14:54  ,  16 հունիսի, 2016

Կարեն Աղամալյան. Մեր տղաներից յուրաքանչյուրը Ռիոյում իրեն զգալու է օլիմպիական ռինգի տերը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի հետ Կիեւում անցկացված համատեղ մարզումային հավաքից հետո վերադարձել է Երեւան: Հայաստանը Ռիո-2016-ի օլիմպիական ռինգում կունենա չորս բռնցքամարտիկ: Բոլոր ուղեգրերը հայ մարզիկները նվաճել են Թուրքիայում անցկացված վարկանիշային մրցաշարում: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Կարեն Աղամալյանի հետ:

Պարոն Աղամալյան, մինչեւ Սամսունը քննադատություններ էին հնչում բռնցքամարտիկների, այդ թվում՝ Ձեր հասցեին, նույնիսկ ՀԲՖ նախագահը, կարծես, հույսը կտրել էր՝ նշելով, թե ոչ ոք չի պարտադրում, որ անպայման պետք է ուղեգիր նվաճեք. հաջորդ Խաղերին կլինի։ Եվ միանգամից 4 ուղեգիր՝ մեկ վարկանիշային մրցաշարից։ Ինչպե՞ս ուժ գտաք դիմադրելու այդ ճնշող մթնոլորտին։

Պարոն Գեւորգյանը, որպես ֆեդերացիայի նախագահ ճիշտ տակտիկա էր բռնել։ Նա ինձ էլ էր ասել, որ ոչ ոք մեզ չի պարտադրում, թե անպայման պետք է ուղեգիր նվաճենք. այս անգամ չի լինի, հաջորդ անգամ կլինի։ Ամեն անգամ ինձ նայում էր ու ասում՝ շատ ես մտածում։ Պատասխանում էի, որ չեմ կարող չլինել անհանգիստ, չմտածել։ Ես 24 ժամ, նույնիսկ տանը բազմոցին նստած մտածում էի՝ ինչ պետք է արվի, ինչպես պետք է արվի։ Դա էր իմ անհանգստությունը։ Նա ասում էր՝ ոչ ոք չի պարտադրում։ Ես իր խոսքերը շատ լավ հասկանում էի, որ այդ հոգեբանական ճնշումը, ծանրաբեռնվածությունը չէր ուզում իմ ուսերին դնել։ Ճիշտ քայլ էր նրա կողմից:

Այդ անհանգստությունը թույլ տվեց, որ մենք հավաքվենք եւ մի մրցաշարից բերենք միանգամից 4 ուղեգիր։ Չեմ ցանկանում որեւէ վատ բան ասել նախկին թիմի մասին. թիմը ես նոր էի սկսել ղեկավարել, չնայած, թիմում եղել են ինձ հետ ճանապարհ անցած տղաներ։ Երբ ինձ վստահվեց թիմը, մասնակցեցինք 2 ուժեղ մրցաշարի՝ Մինսկում եւ Սոֆիայում։ 2 ուժեղ մրցաշարում անցկացրել ենք 11 մենամարտ, հաղթել ենք ընդամենը 2 մենամարտում։ Իհարկե, սա խայտառակություն էր, մեծ հիասթափության պատճառ, կողքից նայողը իրավունք ուներ ասել՝ ո՞ւր է այստեղ թիմ, ինչպե՞ս ես այդ թույլ թիմով մեկնում Սամսուն, այն էլ վարկանիշային մրցաշարի։ Ես Մինսկում ու Բուլղարիայում ուսումնասիրում էի թիմը, թե ովքեր են ունակ, ովքեր վարկանիշի նույնիսկ մի փոքր շանս ունեն։ Ու ես որոշեցի, որ Սամսուն կմեկնեն 6-7 բռնցքամարտիկներ, ովքեր ունեն մինիմալ շանսեր։

Հետո պարոն Գեւորգյանի հետ խոսեցի, ասաց՝ թիմում կան տղաներ, ովքեր մասնակցել են Լոնդոն-2012-ի նախապատրաստական փուլին, պայքարել վարկանիշների համար։ Եվ խորհուրդ տվեց Սամսունում ուղեգրերի համար պայքարելու հնարավորություն տալ բոլորին, քանի որ դա ոմանց համար գուցե Օլիմպիական խաղերին մասնակցելու վերջին հնարավորությունը լինի։ Ես համաձայնեցի, քանի որ թիմը գերազանց վիճակում էր եւ պատրաստ մրցաշարին։

Ըստ Ձեզ՝ սա թիմային աշխատանքի ու սեփական աշխատանքի նկատմամբ հավատի արդյո՞ւնքն էր, թե՞, ամեն դեպքում, սպորտային հաջողությունը։

Սամսունից առաջ, երբ Աբովյան քաղաքում հավաք էինք անում, մեր երկրորդ մարզիչ Արման Հարությունյանին ասացի՝ նայի, տես ինչպես են տանջվում, ինչքան քրտինք են թափում այս տղաները, ո՞ւմ պետք է զիջեն։ Նրանց անհրաժեշտ է միայն մի փոքր սպորտային հաջողություն։ Ու այդպես վստահ մեկնեցինք Սամսուն այն համոզմամբ, որ սպորտային բախտը ժպտում է ուժեղին։ Մեր վստահությունը կրկնապատկվեց, երբ Օլիմպիական կոմիտեն մեզ տվեց բոլոր երաշխիքները, որ մեր հաղթած մենամարտը, մեր հաղթանակը մեզանից չեն խլելու։ Դա առաջին անգամ էր, որ մեր հաղթած մենամարտերից ոչ մեկը մեզանից չեն խլել։ Տպավորությունն այնպիսին էր, որ մենք, ասես, Թուրքիայում չլինեինք։ Ֆեդերացիայի նախագահը անընդմեջ մեզ հետ կապի մեջ էր, զանգում էր, տղաներիի հետ խոսում, ոգեւորում։

Թուրքիայից վերադաձանք բոլորիս մեջ վերածնված մի զգացումով, որ մենք հաղթող ազգ ենք։ Մասնավորապես, Ղարաբաղի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո տղաների «դուխը», սեփական ուժերի ու հնարավորությունների նկատմամբ հավատը մեծացավ։ Ինձ համար հաղթող էին նաեւ այն բռնցքամարտիկները, ովքեր Սամսունում պարտվեցին եւ դուրս մնացին պայքարից։ Ես իրենց ասել եմ այդ մասին։

Բա՞րդ է մարզիկին Օլիմպիական խաղերին նախապատրաստելը։

Բարդ է, անկասկած։ Բռնցքամարտիկների համար ամեն ինչ պայմանավորված է նյարդային համակարգի հանգիստ եւ հոգեբանական հավասարակշռված վիճակից։ Բռնցքամարտում մեծ դեր ունի հոգեբանական պահը։ Եթե մարզիկի նյարդային վիճակը նորմալ է, հանգիստ է, ուրեմն ամեն ինչ լավ կլինի։ Մարզիչը, որը բռնցքամարտիկին տանում է անկյուն, նրա հոգեվիճակը եւս պետք է հանգիստ, հավասարակշռված լինի։ Մարզիկը մտավ ռինգ, անում է այն, ինչ գիտի։ Եթե բռնցքամարտիկը ներքուստ վառվում է, ներվային համակարգը լարված է, գիշերը ներվայնությունից չի քնել, նրանից արդյունք սպասել պետք չէ, որքան էլ կատարյալ մարզավիճակում լինի։ 

Հոգեբանական ի՞նչ ապրումների մեջ են այժմ օլիմպիականները՝ մարզական կարիերայի ամենագլխավոր ստուգատեսին ընդառաջ։

Ես նրանց աչքերում հավատ եմ տեսնում։ Նրանք թիմ են։ Նրանք հաղթած ու դեռ հաղթող թիմ են, ուժեղ երկրի ուժեղ մարզիկներ են։ Դա ինձ ոգեւորում է, ուժ է տալիս։ Այդ ամենը ես ավելի պարզ տեսա իմ սաների աչքերում, մասնավորապես, Կիեւում։ Նրանք մարզվում էին այնպիսի երկրների հավաքականների հետ, ովքեր ուժեղ են, աշխարհի, Եվրոպայի մրցանակակիրներ ունեն իրենց թիմում, բայց օլիմպիական ուղեգրեր չունեին, դեռեւս պատրաստվում էին վարկանիշների համար պայքարին։ Այդ մարզիկներն արդեն նայում էին մեր տղաներին։ Չէ, իմ սաները չեն մեծամտացել, ուղղակի նրանց մեջ ավելացել ու ամրապնդվել է հավատը, ինքնավստահությունը։ Հիմա ես չեմ կասկածում, որ այս տղաներից յուրաքանչյուրը, ով վաղը մտնի օլիմպիական ռինգ, իրեն զգալու է ռինգի տերը։ Հարցը հաղթելու կամ պարտվելու մեջ չէ, բայց ինքնավստությամբ ու սեփական ուժերի հանդեպ հավատով են մտնելու ռինգ։

Անհանգստություն ունե՞ք։

Անհանգստությունը միշտ կա. սա այն անհանգստությունն է, որ մտածում ես, ուզում ես՝ լավ լինի։ Լավը լինում է, ուզում ես, որ լավից լավը լինի։ Անհանգստություն կա, բայց չգիտեմ... Սիրտս հանգիստ է։ Յուրաքանչյուր մարզիչի մարզչական կարիերայի կարեւոր ձգտումներից մեկն է օլիմպիական չեմպիոն կամ մեդալակիր ունենալը։ Ինձ համար նույնպես այս փուլն իմ մարզչական գործունեության ամենապատասխանատու եւ ամենակարեւոր շրջանն է։

Օլիմպիական խաղերը ոչ աշխարհի, ոչ էլ Եվրոպայի առաջնություն է։ Սա լրիվ ուրիշ հարթակ է, ուրիշ մրցում, ուրիշ աշխարհ։ Ամեն ինչ սկսվում է հենց օլիմպիական քաղաքից. մտնում ես մի մեծ քաղաք, նախկին մրցանակակիրներ, չեմպիոններ, աշխարհի ուժեղագույնները մեկ քաղաքում կողք-կողքի ապրում են։ Արդեն ամեն ինչ այլ է, այլ լրջություն ու զգոնություն։ Յուրաքանչյուր մարզիկ գիտակցում է, որ դա ամենամեծ մարզական իրադարձությունն է, որ կարող է իր կյանքում եւ կարիերայում տեղի ունենալ։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս