22:11  ,  10 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Հայաստանի օլիմպիականները. Գայանե Չիլոյան, Գոռ Ներկարարյան (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել Ռիո-2016-ի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիականներին:

Գոռ Ներկարարյան, աթլետիկա, հեռացատկ

Ծնվել է 1993 թվականի մարտի 24-ին, Վանաձորում:

Գոռ Ներկարարյանը Հայաստանի բազմակի չեմպիոն է, միջազգային մրցաշարերի հաղթող, Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մասնակից: Իր մարզական կարիերայում հայ աթլետը հնարավորություն է ունեցել 1,5 տարի ապրել եւ մարզվել Բրազիլիայում:

Ռիո-2016 ուղեգիրը նվաճել է Ուկրաինայի վարկանիշային մրցաշարում:

Գոռ Ներկարարյան

«Աթլետիկայով սկսել եմ զբաղվել 13 տարեկանից: Աթլետիկա մարզաձեւի  ընտրությունն էլ շատ պատահական է եղել: Բակի ընկերներիցս մեկն առաջարկեց իր հետ գնալ մարզվելու, ես էլ համաձայնեցի: Փոքր տարիքում այդքան էլ մտադրություն չունեի շարունակել այս մարզաձեւով, քանի որ չէի մտածում, որ այս մարզաձեւում մեծ հաջողությունների կարող եմ հասնել:

Առաջին հաջողությունս այս մարզաձեւում եղել է 15 տարեկանում միջազգային մրցումներում՝ հաղթելով հեռացատկում եւ եռացատկում:

Օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակ ունեի վաղուց: 2013 թվականին հնարավորություն ունեցա մարզումներ անցկացնել Բրազիլիայում: Այնտեղի մարզումներս հենց այդ նպատակով էին, որ կարողանամ օլիմպիական ուղեգիր նվաճել եւ մասնակցել Ռիո-2016-ին: Հույս ունեմ, որ կկարողանամ լավ հանդես գալ եւ գերազանցել իմ արդյունքը»:

Գայանե Չիլոյան, աթլետիկա, 200 մ վազք

Ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 27-ին:

16-ամյա աթլետը Հայաստանի չեմպիոն է, 100 մ եւ 200 մ մրցատարածություններում Հայաստանի ռեկորդակիր:

Ռիո-2016 ուղեգիրը նվաճել է Հայաստանի առաջնությունում օլիմպիական նորմատիվ լրացնելու շնորհիվ:

Գայանե Չիլոյան

«Աթլետիկայով զբաղվում եմ 2010 թվականից: Մորաքրոջս խորհրդով եմ ընտրել այս մարզաձեւը: Հենց սկզբից էլ ինձ մոտ ստացվել է, լավ արդյունքներ եմ գրանցել ու սկսել եմ մասնակցել մրցաշարերի: 2011 թվականին Թուրքիայում մասնակցեցի միջազգային մրցաշարի, զբաղեցրեցի երկրորդ տեղը եւ հասկացա, որ պետք է շարունակեմ այս մարզաձեւով լրջորեն մարզվել:

Բոլորի երազանքն է մասնակցել Օլիմպիական խաղերին, իմ երազանքն էլ է եղել: Ինձ մոտ ստացվեց, ես Հայաստանի առաջնությունում լրացրեցի օլիմպիական նորմատիվ եւ նվաճեցի օլիմպիական ուղեգիր: Օլիմպիակամ նորմատիվ լրացնելու համար հաջող հանդես գալուս ինձ օգնեցին եւ ոգեշնչեցին Ամալյա Շառոյանը, Լեւոն Աղասյանը, Դիանա Խուբեսերյանը, ովքեր արդեն նվաճել էին ուղեգրերը: Նրանց տեսնելով՝ ես էլ ոգեւորվեցի եւ կարողացա հաջողությամբ հաղթահարել 200մ մրցատարածությունը: Ռիո-2016-ում ցանկանում եմ բարելավել իմ արդյունքը»:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով