10:05  +04,  6 հուլիսի, 2016

«Մի օլիմպիականի պատմություն». Միհրան Հարությունյան (ֆոտո)

Ռիո-2016-ին ընդառաջ NEWS.am Sport-ը է սկսում է «Մի օլիմպիականի պատմություն» խորագրով հարցազրույցների շարքը հայ մարզիկների հետ, որոնք Հայաստանը կներկայացնեն 31-րդ ամառային օլիմպիական խաղերում:

«Մի օլիմպիականի պատմության» առաջին հերոսը հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն,  2015թ. աշխարհի առաջնությունում Ռիո-2016-ի ուղեգիր նվաճած, 2015թ. Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում երկրորդ տեղը գրաված Միհրան Հարությունյանն է. նա երազում է լինել լավ հայր իր 9-ամյա դստեր համար, դառնալ օլիմպիական չեմպիոն, կառուցել փոքրիկ մատուռ Էջմիածնում:

Միհրան, պատմիր քո մանկության մասին: Որտե՞ղ ես ծնվել, ապրել:

Ես ծնվել եմ 1989 թվականի մարտի 25-ին սուրբ քաղաքում՝ Էջմիածնում: Իմ լույս աշխարհ գալը փոքր-ինչ տարօրինակ է եղել՝ ես ծնվել եմ քնած, առավոտյան ժամը 9-ին:  4 տարեկանում ընտանիքով տեղափոխվել ենք Մոսկվա: Հայրս շատ էր աշխատում, չարչարվում, գումար վաստակում, որպեսզի մեզ ապահովեր լավ կյանքով: Հայրս շատ աշխատասեր է. կարծում եմ՝ ես մի փոքր նրանից վերցրել եմ այդ հատկանիշը:

Ինչպիսի՞ն էր քո մուտքը մեծ սպորտ: Ինչո՞ւ հենց ըմբշամարտ եւ ոչ այլ մարզաձեւ:

Ես շատ աշխույժ ու ակտիվ երեխա եմ եղել, դպրոցում էլ էի շատ ակտիվ: Մայրս անհանգստանում  էր ինձ համար, որ հանկարծ ինձ կամ ուրիշների վնաս չտամ: Եվ նրանք հորս հետ որոշել են, որ ես իմ այդ ակտիվությունն ու աշխուժությունը պետք է նվիրեմ սպորտին: Այդպես ստացվեց իմ մուտքը սպորտ: Առաջին անգամ երբ մտա մարզադահլիճ, դա ըմբշամարտի մազրադահլիճն էր: Անմիջապես ինձ ներգրավեցին հունահռոմեական ըմբիշների շարքը: Այնպես չի եղել, որ ես եմ ընտրել հունահռոմեական ըմշամարտը: Առաջին իսկ մարզումներից ինձ մոտ ստացվում էր այն, ինչ պահանջում էր մարզիչը: Մի քանի մարզումներ անց, ես կարողանում էին անել այն, ինչ մեծ վարպետությամբ անում էին ինձանից մի քանի տարի շատ մարզված երեխաները: Մի քանի շաբաթվա մարզումներից հետո, մեր թիմին առաջարկեցին մասնակցել փետրվարի 23-ին՝ Բանակի օրվան նվիրված մրցումներին: Դա 2001 թվականն էր: Ես մասնակցեցի մրցումներին, անցկացրեցի հինգ գոտեմարտ, հինգում էլ հաղթանակ տարա՝ ցուցադրելով իմ բոլոր ունակությունները, որոնք սովորել էի շատ կարճ ժամանակահատվածում: Դա իմ մարզական կարիերայի եւ առհասարակ իմ կյանքի առաջին մրցումներն էին: Այդ մրցումների տեսագրությունները  պահպանում եմ: Երբեք չեմ մոռանա. այդ օրը մեր ընտանիքի ամենաերջանիկ օրն էր:

Ի՞նչ դժվարությունների ես հանդիպել մարզական կարիերայում եւ ի՞նչպես ես հաղթահարել դրանք: Երբեւէ հիասթափվե՞լ ես ըմբշամարտից:

Իմ առաջին մրցումից եւ առաջին հաղթանակից հետո շատ մրցումների էի մասնակցում: Ինձ հաճախ էին մտցնում թիմի կազմ, հանում մրցագորգ: Այդ շրջանում ինձ հաղթանակները չէին տրվում, հաճախ էի պարտվում կիսաեզրափակիչներում եւ եզրափակիչներում: Ինձ կարծես չէր բավարարում ուժը, փորձի պակաս էր զգացվում եւ հոգեբանորեն հաղթելու ձգտումը: Երկու տարի փորձեցի գտնել ինձ այս մարզաձեւում, բայց շարունակ պարտվում էի: Այդ շրջանում մեծ հիասթափություն ապրեցի եւ ցանկանում էի լքել սպորտը, դուրս գալ հունահռոմեական ըմբշամարտից, քանի որ ոչ մի կերպ չէի համակերպվում եւ համաձայնվում պարտությունների հետ, ինձ անտանելի վիրավորում էին այդ պարտությունները, խոցում էին ինքնասիրությունս, չէի ցանկանում այլեւս իմ պարտություններից հիասթափված ընտանիքիս անդամների հայացքները տեսնել, հուսախաբ եղած աչքեր տեսնել, ինձ համար ցավալիր էր, որ ես նրանց հիասթափեցնում եմ: Ամեն մրցումներից հետո ծնողներիս աչքերում փնտրում էի այն հիացմունքը, որոնք նրանք ապրեցին իմ առաջին մրցումների, առաջին հաղթանակի օրը եւ այդպես էլ չէի գտնում:

Որոշ ժամանակ անց վերանայեցի որոշումս, երկար մտածեցի ու հասկացա, որ պետք է լիովին նվիրվել այս մարզաձեւին, որպեսզի լինի պատասխանը, քանի որ եթե մի բանի լիարժեք նվիրվես, պատասխանն անպայման հետ կգա քեզ: Եվ ես սկսեցի անել ամեն ինչ, արդյունքի հասնելու համար: Մեկ տարի անց արդյունքը սպասել չտվեց. ես սկսեցի հաղթել գրեթե բոլոր մրցումներում: Հաղթանակի բերկրանքը կարծես վարակել էր ինձ, եւ ես այլեւս չէին ցանկանում կանգ առնել: Ես կարողացա նաեւ հաղթահարել ներքին հոգեբանական խոչընդոտները եւ ամեն ինչ սկսվեց ստացվել ինձ մոտ: 

Հիասթափություններ ու խոչընդոտներ շատ եմ ունեցել այս տարիների ընթացքում, բայց ես կարողացել եմ հաղթահարել ամեն բան Աստծո կամոք եւ իմ հաջողությունների համար շնորհակալ եմ միայն Նրան:

Մարզական կարիերայիդ ավարտից հետո ո՞ր ոլորտում ես պատկերացնում քեզ:

Կարծում եմ ինձանից լաց սպորտային միջոցառումների կազմակերպիչ դուրս կգար: Կամ՝ գուցե մարզիչ լինեի, ինձ թվում է վատ մարզիչ չեմ լինի: Իրականում դեռ չեմ մտածել՝ ինչ եմ անելու մարզական կարիերաս ավարտելուց հետո:

Բացի սպորտից, ի՞նչ նախասիրություններ ունես:

Սպորտն իմ մասնագիտությունն է, իսկ նախասիրություններս շատ են. հետաքրքրվում եմ պատմությունով, սիրում եմ ճանապարհորդել ավտոմեքենայով, սիրում եմ բնությունը, բնության երեւույթները, ինձ դուր է գալիս ձկնորսությունը, երբեմն ընկերներիս հետ գնում եմ ձկնորսության, բայց առանց որեւէ ձկնորսական հարմարանքի: Արվեստի նկատմամբ անտարբեր չեմ. ինձ դուր է գալիս գեղանկարչությունը, գործիքային երաժշտությունը՝ ջազ, բլյուզ, ինձ հաճելի է լսել եկեղեցային երգեցողությունը, ֆիլմերից պատմական եւ մելոդրամայի ժանրերն եմ նախընտրում: Ծաղիկներ էլ եմ շատ սիրում՝ բնական ծաղիկներ եւ ուղղակի պաշտում եմ անձրեւը: Չեմ սիրում ինքնաթիռով թռչել:

Մի քանի բառով ինչպե՞ս կնկարագրես ինքդ քեզ:

Ես իրականում այդքան էլ ամեն ինչի գիտակ չեմ, չեմ փայլում գիտելիքներով: Երբեմն սխալեր ու հիմարություններ եմ անում: Բայց դրանք մարդու համար են եւ անթերի մարդ չկա, ուղղակի ամենակարեւորն այն է, որ գիտակցես ու հասկանաս սխալներդ կամ ավելի լավ կլինի երբեք կյանքում սխալներ թույլ չտաս:

Ի՞նչն ես գնահատում մարդկանց մեջ:

Ես սիրում եմ ընկերություն անել եւ լիարժեք տրվում եմ ընկերությանը: Իրական ընկեր ունենալը կյանքի մեծագույն պարգեւ է: Մարդկանց մեջ գնահատում եմ անկեղծությունը, հոգու մաքրությունը, նվիրվածությունը եւ ինքնազոհությունը: Չեմ սիրում դատարկախոսներին, վախկոտներին եւ ալարկոտներին:

Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա քո ընկերը:

Ես չափազանց շատ ծանոթներ ունեմ, բայց քիչ ընկերներ: Ոչ թե այն պատճառով, որ մարդիկ չեն ցանկանում ինձ հետ ընկերություն անել, այլ՝ ինքս թույլ չեմ տալիս, որպեսզի չկորցնեմ ընկեր այն պատճառով, որ նա չի կարող լինել ինձ համար գաղափարակից  այդ մեծ եւ կարեւոր «ընկեր» բառի թեկուզ մի քանի սկզբունքների առումով: Իմ կյանքի ամենաիրական ու մեծ ընկերը հայրս է: Հենց նա է ինձ համար իրական ընկերոջ ամենավառ ու փայլուն օրինակ՝ այդ բառի ամբողջ իմաստով:

Դու քո բոլոր հաղթանակները նվիրում ես փոքրիկ աղջկադ: Բա՞րդ է լինել ե'ւ լավ մարզիկ, ե'ւ լավ հայր: Դժվա՞ր է համատեղել ընտանեկան կյանքն ու սպորտը:

Իմ աղջկան՝ փոքրիկ Մոնիկային, նրա ծնվելու առաջին օրվանից եմ նվիրում իմ բոլոր հաղթանակներն ու մեդալներ: Եվ այդպես լինելու է իմ ամբողջ կյանքի ընթացքում: Աղջիկս կյանքիս գանձն է, եւ իմ բոլոր ձեռքբերումները նրան են նվիրվում: Թե ինչպիսի հայր եմ դստերս համար, չեմ ցանկանում ինքս ինձ գնահատական տալ. կհամբերեմ այնքան, մինչեւ Մոնիկան կմեծանա եւ ինքը կպատմի՝ լա՞վ հայր եմ, թե՞ վատ:

Բավական բարդ է եւ լիարժեք նվիրվել սպորտին եւ այդ ընթացքում լինել ընտանիքի լավ հայր: Շատ եմ ուզում ընտանիքիս հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, բայց սպորտի հետ դա մի փոքր դժվար է:

Ո՞րն է քո երջանկության բանաձեւը:

Ես ամեն օր փորձում եմ լինել ավելի լավը, քան երեկ, ամեն ինչ անում եմ իմ նպատակներն ու մտահղացումները իրականություն դարձնելու համար, փորձում եմ հնարավորինս երջանկացնել իմ հարազատներին, լինել միշտ շնորհակալ եւ ճիշտ մարդ: Երբ ինձ մոտ ստացվում է անել այս ամենը, հոգումս թեթեւություն եմ զգում եւ ինձ երջանիկ մարդ եմ զգում, ապրում եմ իրական երջանկություն: Սա է իմ երջանկության բանաձեւը:

Միհրան, պատմիր օլիմպիական ուղեգրիդ պատմությունը:

Ռիո-2016 օլիմպիական ուղեգիր նվաճելն ինձ մոտ ուղեկցվեց փոքր-ինչ հիասթափությամբ եւ վիրավորանքով, քանի որ Լաս Վեգասում կայացած աշխարհի առաջնությունում ինձ ուղղակի թույլ չտվեցին նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ես հուսախաբ էի եղել եւ անտանելի վրդովված էի: Այդ պահին ես միայն մտածում էի, որ աշխարհի առաջնությունում իմ առջեւ դրված խնդրի չնչին մասն եմ կարողացել կատարել: Հիմա ամեն ինչ հետեւում է, ես բաց թողեցի իմ հիասթափությունն ու վիրավորանքները եւ այժմ միայն շնորհակալ եմ Աստծուն, որ կարողացա նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիր: Այն ժամանակ ինձ հաջողությունը չժպտաց, բայց կարծում եմ հաջողությունն ինձ համար պահված է Օլիմպիական խաղերում ինքնադրսեւորվելու եւ իմ հնարավորությունների աառվելագույնը ցուցադրելու համար:

Ի՞նչ նշանակություն ունի քեզ համար Ռիո-2016-ին մասնակցելը:

Դա իմ մարզական կարիերայի եւ կյանքի ամենամեծ նպատակներից մեկն է, որին ձգտել եմ եւ գնացել այս ամբողջ տարիների ընացքում՝ հաղթանակների ու պարտությունների, ուրախությունների ու հիասթափությունների միջով անցնելով: Սա ամենաբարձր կետն է, որին ձգտում եմ ես, ինչպես յուրաքանչյուր մարզիկ: Ես այժմ ինձ լիարժեք տրամադրում եմ եւ ուղղորդում միայն հաղթանակի Ռիոյում: Մարզվում եմ օրը երեք անգամ մինչեւ վերջնական հյուծվելս՝ ինձ սովորեցնելով հոգնածությանն ու բարդ իրավիճակներին. կարծում եմ ինձ դա պետք կգա Ռիոյում:

Ո՞րն է երազանքդ:

Ներկայիս երազանքս բաղկացած է 5 օղակներից՝ 5 մայրցամաքները խորհրդանշող օղակներից, եւ ես հավատում եմ իմ հաղթանակին:

Իսկ սպորտից զատ, ունեմ մեծ ու վաղեմի երազանք. ես ծնունդով օրհնված երկրից եմ՝ Հայաստանից: Ծնվել եմ օրհնված եւ սուրբ քաղաք Էջմիածնում: Երազում եմ մի օր այնտեղ կառուցել փոքրիկ մի մատուռ, որտեղ մոմեր չեն վաճառվի երբեւէ, այլ դրանք անվճար կտրվեն. այդ մատուռի դռները միշտ բաց կլինեն եւ երբեք չեն փակվի եւ այնտեղ գալ ու աղոթել հնարավոր կլինի օրվա բոլոր ժամերին:

Դու գնում ես Ռիո... Շարունակիր միտքս:

Ես գնում եմ Ռիո, քանի որ ունեմ մեծ ցանկություն, նպատակ եւ ուժ այս կարեւոր փորձությունն անցնելու համար եւ կփորձեմ ինքնադրսեւորվել Ռիո-2016-ում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ