19:20  ,  14 հուլիսի, 2016

Արթուր Աբրահամ. Ցանկանում եմ ազատվել Ռամիրեսից կրած պարտության հիասթափությունից

Արթուր Աբրահամի նորաստեղծ ընտանիքը շուտով համալրում է ունենալու. հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը հայր է դառնալու։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, ով այս օրերին պատրաստվում է հուլիսի 16-ին Բեռլինում կայանալիք մենամարտին։ Արթուր Աբրահամի (44-5, 29 նոկաուտ)  մրցակիցը  սկանդինավյան աստղ, 23-ամյա նորվեգացի Թիմ Ռոբին Լիհաուգն է (15-1, 8 նոկաուտ)։ Մենամարտը կկայանա Բեռլինի  «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել է այս տարվա ապրիլի 10-ին Լաս Վեգասում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ (108:120, 108:120, 108:120) պարտվել էր մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսին։ Հուլիսի 16-ին կայանալիք մենամարտը կլինի հայ բռնցքամարտիկի 50-րդ հանդիպումը պրոֆեսիոնալ ռինգում։

Արթուր, մի քանի օրից կրկին ռինգ ես դուրս գալու, ինչպե՞ս ես տրամադված։

Հաղթական:  Ես ուզում եմ ազատվել Ռամիրեսից կրած պարտության հիասթափությունից եւ ապացուցել,  որ կարող եմ ավելին: Հավատում եմ, որ կհաղթեմ:

Ի՞նչ մարզումային փուլ ես անցնում։

Երկար մարզվել եմ Բեռլինում եւ Քիենբաում մարզաառողջարանային քաղաքում։ Պարտությունից հետո մարզիչս` Ուլլի Վեգները, էլ ավելի խստացրեց մարզումներս,  որպեսզի կարողանամ գերազանց մարզավիճակի հասնել:  Նախօրեին մարզիչիս հետ բաց մարզում անցկացրեցինք Բեռլինում, արդեն լիովին պատրաստ եմ մենամարտի:

Լիհաուգի ներկայացուցիչները փորձեցին փնովել քեզ,  քո մարզավիճակը՝ մեղադրելով Օսլո չմեկնելու մեջի՞նչ խնդիր կար իրականում։

Խնդիր չկար, պարզապես Օսլո մեկնելն ինձանից օրեր կխլեր, իսկ մարզիչս չէր ցանկանում,  որ ես այդ օրերը կորցնեմ, նա  ուզում էր,  որ ամեն օր անընդմեջ մարզվեմ: Այդպես էլ արեցի:

Ի՞նչ մարզավիճակում ես հիմա։

Գերազանց: Այսպես է կարծում նաեւ մարզիչս: Ի դեպ, նա միշտ չէ,  որ արտահայտվում է այս մասին:  Եթե ասում է, ուրեմն իրոք գոհ է իմ մարզավիճակից:

Շատ  քիչ  ժամանակ անցավ Լաս Վեգասի քո մենամարտից հետո։ Այս կարճ ժամանակահատվածում կարողացա՞ր եւ հանգստանալ,  եւ մարզավիճակդ վերականգնել։

Այո, կարողացա հանգստանալ, մարզավիճակս վերականգնել, բայց կարեւորը մարզվելն էր, որ կարողանամ հաղթել:  

Ի՞նչ կասես մրցակցիդ մասին։

Տաղանդավոր մարզիկ է, շարժուն, ճկուն:

Ինչպե՞ս կգնահատես նրա հնարավորությունները։

Չեմ թերագնահատի,  միայն կասեմ, որ ռինգում Լիհաուգն ինձանից շատ բան կսովորի: Ես ավելի փորձառու եմ ու կկարողանամ հանդիպման ժամանակ իմ կանոնները թելադրել նրան:

Պարտությունն ի՞նչ է տալիս մարզիկին,  եւ որքանո՞վ է նպաստում հաջորդ հաղթանակին հասնելուն։

Ես պարտությունը շատ ծանր եմ տանում: Անշուշտ, այն նաեւ մղում է հաղթանակի,  բայց հենց հաղթանակն էլ կարող է մղել նոր հաղթանակի: Այնպես,  որ,  պարտությունն ինձ առանձնապես լավ բան չի տալիս:

Արթուր,  դու արդեն ընտանիք ունեսանընհատ մենամարտեր, մարզումներ,  հաղթանակներ, պարտություններ, չե՞ս հոգնում այդ տեպմից եւ չե՞ս ցանկանում,  արդյոք, ընտանիքիդ հետ ավելի շատ ժամանակ անցկացնել,  բազմոցին նստել եւ հանգստանալ։

Իհարկե, ցանկանում  եմ եւ ամեն հնարավորություն օգտագործում եմ օրերս ընտանիքիս հետ անցկացնելու համար:  

Ի դեպ, ե՞րբ է սպասվում համալրում ընտանիքում։

Շուտով։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով