18:44  ,  4 ապրիլի, 2016

Զինաիդա Սիմոնյանի հուշամրցաշարի հաղթողները

Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում ավարտվել է Զինաիդա Սիմոնյանի անվան 5-րդ հուշամրցաշարը: Ավանդական դարձած մրցաշարին այս տարի առաջին անգամ մասնակցում էր Վրաստանը ներկայացնող թիմը, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը:

Տղաների օդամղիչ հրացան վարժությունում առաջին տեղում Վրեժ Թորոսյանն է, երկրորդ եւ երրորդ տեղերը գրավեցին Հայկ Բաբայանը եւ Հրաչիկ Բաբայանը: Աղջիկների պայքարում եռյակում հայտնվեցին Ալլա Պողոսյանը, Մարիամ Միքայելյանը եւ Սվետլանա Տիգրանյանը:

Օդամղիչ ատրճանակ մրցաձեւում առաջին տեղում վրացի Ցոտնե Մաչավարիանին է, այնուհետ Ակակի Մոսուշվիլին եւ եռյակի վերջում Նորայր Առաքելյանն է: Աղջիկների պայքարում լավագույն արդյունք գրանցեց Օլիմպիական խաղերի չեմպիոն Նինո Սալուկվաձեն: Երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Էլմիրա Կարապետյանը եւ Գոհար Դանիելյանը: 

Օդամղիչ հրացան` վազող թիրախ, նորմալ վազք վարժությունում ամենաբարձր միավորները հավաքեց Շանթ Սարգսյանը: Նրան հաջորդեցին Հովհաննես Խաչատրյանը եւ Ռազմիկ Մինասյանը: Աղջիկների պայքարի եռյակում հայտնվեցին Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանը եւ Լաուրա Ավետիսյանը։

Զինաիդա Սիմոնյանն աշխարհի քառակի, Եվրոպայի, Խորհրդային Միության եւ Հայաստանի բազմակի չեմպիոն է` 50-ից ավելի ռեկորդների հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում