21:18  +04,  4 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Միքայել Քոլոյան

NEWS.am Sport-ը ներկայացնում է 30-րդ ամառային Օլիմպիադայի խաղերում Հայաստանի 25 ներկայացուցիչներին։ Խաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 27-ին Լոնդոնում։
Միքայել Քոլոյան.լողորդ

Ծնվել է 1982 թվականին հունիսի 21-ին, Երեւանում:

Պրոֆեսիոնալ լողով սկսել է զբաղվել 1990 թվականից:

Միջազգային կարգի սպորտի վարպետ է, Անդրկովկասի լավագույն լողորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն եւ ռեկորդակիր:

2005 թվականին Մոսկվայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում 100 մետր ազատ ոճում 52,6 վայրկյան արդյունքով սահմանել է հանրապության նոր ռեկորդ:

2006 թվականին Հելսինկիում կայացած Եվրոպայի առաջնությունում սահմանել է Հայաստանի երեք ռեկորդ` 50 մետր՝  23.96 վայրկյան, 100 մետր՝ 51.55 վայրկյան, 200 մետր՝ 1:52.57 րոպե:

2007 թվականին Մոսկվայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում եւս երեք սահմանելով Հայաստանի երեք նոր ռեկորդներ` գրավելով է 20-րդ տեղը` 50մ ազատ ոճ - 0:23.47,  100մ ազատ ոճ - 0:50.86, 200մ ազատ ոճ - 1:50.23:

2008-ին Պեկինի Օլիմպիական խաղերում զբաղեցրել է 51-րդ տեղը` ցույց տալով  իր լավագույն արդյունքը`51.84 վրկ:

2009 թվականին Մոսկվայում անցկացված լողի «Գրան պրի» մրցաշարում 50 մ ազատ ոճով մրցումներում ճանաչվել է 23-րդը (23,25 վայրկյան), իսկ բատերֆլայ ոճով` 28-րդը (25,6 վայրկյան): 2010 թվականին Հայաստանի առաջնությունում ՖԻՆԱ-ի գործակիցների մրցակարգով հայտնվել է լավագույն եռյակում` 1131 միավորով:

Լոնդոնի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք է ստացել 2011 թվականին Շանհայում անցկացված աշխարհի առաջնությանում լավ արդյունք ցուցաբերելու շնորհիվ, որի  արդյունքում միջազգային ֆեդերացիայից ստացել է Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք։

Անձնական մարզիչն է Հայաստանի լողի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արման Վահանյանը:

Ամուսնացած չէ:

Միքայել Քոլոյանը մեկնարկ դուրս կգա հուլիսի 31-ին` 100 մետր ազատ ոճում: 

Ամեն ինչ սկսվեց այսպես…

Լողով սկսել եմ զբաղվել դեռեւս 6 տարեկանից: 1990-ններին սակայն հնարավորությունների բացակայության, մութ ու ցուրտ ժամանակների պատճառով հեռացել եմ սպորտից: Վերսկսել եմ 1995 թվականից, սակայն այս անգամ ոչ թե լող, այլ զբաղվել եմ ջրագնդակով: Մի քանի տարի անց հասկացա, որ իմ ուղին պրոֆեսիոնալ լողն է, որով սկսեցի արդեն լրջորեն զբաղվել 1998 թվականից:


Զգում եմ ինձ, ինչպես ձուկը ջրում…

Ես առանց ջրի, ասես, կյանք չունեմ: Ամեն օր լողում եմ: Եթե նույնիսկ մի օր բաց եմ թողնում մարզումներս, ինձ ոչ լիարժեք մարդ եմ զգում: Սա արդեն ինձ համար դարձել է կենսակերպ: Ուրախանում եմ, երբ իմ երկար ու ձիգ մարզումները անարդյունք չեն մնում: Մասնավորպես Հայաստանի ռեկորդներ սահմանելիս աննկարագրելի զգացում եմ ունենում: Զգում եմ, որ ջրում կորցրած ուժերս անիմաստ չէին: Փորձում եմ առաջ գնալ եւ չբավարարվել հաջողություններով: Վերջերս շատ եմ լսում դժգոհություններ Պեկինում, Շանհայում իմ իբր վատ ելույթների մասին: Ես վիրավորվում եմ նման մեկնաբանություններից, քանի որ ես վատ արդյունք չեմ ցուցաբերել: Եվ դա կապացուցեմ Լոնդոնի Օլիմպիական խաղերում:

Ես մեկնում եմ Լոնդոն…

Սա իմ երկրորդ Օլիմպիական խաղերն է: Պրոֆեսիոնալ լողով զբաղվելու առաջին օրվանից միշտ երազել եմ մասնակցել Օլիմպիական խաղերի: 2000 թվականին հավակնեցի Սիդնեյի Օլիմպիական խաղերին, բայց ստացվեց այնպես, որ ուրիշին բախտը ժպտաց:  2004-ի Աթենքի Օլիմպիական խաղերից առաջ կրկին թեկնածու էի, բայց այս անգամ էլ հաջողությունն ինձ հետ չէր. այդ ժամանակ ավարտեցի համալսարանն ու զորակոչվեցի բանակ: Միայն 2008-ի Պեկինի Օլիմպիական խաղերին մասնակցեցի:

Մեծ-մեծ չեմ խոսի եւ խոստումներ չեմ տա, թե գնում եմ մեդալի ետեւից: Բոլորս էլ հասկանում ենք, որ հայաստանյան պայմաններում մեդալի մասին ակնկալիքներ ունենալ պետք չէ: Այժմ խիստ ռեժիմով մարզումների մեջ եմ: Օլիմպիական խաղերին կներկայանամ իմ մարզավիճակի գագաթնակետին:

Ակնկալիքներ…

Անելու եմ ամեն ինչ, որ բարձր արդյունքներ ցույց տամ: Ինձ համար շատ անհանգստացողներ կան: Փորձելու եմ հուսախաբ չանել մարզիչիս` Արմանին եւ ընկերուհուս` Լուսինեին: Առաջին հեռախոսազանգը ելույթիցս հետո կանեմ մարզիչիս:

Մարզիչ Արման Վահանյան

Չի  եղել մի մրցում, որ Միքայելը մասնակցի եւ Հայաստանի ռեկորդ չսահմանի: Նա իր երիտասարդ տարիքում սահմանել է Հայաստանի ավելի քան 30 ռեկորդներ: Այժմ հիանալի մարզավիճակում է: Բայց դեռ պետք է աշխատենք: Նրա հետ մեծ հույսեր եմ կապում: Դժվար կլինի ինձ համար այդ պահին իր կողքին չլինել` իմ խորհուրդներով, բայց քանի որ ես վստահում եմ նրան, կփորձեմ այստեղից նրան ոգեշնչել դրական լիցքերով:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ