18:30  +04,  21 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Հայաստանի վերջին ներկայացուցիչները լքեցին պայքարը, Հայաստանը ելույթն ավարտեց 4 մեդալով

Հայաստանը ներկայացնող Դավիթ Սաֆարյանը (65 կգ) ու Գեորգի Կետոեւը (97 կգ) դուրս մնացին պայքարից Ռիո դե Ժանեյրոյում ավարտին մոտեցող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում:

Ռիո-2016-ում Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչները 1/8 եզրափակիչում պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում, իսկ նրանց հաղթած ըմբիշները պարտություն կրեցին կիսաեզրափակիչում: Դրանից հետո Հայաստանի ըմբիշները զրկվեցին բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ 30-ամյա Գեորգի Կետոեւը 1:8 հաշվով պարտվել էր Բաքվում կայացած 2015թ. Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 27-ամյա վրացի Էլիզբար Օդիկաձեին, իսկ 27-ամյա Դավիթ Սաֆարյանը 1:3 հաշվով պարտվել էր աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, 24-ամյա իտալացի Ֆրանկ Մարկեսին:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում Ռիո-2016-ում հանդես էին եկել Գառնիկ Մնացականյանը (57 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ), որոնք մեդալ չէին նվաճել: Մնացականյանը պարտությամբ էր մեկնարկել, իսկ Բերիանիձեն, պարտվելով կիսաեզրափակիչում, չէր հաղթել նաեւ բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Այսպիսով, Ռիո-2016-ին 32 մարզիկով հայտավորված Հայաստանը ելույթն ավարտեց 1 ոսկե ու 3 արծաթե մեդալով եւ ընթացիկ 42-րդն է մեդալային հաշվարկում, բայց կարող է նահանջել վերջին օրը վիճարկվող մեդալների 12 հավաքածուներից հետո:

Օգոստոսի 16-ին գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն օլիմպիական չեմպիոն էր դարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգում, իսկ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել էր եզրափակիչում եւ բավարարվել արծաթե մեդալով: Գերծանր քաշային ծանրորդ Գոռ Մինասյանը նույն օրը նվաճել էր Հայաստանի չորրորդ մեդալը՝ դառնալով օլիմպիական փոխչեմպիոն: Օգոստոսի 15-ին էլ 19-ամյա ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ տեղն էր գրավել 105 կգ քաշային կարգում՝ Հայաստանին պարգեւելով առաջին մեդալը Խաղերում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: