13:21  ,  2 օգոստոսի, 2016

Արգենտինայի հավաքականի նորանշանակ մարզիչը մտադիր չէ համոզել Մեսիին

Պետք չէ ինչ-որ բան համոզել Մեսիին, պարզապես հարկավոր է խոսել ֆուտբոլից, հայտարարել է ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան: Արգենտինացի մասնագետը մտադիր է առաջիկայում հանդիպել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին, որն ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով Չիլիին պարտվելուց հետո հայտարարել էր ազգային թիմից հեռանալու մասին:

«Մենք կապ չենք հաստատել ոչ Մեսիի, ոչ էլ նրա ընտանիքի անդամներից որեւէ մեկի հետ: Ես ծրագրել եմ հանդիպել Մեսիին ու զրուցել նրա հետ: Պետք չէ ինչ-որ բան համոզել նրան, պարզապես հարկավոր է խոսել ֆուտբոլից: Նրանք, ովքեր եղել են ֆուտբոլիստ, հասկանում են եզրափակիչում կրած պարտության հիասթափությունը: Պետք է պատմել նրան, թե ինչպես ենք պատրաստվում աշխատել: Մեսին հստակ հասկանում է, թե ինչ պետք է անի խաղադաշտում եւ ինչ որոշումներ պետք է ընդունի»,- մարզիչի խոսքը մեջբերում է Ole-ն:

Հիշեցնենք, որ նախորդ 8 ամիսներին Էդգարդո Բաուսան գլխավորում էր բրազիլական «Սան Պաուլուն»: Մարզչական կարիերայում 58-ամյա մարզիչի գլխավոր նվաճումները Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում տարած 2 հաղթանակներն են: 2008-ին նա տիտղոս է նվաճել էկվադորական «ԼԴՈՒ Կիտոյի» հետ, իսկ 2012-ին՝ արգենտինական «Սան Լորենսոյի»: Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Բաուսան փոխարինել է Խերարդո Մարտինոյին:

29-ամյա Մեսին Արգենտինայի հավաքականում խաղում է 2005-ից եւ անցկացրել է 113 հանդիպում: Վերջերս նա գերազանցեց Գաբրիել Բատիստուտայի ռեկորդը եւ 55 գոլով դարձավ Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում