15:06  +04,  7 հուլիսի, 2016

ՀԲՖ փոխնախագահ. Մեր թիմն իսկապես շատ ուժեղ է, համալրված է տաղանդավոր պրոֆեսիոնալ խաղացողներով

Կառավարության կողմից բասկետբոլի ֆեդերացիային տրամադրվող բյուջեն շատ քիչ է, ասելու բան էլ չէ, փնտրում ենք հովանավորներ։

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն առաջին անգամ նվաճել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոնի տիտղոսը։

«Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոնությունը մեր ծրագրի առաջին հաջողությունն էր։ Այս ծրագրի վրա 5 տարուց ավելի է, ինչ սկսել ենք աշխատել։ 2011 թվականին մեր տղաները խաղացին մինչեւ 16 տարեկանների առաջնությունում։ Այդ թիմից 6 մարզիկ այժմ մեր հավաքականի անդամներն են, նրանց հետ հավաքականը համալրել էինք նաեւ օտարազգի պրոֆեսիոնալ խաղացողներով։ Ծրագիրը դեռ ավարտված չէ։ Հույս ունեմ, որ մեր հաջողությունները շարունակական կլինեն։ Դեռ շատ անելիքներ ունենք եւ հույս ունենք, որ հայերին բասկետբոլի ազգային հավաքականը դեռ շատ կուրախացնի իր հաղթանակներով։

Բայց նաեւ ուզում եմ հանրությունը ընդունի, որ հաջողություններից բացի, կարող ենք նաեւ պարտություններ ունենալ եւ մեր ապագա պարտությունների համար ներողություն ենք խնդրում ժողովրդից։ Պարտությունները պետք է նորմալ ընդունվեն, քանի որ սպորտը միայն հաղթանակներով չէ»,- ասաց Արա Պողոսյանը։

Հայաստանում ակումբային բասկետբոլ ստեղծելու մասին մտածելը ֆեդերացիայի նախագահը վաղ է համարում.

«Հայաստանում հնարավոր է կազմակերպել առաջնություն, որտեղ կխաղան պրոֆեսիոնալ ակումբներ, բայց բարձր որակ առաջնությունը չի կարող ապահովել։ Ակումբները պետք է ձեւավորվեն մանկապատանեկան սպորտը զարգացնելուց հետո միայն։ Մենք դեռ չենք շտապում։ Այս տարի կաշխատենք պատանեկան բասկետբոլը զարգացնենք, երեխաների թիվը հասցնենք ավելի քան 10 հազարի։ Դրանից հետո շուրջ 7-10 տարի անց նոր մենք կարող ենք ունենալ նորմալ ակումբային առաջնություն։ Այդ հարցով մեզ կօգնի նաեւ հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը։

Մենք կորցրել էինք հայկական բասկետբոլի դպրոցը, ու դա մեր մեղքը չէր։ Մեր պետությունն այն իրավիճակում էր, որ դժվար էր պահպանել լավ հիմք ունեցող կառուցվածքները։ Մեր ֆեդերացիան նոր է ուշքի գալիս եւ նոր է քայլեր ձեռնարկում, որ բասկետբոլը Հայաստանում վերածնունդ ապրի եւ զարգանա։ Ֆեդերացիան գտավ հաջողության իմպուլսը, եւ Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն լինելը հաջողության առաջին քայլն էր։ Այդ հաղթանակից հետո բասկետբոլի հանդեպ ժողովրդի վերաբերմունքը փոխվեց, այս մարզաձեւի սիրողների թիվն աճեց։ Այնպես որ ամեն ինչ դեռ առջեւում է»։

Ֆեդերացիայի փոխնախագահը վստահեցնում է, որ Հայաստանի ազգային հավաքականը «քեռու տղերքից» եւ հարեւան-բարեկամներից չի կազմված.

«Մեր թիմն իսկապես շատ ուժեղ է, հավաքականը համալրված է տաղանդավոր պրոֆեսիոնալ խաղացողներով։ Նրանք, ովքեր դրսից են համալրել մեր հավաքականը, 16 տարեկանից խաղում են թիմում, Հայաստանի քաղաքացիներ են, ի դեպ, ազատված են զինծառայությունից։ Նրանք իրոք լավ մարզիկներ են եւ մենք արդեն համոզվել ենք դրանում, այնպես չէ, որ «քեռու տղերքին» ենք ընդգրկել ազգային հավաքական, որպեսզի ազատենք բանակից։ Նրանցից յուրաքանչյուրն ապացուցել է, որ արժանի է լինել ազգային հավաքանում եւ ես, ինքս, անձամբ պատասխան եմ տալիս նրանցից յուրաքանչյուրի համար»։

Պետական աջակցության ու ֆինանսավորմանը վերաբերող հարցերից ֆեդերացիայի փոնախագահը փորձեց խուսափել՝ ուրի՞շ հարցեր պատասխանով։

«Ցավոք մեր կառավարարությունը հնարավորություն չունի մեզ օգնելու։ Բյուջեն, որը տրամադրում է սպորտի նախարարությունը, շատ քիչ է․ բավարարում է միայն Հայաստանում մանկապատանեկան առաջնություններ անցկացնելուն։ Մենք չենք կարող այդ բյուջեի վրա հիմնվել, շատ քիչ է, ասելու բան էլ չէ։ Մեզ այժմ աջակցում է ՀԱՕԿ-ը։ Այժմ հովանավորների եւ գրանտերի փնտրտուքների մեջ ենք»,- շեշտեց Արա Պողոսյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ