13:40 22 օգոստոսի, 2016Ես զրկվեցի օլիմպիական չեմպիոնի տիտղոսից, քանի որ ըմբշամարտի աշխարհում Հայաստանը ոչինչ չի որոշում, այլ որոշում են Սերբիան կամ այլ երկրներ, բայց ես հպարտ եմ, որ հայ եմ:
Այս մասին հայտարարել է Ռիո դե Ժանեյրոյում ավարտված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը, որը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով խայտառակ մրցավարության հետեւանքով եզրափակիչում հաղթանակ չստանալուն ու անցած օլիմպիական ուղուն:
«Ավարտվեց 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը Ռիո դե Ժանեյրոյում: Չգիտեմ՝ ինչից սկսել, սակայն առաջինը կցանկանայի շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք չամաչեցին իմ՝ եզրափակիչ գոտեմարտի մասին կարծիք հայտնելուց: Շնորհակալություն ձեր անհավանական աջակցության համար, շնորհակալություն, որ ամենասկզբից իմ հետ էիք եւ հիմա էլ շարունակում եք աջակցել ինձ: Ես հսկայական աջակցություն եմ զգում իմ ժողովրդից ու տարբեր ազգությունների ու դավանանքի ներկայացուցիչներից ամբողջ աշխարհից:
Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ երազում է օլիմպիական պատվո հարթակ բարձրանալ իր երկրի հիմնի ու դրոշի ուղեկցությամբ, եւ ես նույնպես բացառություն չեմ: Ամբողջ կյանքում երազել ու գնացել եմ դեպի այս Օլիմպիական բարձունքը: Այս բարդ ուղին պահանջում էր ներդնել հսկայական ջանքեր: Ես ապրում էի ու երազում այն օրվա մասին, երբ հնարավորություն էի ստանալու պայքարել օլիմպիական ոսկու համար, եւ այդ սպասված օրը եկավ:
Ռիոյի ճանապարհին էլ անարդար վերաբերմունք կար իմ հանդեպ, բայց ես, չնայած շատ ցավալի էր, համբերություն էի դրսեւորում, քանի որ սպասում էի Ռիո-2016-ին: Ես հույս ունեի, որ անարդարությունները վաղ թե ուշ լքելու են ինձ:
Ցավոք, հրաշք տեղի չունեցավ եւ ինձ դարձյալ զրկեցին ոսկե մեդալից: Այդ արարքը վերջնականապես հիասթափեցրեց ինձ, այդ պատճառով չկարողացա զսպել ինձ: Ես անցել եմ շատ դժվարությունների միջով, հարազատներիս չեմ տեսել 150 օրից ավելի, որպեսզի ամբողջովին պատրաստվեմ ու կենտրոնանամ Օլիմպիական խաղերի վրա: «Մաշեցնող» մարզումները, քաշի վերահսկումը, վնասվածները, իմ թիմի աշխատանքը, հույսերը, ընտանիքս ու ազգիս համբերությունը պարզապես գողացան…
Մի՞թե ամբողջ մարզաշխարհն աչք կփակի այս հանցագործության վրա: Ինձանից բացի, շատերն են զրկվել իրենց արժանի մրցանակներից:
Ես զրկվեցի օլիմպիական չեմպիոնի տիտղոսից, քանի որ ըմբշամարտի աշխարհում Հայաստանը ոչինչ չի որոշում, այլ որոշում են Սերբիան կամ այլ երկրներ, բայց ես հպարտ եմ, որ հայ եմ: Մենք փոքրաթիվ ենք, բայց մեծ ազգ ենք: Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Ռուսաստանին ու այնտեղ ապրող բոլոր մարդկանց: Ես այնտեղ եմ մեծացել ու ապրում, սիրում եմ այդ երկիրն ու մարդկանց:
Մարզչական շտաբի, հարազատներիս, մտերիմներիս եւ, իհարկե, ազգիս աջակցության շնորհիվ ես այս Օլիմպիական խաղերին պատրաստ էի 100 տոկոսով՝ տրամադրված ու պատրաստված: Ես կարողացա ցուցադրել լավ ըմբշամարտ ու արդյունք: Շնորհակալություն Աստծուն դրա համար:
Կցանկանայի նաեւ իմ ընկեր ու թիմակից Արթուր Ալեքսանյանին շնորհավորել ոսկե մեդալի կապակցությամբ, նա արժանի էր այդ հաղթանակին: Շնորհավորում եմ նաեւ մեր ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանին ու Գոռ Մինասյանին, որոնք դարձան արծաթե մեդալակիրներ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր բոլոր առումներով իմ կողքին էին, շատ եմ գնահատում եւ արժեւորում դա:
Յուրաքանչյուր գոտեմարտում ես պայքարում էի ոչ միայն մեջքիս գրված ազգանունի, այլ նաեւ իմ հայրենիքի ու ընտանիքի համար, որոնք մինչեւ վերջին օրն աջակցում էին ինձ: Դահլիճում չէր հնչում իմ երկրի օրհներգը, իսկ հարազատներիս ցավն ամեն ինչ կլանում է…
P.S. Պետք չէ վիրավորել սերբ Դավոր Շտեֆանեկին, նա վատ ըմբիշ չէ, լավ էր պաշտպանվում: Բացի այդ, մենք արդեն մեկ ամբողջություն ենք: Նա ամեն առավոտ հիշելու է իմ անունը: Ամեն անգամ իր ոսկե մեդալին նայելիս նա մտածելու է, որ այն իրականում ինձ է պատկանում»,- «ВКонтакте» սոցիալական ցանցում գրել է Միհրան Հարությունյանը՝ տեղադրելով իր մեդալի լուսանկարը:
Հիշեցնենք, որ հանրագիր-պահանջների միջազգային change.org կայքում բացվել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ), Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային եւ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին հասցեագրված հանրագիր Միհրան Հարությունյանի նկատմամբ արդարությունը վերականգնելու պահանջով, որին կարելի է միանալ հետեւյալ հղումով change.org:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.