16:43  ,  7 հուլիսի, 2016

Տիգրան Գյոկչյան. Հայաստանի հավաքականն ավելի բարձրահասակ խաղացողների կարիք ունի

Հայաստանի հավաքականն ավելի բարձրահասակ խաղացողների կարիք ունի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընացքում ասել է բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը՝ ամփոփելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը եւ խոսելով ազգային հավաքականի խնդիրների մասին։

«Մենք սպասում էինք, որ լավ արդյունքներ կունենանք։ Դժվարն այն էր, որ մեր հավաքականի խաղացողները միմյանց լավ չէին ճանաչում, միասին չէին մարզվել եւ խաղային փորձ չունեին։ Թիմի մի մասը վետերաններ էին, ովքեր մի քանի տարի շարունակ դադար էի տվել, մի մասն էլ երիտասարդներ էին, ովքեր խաղային փորձ քիչ ունեին։ Այս խնդիրներով հանդերձ  դուրս եկանք խաղադաշտ եւ խաղացինք։ Հեռուստացույցով երեւում է, որ մենք հեշտ ենք հաղթում մեր մրցակիցներին, շատ ուժեղ պայքար չի գնում, բայց խաղահրապարակում լրիվ ուրիշ պայքաքր էր, պատկերն այլ էր։ Մեր մրցակիցները մեզ պարտվում էին, ոչ թե նրա համար, որ թույլ էին, այլ մեր մարզիկներն էին ուժեղ։

Թիմի վրա շատ աշխատանք ունենք դեռ անելու։ Բոլոր օղակները պետք է ուժեղացնենք, որովհետեւ արդեն մրցաշարերը եւ խաղերը ավելի բարձր մակարդակի են լինելու։ Հավաքականը ավելի բարձրահասակ խաղացողների կարիք ունի։ Պետք է ուժեղացնենք եւ ավելացնենք մեր կենտրոնական խաղացողների քանակը։ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում իսկապես զգացվում էր կենտրոնականի պակաս եւ քչով կարողացանք հաղթանակի հասնել։

Ես գոհ եմ, որ առանց վնասվածքների վերադարձանք հայրենիք։ Սովորաբար նմանատիպ մեծ մրցաշարերին մարզիկները վնասվածքներ ստանում են եւ փոխարինողների անհրաժեշտություն է լինում։ Մենք կենտրոնականի փոխարինողներ չունենք»,- ասաց Տիգրան Գյոկչյանը։

Հիշեցնենք, որ Մոլդովայում անցկացված Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում Հայաստանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով