13:40  ,  22 օգոստոսի, 2016

Շտեֆանեկն ամեն անգամ նայելու է իմ մեդալին. Միհրան Հարությունյանի հայտարարությունը

Ես զրկվեցի օլիմպիական չեմպիոնի տիտղոսից, քանի որ ըմբշամարտի աշխարհում Հայաստանը ոչինչ չի որոշում, այլ որոշում են Սերբիան կամ այլ երկրներ, բայց ես հպարտ եմ, որ հայ եմ:

Այս մասին հայտարարել է Ռիո դե Ժանեյրոյում ավարտված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը, որը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով խայտառակ մրցավարության հետեւանքով եզրափակիչում հաղթանակ չստանալուն ու անցած օլիմպիական ուղուն: 

«Ավարտվեց 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը Ռիո դե Ժանեյրոյում: Չգիտեմ՝ ինչից սկսել, սակայն առաջինը կցանկանայի շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք չամաչեցին իմ՝ եզրափակիչ գոտեմարտի մասին կարծիք հայտնելուց: Շնորհակալություն ձեր անհավանական աջակցության համար, շնորհակալություն, որ ամենասկզբից իմ հետ էիք եւ հիմա էլ շարունակում եք աջակցել ինձ: Ես հսկայական աջակցություն եմ զգում իմ ժողովրդից ու տարբեր ազգությունների ու դավանանքի ներկայացուցիչներից ամբողջ աշխարհից:

Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ երազում է օլիմպիական պատվո հարթակ բարձրանալ իր երկրի հիմնի ու դրոշի ուղեկցությամբ, եւ ես նույնպես բացառություն չեմ: Ամբողջ կյանքում երազել ու գնացել եմ դեպի այս Օլիմպիական բարձունքը: Այս բարդ ուղին պահանջում էր ներդնել հսկայական ջանքեր: Ես ապրում էի ու երազում այն օրվա մասին, երբ հնարավորություն էի ստանալու պայքարել օլիմպիական ոսկու համար, եւ այդ սպասված օրը եկավ:

Ռիոյի ճանապարհին էլ անարդար վերաբերմունք կար իմ հանդեպ, բայց ես, չնայած շատ ցավալի էր, համբերություն էի դրսեւորում, քանի որ սպասում էի Ռիո-2016-ին: Ես հույս ունեի, որ անարդարությունները վաղ թե ուշ լքելու են ինձ:

Ցավոք, հրաշք տեղի չունեցավ եւ ինձ դարձյալ զրկեցին ոսկե մեդալից: Այդ արարքը վերջնականապես հիասթափեցրեց ինձ, այդ պատճառով չկարողացա զսպել ինձ: Ես անցել եմ շատ դժվարությունների միջով, հարազատներիս չեմ տեսել 150 օրից ավելի, որպեսզի ամբողջովին պատրաստվեմ ու կենտրոնանամ Օլիմպիական խաղերի վրա: «Մաշեցնող» մարզումները, քաշի վերահսկումը, վնասվածները, իմ թիմի աշխատանքը, հույսերը, ընտանիքս ու ազգիս համբերությունը պարզապես գողացան…

Մի՞թե ամբողջ մարզաշխարհն աչք կփակի այս հանցագործության վրա: Ինձանից բացի, շատերն են զրկվել իրենց արժանի մրցանակներից:

Ես զրկվեցի օլիմպիական չեմպիոնի տիտղոսից, քանի որ ըմբշամարտի աշխարհում Հայաստանը ոչինչ չի որոշում, այլ որոշում են Սերբիան կամ այլ երկրներ, բայց ես հպարտ եմ, որ հայ եմ: Մենք փոքրաթիվ ենք, բայց մեծ ազգ ենք: Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Ռուսաստանին ու այնտեղ ապրող բոլոր մարդկանց: Ես այնտեղ եմ մեծացել ու ապրում, սիրում եմ այդ երկիրն ու մարդկանց:

Մարզչական շտաբի, հարազատներիս, մտերիմներիս եւ, իհարկե, ազգիս աջակցության շնորհիվ ես այս Օլիմպիական խաղերին պատրաստ էի 100 տոկոսով՝ տրամադրված ու պատրաստված: Ես կարողացա ցուցադրել լավ ըմբշամարտ ու արդյունք: Շնորհակալություն Աստծուն դրա համար:

Կցանկանայի նաեւ իմ ընկեր ու թիմակից Արթուր Ալեքսանյանին շնորհավորել ոսկե մեդալի կապակցությամբ, նա արժանի էր այդ հաղթանակին: Շնորհավորում եմ նաեւ մեր ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանին ու Գոռ Մինասյանին, որոնք դարձան արծաթե մեդալակիրներ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր բոլոր առումներով իմ կողքին էին, շատ եմ գնահատում եւ արժեւորում դա:

Յուրաքանչյուր գոտեմարտում ես պայքարում էի ոչ միայն մեջքիս գրված ազգանունի, այլ նաեւ իմ հայրենիքի ու ընտանիքի համար, որոնք մինչեւ վերջին օրն աջակցում էին ինձ: Դահլիճում չէր հնչում իմ երկրի օրհներգը, իսկ հարազատներիս ցավն ամեն ինչ կլանում է…

P.S. Պետք չէ վիրավորել սերբ Դավոր Շտեֆանեկին, նա վատ ըմբիշ չէ, լավ էր պաշտպանվում: Բացի այդ, մենք արդեն մեկ ամբողջություն ենք: Նա ամեն առավոտ հիշելու է իմ անունը: Ամեն անգամ իր ոսկե մեդալին նայելիս նա մտածելու է, որ այն իրականում ինձ է պատկանում»,- «ВКонтакте» սոցիալական ցանցում գրել է Միհրան Հարությունյանը՝ տեղադրելով իր մեդալի լուսանկարը:

Հիշեցնենք, որ հանրագիր-պահանջների միջազգային change.org կայքում բացվել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ), Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային եւ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին հասցեագրված հանրագիր Միհրան Հարությունյանի նկատմամբ արդարությունը վերականգնելու պահանջով, որին կարելի է միանալ հետեւյալ հղումով change.org:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում