21:18 4 հուլիսի, 2012NEWS.am Sport-ը ներկայացնում է 30-րդ ամառային Օլիմպիադայի խաղերում Հայաստանի 25 ներկայացուցիչներին։ Խաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 27-ին Լոնդոնում։
Միքայել Քոլոյան.լողորդ
Ծնվել է 1982 թվականին հունիսի 21-ին, Երեւանում:
Պրոֆեսիոնալ լողով սկսել է զբաղվել 1990 թվականից:
Միջազգային կարգի սպորտի վարպետ է, Անդրկովկասի լավագույն լողորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն եւ ռեկորդակիր:
2005 թվականին Մոսկվայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում 100 մետր ազատ ոճում 52,6 վայրկյան արդյունքով սահմանել է հանրապության նոր ռեկորդ:
2006 թվականին Հելսինկիում կայացած Եվրոպայի առաջնությունում սահմանել է Հայաստանի երեք ռեկորդ` 50 մետր՝ 23.96 վայրկյան, 100 մետր՝ 51.55 վայրկյան, 200 մետր՝ 1:52.57 րոպե:
2007 թվականին Մոսկվայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում եւս երեք սահմանելով Հայաստանի երեք նոր ռեկորդներ` գրավելով է 20-րդ տեղը` 50մ ազատ ոճ - 0:23.47, 100մ ազատ ոճ - 0:50.86, 200մ ազատ ոճ - 1:50.23:
2008-ին Պեկինի Օլիմպիական խաղերում զբաղեցրել է 51-րդ տեղը` ցույց տալով իր լավագույն արդյունքը`51.84 վրկ:
2009 թվականին Մոսկվայում անցկացված լողի «Գրան պրի» մրցաշարում 50 մ ազատ ոճով մրցումներում ճանաչվել է 23-րդը (23,25 վայրկյան), իսկ բատերֆլայ ոճով` 28-րդը (25,6 վայրկյան): 2010 թվականին Հայաստանի առաջնությունում ՖԻՆԱ-ի գործակիցների մրցակարգով հայտնվել է լավագույն եռյակում` 1131 միավորով:
Լոնդոնի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք է ստացել 2011 թվականին Շանհայում անցկացված աշխարհի առաջնությանում լավ արդյունք ցուցաբերելու շնորհիվ, որի արդյունքում միջազգային ֆեդերացիայից ստացել է Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք։
Անձնական մարզիչն է Հայաստանի լողի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արման Վահանյանը:
Ամուսնացած չէ:
Միքայել Քոլոյանը մեկնարկ դուրս կգա հուլիսի 31-ին` 100 մետր ազատ ոճում:
Ամեն ինչ սկսվեց այսպես…
Լողով սկսել եմ զբաղվել դեռեւս 6 տարեկանից: 1990-ններին սակայն հնարավորությունների բացակայության, մութ ու ցուրտ ժամանակների պատճառով հեռացել եմ սպորտից: Վերսկսել եմ 1995 թվականից, սակայն այս անգամ ոչ թե լող, այլ զբաղվել եմ ջրագնդակով: Մի քանի տարի անց հասկացա, որ իմ ուղին պրոֆեսիոնալ լողն է, որով սկսեցի արդեն լրջորեն զբաղվել 1998 թվականից:
Զգում եմ ինձ, ինչպես ձուկը ջրում…
Ես առանց ջրի, ասես, կյանք չունեմ: Ամեն օր լողում եմ: Եթե նույնիսկ մի օր բաց եմ թողնում մարզումներս, ինձ ոչ լիարժեք մարդ եմ զգում: Սա արդեն ինձ համար դարձել է կենսակերպ: Ուրախանում եմ, երբ իմ երկար ու ձիգ մարզումները անարդյունք չեն մնում: Մասնավորպես Հայաստանի ռեկորդներ սահմանելիս աննկարագրելի զգացում եմ ունենում: Զգում եմ, որ ջրում կորցրած ուժերս անիմաստ չէին: Փորձում եմ առաջ գնալ եւ չբավարարվել հաջողություններով: Վերջերս շատ եմ լսում դժգոհություններ Պեկինում, Շանհայում իմ իբր վատ ելույթների մասին: Ես վիրավորվում եմ նման մեկնաբանություններից, քանի որ ես վատ արդյունք չեմ ցուցաբերել: Եվ դա կապացուցեմ Լոնդոնի Օլիմպիական խաղերում:
Ես մեկնում եմ Լոնդոն…
Սա իմ երկրորդ Օլիմպիական խաղերն է: Պրոֆեսիոնալ լողով զբաղվելու առաջին օրվանից միշտ երազել եմ մասնակցել Օլիմպիական խաղերի: 2000 թվականին հավակնեցի Սիդնեյի Օլիմպիական խաղերին, բայց ստացվեց այնպես, որ ուրիշին բախտը ժպտաց: 2004-ի Աթենքի Օլիմպիական խաղերից առաջ կրկին թեկնածու էի, բայց այս անգամ էլ հաջողությունն ինձ հետ չէր. այդ ժամանակ ավարտեցի համալսարանն ու զորակոչվեցի բանակ: Միայն 2008-ի Պեկինի Օլիմպիական խաղերին մասնակցեցի:
Մեծ-մեծ չեմ խոսի եւ խոստումներ չեմ տա, թե գնում եմ մեդալի ետեւից: Բոլորս էլ հասկանում ենք, որ հայաստանյան պայմաններում մեդալի մասին ակնկալիքներ ունենալ պետք չէ: Այժմ խիստ ռեժիմով մարզումների մեջ եմ: Օլիմպիական խաղերին կներկայանամ իմ մարզավիճակի գագաթնակետին:
Ակնկալիքներ…
Անելու եմ ամեն ինչ, որ բարձր արդյունքներ ցույց տամ: Ինձ համար շատ անհանգստացողներ կան: Փորձելու եմ հուսախաբ չանել մարզիչիս` Արմանին եւ ընկերուհուս` Լուսինեին: Առաջին հեռախոսազանգը ելույթիցս հետո կանեմ մարզիչիս:
Մարզիչ Արման Վահանյան
Չի եղել մի մրցում, որ Միքայելը մասնակցի եւ Հայաստանի ռեկորդ չսահմանի: Նա իր երիտասարդ տարիքում սահմանել է Հայաստանի ավելի քան 30 ռեկորդներ: Այժմ հիանալի մարզավիճակում է: Բայց դեռ պետք է աշխատենք: Նրա հետ մեծ հույսեր եմ կապում: Դժվար կլինի ինձ համար այդ պահին իր կողքին չլինել` իմ խորհուրդներով, բայց քանի որ ես վստահում եմ նրան, կփորձեմ այստեղից նրան ոգեշնչել դրական լիցքերով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.