Մաքսիմ Մանուկյանն անհաջող մեկնարկեց Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 85 կգ քաշայինների պայքարում:
Որակավորման փուլում 28-ամյա ըմբիշը 0:3 հաշվով պարտվեց հունգարացի Վիկտոր Լյորինցին: Հունգարացին դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կհանդիպի հնդիկ Ռավինդեր Խանտրիի հետ: Եթե Լյորինցը հասնի եզրափակիչ, Մաքսիմ Մանուկյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:
Մաքսիմ Մանուկյանի գոտեմարտի ժամանակ Առաջին ալիքը ցուցադրում էր ռուսաստանցի Դավիդ Չակվետաձեի եւ ադրբեջանցի Սաման Տահմասեբիի գոտեմարտը:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ, Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պայքարի մեջ էր մտել օգոստոսի 14-ին եւ 75 կգ քաշայինների մեկնարկային գոտեմարտում պարտվել էր Բուլղարիայի ներկայացուցիչ Դանիել Ալեքսանդրովին, որն էլ պարտություն էր կրել հաջորդ փուլում:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում Ռիո են մեկնել նաեւ Միհրան Հարությունյանը (66 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ), որոնք մեդալների համար կպայքարեն օգոստոսի 16-ին:
Մաքսիմ Մանուկյանը ծնվել է 1987 թվականի դեկտեմբերի 10-ին Երեւանում:
Մանուկյանի մարզական կարիերան դադարներով է եղել: Սկսել է մարզվել 1998 թվականից, չորս տարի դադարից հետո վերադարձել է մեծ սպորտ ու վերսկսել մարզումները 2010 թվականից: Կազան-2013-ի Համաշխարհային ունիվերսիադայի փոխչեմպիոն է, 2014 թ. զինվորականների աշխարհի բրոնզե մեդալակիր: Անձնական մարզիչն է Ալեքսան Հովհաննիսյանը:
Ռիո-2016-ի ուղեգիրը նվաճել է Մոնղոլիայում անցկացված վարկանիշային մրցաշարում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում