայացված էր 13 մարզիկներով՝ այդ թվում եւ մեր հայտնի մարզուհի Հռիփսիմե Խուրշուդյանը: Այս բոլոր մարզիկները ներկայացված էին որպես մասռեսթլինգի մարզիկներ: Սա իսկապես աբսուրդ է, անհասկանալի ինչ-որ ինֆորմացիա, քանի որ մենք չենք մասնակցել քոչվորների խաղերին: Նույնիսկ ինֆորմացիան ճշտելու համար զանգեցի Հռիփսիմե Խուրշուդյանին: Նա խնդրեց ճշտել ինֆորմացիան, քանի որ արդեն բոլորն իրեն զանգում եւ հարցնում էին, թե այդ քոչվորների խաղերին է հայտագրված: Հռիփսիմեն ինձ ասաց, որ որեւէ հրավեր չի ստացել: Նրանց նշած ցանկի մարզիկներից որեւէ մեկը հրավեր կամ նամակ չի ստացել քոչվորների խաղերի կազմակերպիչներից: Սա եւս մի ինֆորմացիա էր դրսից եկող, որը խեղաթյուրում է իրականությունը: Ես այնտեղ անմիջապես հանել տվեցի իրենց կայքից այդ ցանկը: Քոչվորների խաղերի կազմակերպիչներն ներողություն խնդրեցին սխալ ինֆորմացիա իրենց կայքում տեղադրելու համար:

Իրականում ինֆորմացիայի խեղաթյուրված հոսքը եկավ ադրբեջանական կայքերից, որտեղ գրեցին, թե տեսեք՝ հայերն իրենց դրել են քոչվոր ազգերի տեղ եւ մասնակցում են քոչվորների խաղերին: Եթե մենք մասնակցած լինեինք այդ մրցմանը, ես որեւէ մեկից չէի վախենա եւ կգայի, կհայտարարեի, որ այո մենք մասնակցել են: Մենք միայն հյուր ենք եղել, մասնակցել ենք բացման շքերթին, այնպես ինչպես մասնակցել են խոշոր երկրների ներկայացուցիչներ, օրինակ, ԱՄՆ-ն եւ մի շարք այլ պետություններ: Ես չեմ կարծում, որ ԱՄն-ի մասնակիցները ովքեր այդ օրերին Ղրղզստանում էին մասռեսթլինգի աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով, քոչվորների խաղերի բացմանը որպես հյուր մասնակցելով իրենց երկրում «քոչվորի» պիտակավորում կստանան ինչպես մենք՝ այստեղ:

Քոչվորների խաղերի կազմակերպիչներից, Ղրղզստանի սպորտի նախարարությունից եւ տարբեր այլ կառույցներից խնդրել եմ մեր սպորտի նախարարությանը նամակ ուղարկել՝ բացատրելով, որ հայերը քոչվորների խաղերի բացմանը մասնակցել են որպես հյուր եւ չեն մասնակցել որեւէ մրցման:

Ես չեմ զլանա եւ դատական հայց կներկայացնեմ բոլոր այն լրատվամիջոցների դեմ, ովքեր փորձում են վարկաբեկել մեր մարզիկների, մեր ֆեդերացիայի անունը՝ մեզ պիտակավորելով որպես քոչվորներ, եթե առաջիկա երեք օրերի ընթացքում այդ նույն լրատվամիջոցները ներողություն եւ հերքումներով հանդես չգան»,- պարզաբանեց Արտավազդ Նալբանդյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով