10:47  ,  31 մայիսի, 2016

Հայ մարմնամարզիկները վերադարձել են Հայաստան

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը վերադարձել է Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում կայացած Եվրոպայի առաջնությունից, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Բեռն-Մոսկվա-Երեւան չվերթով Հայաստան ժամանեցին Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը, փոխչեմպիոններ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանը, ինչպես նաեւ թիմի մյուս անդամները եւ մարզիչները՝ գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ:

Մարմնամարզիկներին դիմավորելու էին եկել Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, բազմաթիվ մարզասերներ, հարազատներ եւ ընկերներ:

Հիշեցնենք, որ Շվեյցարիայում Հարություն Մերդինյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր նժույգի վարժությունում, Վահագն Դավթյանը արծաթե մեդալակիր էր դարձել օղակների վարժությունում, իսկ Արթուր Դավթյանը երկրորդ տեղն էր գրավել հենացատկում: Արթուր Ավետիսյանն էլ արծաթե մեդալ էր նվաճել երիտասարդների մրցաշարի օղակների վարժությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում