21:49  ,  17 մայիսի, 2016

Սամվել Գեւորգյան. Իմ կարծիքով՝ Ռոման Ամոյանը չի շարունակի մարզական կարիերան

Ռոման Ամոյանը շատ տաղանդավոր եւ շատ մեդալներ ունեցող ըմբիշ է: Տխուր է, որ նրան չհաջողվեց օլիմպիական ուղեգիր նվաճել, բայց ինչ արած. սպորտում լինում են ինչպես լավ, այնպես էլ՝ դաժան օրեր։

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը:

Հարցին, թե հնարավոր է օլիմպիական թիմ չընդգրկվելուց հետո Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը ավարտի մարզական կարիերան, մարզիչը նշեց.

«Ռոմանի հետ այդ թեմայով չենք զրուցել, բայց իմ կարծիքով՝ գուցե նա որոշի ավարտել մարզիկի կարիերան, քանի որ նա սովոր է հաղթանակների: Ընտրությունն իրենն է, բայց իմ կարծիքով՝ էլ չի շարունակի: Ռոման Ամոյանը շատ ուժեղ ըմբիշ է, երիտասարդ տարիքում նրան հաղթող չկար, դեռեւս 19 տարեկանում աշխարհի չեմպիոնների էր հաղթում, տասնյակ մեդալներ է նվաճել»։

Հիշեցնենք, որ Ստամբուլում կայացած օլիմպիական վերջին վարկանիշային մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ, 59 կգ քաշային Ռոման Ամոյանը պայքարը սկսեց որակավորման փուլում եւ պարտություն կրեց։ Ստամբուլի մրցաշարում օլիմպիական ուղեգիր էին նվաճում միայն եզրափակիչի մասնակիցները:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով