13:40  ,  15 օգոստոսի, 2016

Ուսեյն Բոլթ. Պետք է ռեկորդ սահմանեմ 200 մետրում, Ռիո եմ եկել 3 ոսկե մեդալների հետեւից

Ջամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլթը Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի 100 մետր վազքում հաղթելուց եւ 7-ակի օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:

«Ցանկանում եմ աշխարհի ռեկորդ սահմանել 200 մետրում: Կարծում եմ, որ եթե հանգստանալու բավականաչափ ժամանակ ունենայի կիսաեզրափակիչից հետո, ապա ռեկորդ կգրանցեի նաեւ 100 մետրում: Այպես որ, բոլոր ուժերս կներդնեմ 200 մետրում՝ իմ նպատակին հասնելու համար:

Այս Օլիմպիական խաղերին եկել եմ 3 ոսկե մեդալ նվաճելու համար: Այդ դեպքում ինձ կհամարեմ մեծագույն մարզիկ: Եթե հանկած անհաջողության մատնվեմ, մեծ հիասթափություն կապրեմ»,- աշխարհի 11-ակի չեմպիոնի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիրն անդրադարձել է նաեւ Ռիո-2016-ի 100 մետրում արծաթե մեդալ նվաճած ամերիկացի Ջաստին Գեթլինին, որին երկրպագուները սուլել էին կիսաեզրափակիչից առաջ: Բանն այն է, որ 34-ամյա ամերիկացին նախկինում 2 անգամ որակազրկվել է հակադոպինգային կանոնակարգը խախտելու համար:

«Առաջին անգամ եմ նման բան տեսնում: Երկրպագուները սուլում էին Գեթլինին: Դա զարմացրեց ինձ»,- ասել է Բոլթը:

Հիշեցնենք, որ Ռիո-2016-ի 100 մետրում Ուսեյն Բոլթը հաղթեց 9.81 վայրկյան արդյունքով: Ջամայկացի արագավազորդը 100 մետրի աշխարհի ռեկորդը սահմանել է 2009-ին՝ գրանցելով 9.58 վայրկյան արդյունք: 200 մետրի աշխարհի ռեկորդը եւս պատկանում է նրան՝ 19,19 վայրկյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում