14:43  ,  19 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Ամերիկացի լողորդների կողոպուտի սկանդալը բացահայտվեց, ԱՄՆ-ը ներողություն է խնդրում

Բրազիլիայի ոստիկանությունը հետաքննության արդյունքում պարզել է, որ Ռիո-2016-ին ժամանած ամերիկացի լողորդները սխալ հաղորդում են տվել իրենց թալանելու վերաբերյալ, գրում է euronews.com-ը:

31-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցած ամերիկացի լողորդներ Գունար Բենցն ու Ջեկ Կոնգերը Ռիո դե Ժանեյրոյից հեռացել են ոստիկանությունում հարցաքննության ենթարկվելուց հետո: Ռայան Լոխտեն էլ Ռիոն լքել էր այն բանից առաջ, երբ ոստիկանները պարզել էին, որ ամերիկացի լողորդներին ոչ ոքի չի թալանել: Ջեյմս Ֆեյգենը եւս կկարողանա վերադառնալ ԱՄՆ, քանի որ համաձայնել է բրազիլական բարեգործական կազմակերպությանը վճարել 11 հազար դոլար՝ սկանդալային իրավիճակից դուրս գալու համար:

ԱՄՆ-ի Օլիմպիական կոմիտեն Բրազիլիայից պաշտոնապես ներողություն է խնդրել եւ խոստացել, որ քայլեր կձեռնարկի:

Ավելի վաղ ամերիկացի լողորդները ոստիկաններին հայտնել էին, որ իրենց թալանել են: Նրանց սուտը բացահայտվել է դեպքի վայրում տեղադրված տեսախցիկների ձայնագրությունների շնորհիվ: Գիշերային ակումբում լավ ժամանակ անցկացնելուց հետո ամերիկացի լողորդներն ալկոհոլի ազդեցության տակ կանգ են առել բենզալցակայանում, որտեղ վնասել են իրենց իրերը: Բենզալցակայանի կառավարիչը լրագրողներին պատմել է, որ մարզիկները չեն ցանկացել մտնել զուգարան եւ միզել են պատերին: Հետո օլիմպիականները փորձել են թաքնվել: Բենզալցակայանի անվտանգության աշխատակիցը լողորդներին սպառնացել է զենքով՝ զանգելով ոստիկանություն, սակայն մինչ վերջիններիս ժամանելը մարզիկները համաձայնել են վճարել հասցրած վնասի համար եւ վերադառնալ օլիմպիական ավան:

Դրանից հետո ամերիկացի լողորդները հայտարարել էին, որ իրենց թալանել են ոստիկանական համազգեստ հագած կողոպտիչներ: ԱՄՆ-ի Օլիմպիական կոմիտեն էլ հայտնել էր, որ մարզիկներին տեղափոխող տաքսին կանգնեցրել էին զինված անձիք եւ պահանջել գումար եւ թանկարժեք իրեր:

Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանության ղեկավար Ֆերնանդու Վելոզուն կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի թիմի օլիմպիականները պետք է քաղաքի բնակչությունից ներողություն խնդրեն ստելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում