20:38  ,  18 հուլիսի, 2016

Արթուր Աբրահամ. Կարիերաս կավարտեմ 1-1.5 տարվա ընթացքում

Պետք է վերադարձնեմ աշխարհի չեմպիոնի կոչումը, կարիերաս կավարտեմ 1-1.5 տարվա ընթացքում: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, ով հուլիսի 16-ին անցկացրեց կարիերայի 50-րդ մենամարտը՝ 30-րդ անգամ հաղթելով նոկաուտով:

Բեռլինում կայացած մենամարտում հայ բռնցքամարտիկի մրցակիցն էր նորվեգացի Թիմ Ռոբին Լիհաուգը, որը պարտվեց 8-րդ ռաունդում նոկաուտով:

Արթուր, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ 50-րդ հոբելյանական մենամարտում տարած հաղթանակիդ կապակցությամբ։ Դժվա՞ր էր Թիմ Ռոբին Լիհաուգին պարտության մատնելը։

Շնորհակալ եմ։ Իսկապես ուրախ եմ հաղթանակիս համար։ Կինս, ընտանիքիս անդամները նույնպես շատ ուրախացան։

Թիմ Ռոբինը թույլ մրցակից չէր․ շատ բարձրահասակ էր, աջով ուժեղ հարված ուներ։ Այսքան ժամանակ մեկ պարտություն էր ունեցել։ Ուժեղ հարվածներ ուներ, բայց իմ ուժեղ հավածներով նրան պարտության մատնեցի։

Մենամարտից առաջ հարցազրույցում նշել էիր, որ ցանկանում ես ազատվել Ռամիրեսի դեմ կրած պարտության հիասթափությունից։ Ազատվեցի՞ր։

Դեռ մի քիչ կա։ Այնպես չէ, որ միանգամից անցել է, պարտության ցավը միշտ մնում է։ Սա դեռ որակավորման մենամարտ էր։ Երբ վերադարձնեմ աշխարհի չեմպիոնի իմ տիտղոսը, այդ ժամանակ նոր ամեն ինչ տեղը կընկնի։

Այս հաղթանակն ինձ համար կարեւոր էր։ Սա որակավորման մենամարտ էր․ես դարձա WBO Intercontinental-ի տիտղոսակիր, որն ինձ թույլ է տալիս արդեն հաջորդ մենամարտս անցկացնել աշխարհի չեմպիոնության համար։

Ե՞րբ է սպասվում հաջորդ՝ արդեն չեմպիոնության համար մենամարտը։

Այս պահին արդեն սկսվում են բանակցությունները իմ հաջորդ՝ չեմպիոնական մենամարտի մասին։ Դեռեւս չեմ կարող ասել, թե երբ կլինի, բայց ցանկություն ունեմ մինչեւ այս տարվա վերջ մենամարտել։ Հաջորդ մրցակիցս կլինի  WBA կամ WBO վարկածով գործող չեմպիոններից մեկի հետ։

Արթուր, քո իրար հաջորդող մենամարտերից ելնելով, կարծես՝ չես համակերպվում աշխարհի չեմպիոնի գոտին Ռամիրեսին զիջելու փաստի հետ։

Այո, իսկապես ցանկանում եմ շատ արագ հետ վերադարձնել աշխարհի գոտին, չեմպիոնի տիտղոսը։ Սա իմ 50-րդ մենամարտն էր։ Երեւի, մինչեւ 55 կհասնեն մենամարտերիս քանակը մինչ մարզական կարիերայիս ավարտը։ Այնպես որ, որքան հնարավոր է, արագ պետք է հետ վերադարձնեմ չեմպիոնական գոտիս։ Կարծում եմ՝ ամենաուշը 1,5 տարում կավարտեմ կարիերաս։

Ինչպե՞ս ես պատրաստվում անցկացնել հանգիստդ։

Այս անգամ, այս հաղթանակից հետո Հայաստան չեմ գա։ Որոշել եմ կնոջս եւ ընտանիքիս անդամների հետ մեկնել հանգստանալու։ Հաջորդ չեմպիոնական մենամարտից հետո կգամ Հայաստան։

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով