23:12  ,  19 հուլիսի, 2016

Ռիո-2016. Հայաստանի օլիմպիականները. Վլադիմիր Մարգարյան (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք ձեռք բերած Հայաստանի օլիմպիականներին: Օլիմպիական խաղերի մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին Ռիո դե Ժանեյրոյում:

Վլադիմիր Մարգարյան, բռնցքամարտ, 69 կգ

Ծնվել է 1991 թվականի մարտի 8-ին, Երեւանում։

Ամուսնացած չէ։

Հայաստանի հավաքականի անդամ է,  Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի մասնակից։

Օլիմպիական ուղեգիրը նվաճել է Թուրքիայի Սամսուն քաղաքում տեղի ունեցած վարկանիշային մրցաշարում։

Անձնական մարզիչն է Արմեն Հակոբյանը։

Ամեն ինչ սկսվեց․․․

Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ տանը միշտ ունեցել ենք բռնցքամարտի ձեռքնոցներ, երեխա ժամանակ սիրում էի այդ ձեռնոցներով խաղալ, հագնում էի տանը շրջում ինձ համար։ Այդ ձեռնոցները պատկանում էին հայրիկիս, նա զբաղվել է բռնցքամարտով։ Մի օր էլ որոշեցին ինձ էլ տանել բռնցքամարտի։

Տարիների ընթացքում ես էլ սիրեցի այս մարզաձեւը․ սա տղամարդու սպորտ է, որն անընդհատ պետք է սովորես, յուրացնես: Որքան շատ ես սովորում, այնքան բռնցքամարտը քեզ առաջ է ձգում։  

Ռիո-2016-ի ուղեգիրը նվաճեցի․․․

Ուղեգիրը նվաճեցի Թուրքիայում։ Անմոռանալի ու անբացատրելի, բառերով աննկարագրելի պահ էր։ Այդ օրերին սահմանում լարված իրավիճակ էր, ինչն էլ ավելի էր բոլորիս ստիպում, որ պարտություն չկրենք Թուրքիայում։ Նպատակս օլիմպիական ուղեգիրն էր եւ հաջողությունը իմ ու իմ թիմակիցների կողմից էր։ Ուրախ եմ, որ կարողացա վարկանիշ ձեռք բերել ու այսօր հնարավորություն ունեմ նախապատրաստվելու իմ կյանքի առաջին Օլիմպիական խաղերին։

Գնում եմ Ռիո․․․

Ուղեգիր նվաճելն արդեն երազանք էր։ Չգիտեմ՝ օլիմպիական քաղաքում ինչ կլինի, ինչպես կընդունի ինձ Ռիոյի ռինգը, բայց մեծ պատասխանատվություն եմ զգում․ գնում եմ մեր երկրի պատիվը բարձր պահելու։

Հույսեր, սպասելիքներ․․․

Առանց հույսի երբեք չեմ բարձրանում ռինգ։ Սա մեծ հնարավորություն է Օլիմպիական խաղերում երկիրդ ներկայացնելու, լավ հանդես գալու։ Հույս ունեմ, որ կիարակացնեմ Օլիմպիական խաղերից մեդալով վերադառնալու իմ երազանքը։

Արմեն Հակոբյան (անձնական մարզիչ)

14 տարի է Վլադն իմ սանն է։ Շատ համեստ, աշխատասեր տղա է, նպատակասլաց։ Սկզբում պատանիների, ապա երիտասարդների մեջ իր քաշային կարգում իրեն հավասարը չուներ, մի քանի տարի Հայաստանի չեմպիոն դարձավ։ Ապա մեծահասակների կազմում Հայաստանի չեմպիոն ու նվաճեց օլիմպիական ուղեգիրը։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով