20:32  ,  7 դեկտեմբերի, 2015

Վահե Բադալյան. Ցանկանում եմ դառնալ Պակյաոյի նման բռնցքամարտիկ

Ցանկանում եմ բռնցքամարտում հասնել ամենաբարձր տիտղոսներին՝ Եվրոպայի, աշխարհի եւ Օլիմպիական խաղերի չեմպիոնների կոչումներին: Գուցե Օլիմպիական չեմպիոն դառնալն անհավանական թվա, բայց գոնե հնարավորություն ունենամ օլիմպիական մեդալակիր: Այս պահից արդեն նպատակս 2020 թ. Օլիմպիական խաղերն են:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի երիտասարդական հավաքականի 52 կգ քաշային կարգի ներկայացուցիչ, 2014թ. երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2015 թ. երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն Վահե Բադալյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերին Լեհաստանում կայացած բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Վահե Բադալյանը  նվաճել է փոխչեմպիոնի կոչումը:

Վահե, դու վերջերս դարձար երիտասարդների եվրոպայի փոխչեմպիոն, ինչի առիթով NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ: Ի՞նչը խանգարեց նվաճել չեմպիոնի տիտղոսը:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Բարդ առաջնություն էր: Մեկնարկային մենամարտս մի փոքր անհաջող ստացվեց ինձ համար: Ճիշտ է՝ արդյունքում հաղթանակն իմն էր, բայց ինձ համար անհաջող մեկնարկ էր: Երկրորդ մենամարտս ավելի լավ ստացվեց թուրքի հետ, ինչպես ծրագրել էինք, այնպես էլ ստացվեց: Երրորդ մենամարտս մոլդովացու հետ ավելի լարված ստացվեց, որովհետեւ որոշիչ էր լինելու եզրափակիչ մտնելու համար: Ստացվեց այնպես, ինչպես ես էի ցանկանում: Հաղթանակը նվաճեցի, մարզիչները գոհ մնացին իմ ելույթից: Կարծում էի՝ հաջողությունն ինձ կուղեկցի նաեւ եզրափակիչում՝ բրիտանացու հետ մենամարտում, բայց ինչ-որ տեղ սխալվեցի: Կարծում եմ՝ մեղավորությունն իմն  էր, ներքուստ անցկացրածս մենամարտերից բավարարվածություն էի զգում, ինչն ինձ խանգարեց լիարժեք պայքարել ոսկու համար: Լավ կլիներ, որ չեմպիոնի կոչումն իմը լիներ, բայց շատ վստահ գնացի եզրափակիչ, գոհ էի ինքս իմ անցկացրած մենամարտերից, կարծես, հագեցած, որ առնվազն արծաթն իմն է, չհասցրեցի գիտակցել, որ կորցրեցի ոսկե մեդալը:

Քանի՞ տարեկանից ես զբաղվում բռնցքամարտով, ինչպե՞ս եւ ո՞ւմ խորհրդով ես ընտրել բռնցքամարտիկի կարիերան:

Բռնցքամարտով զբաղվում եմ 7 տարեկանից, արդեն շուրջ 10 տարի: Առաջին մարզումերից էլ սիրել եմ այս մարզաձեւը, իմ ցանկությամբ եմ գնացել: Սկզբում ծնողներս դեմ էին, թույլ չէին տալիս, որ մարզումներին հաճախեմ: Ինձ ոչ ոք չի տարել բոքսի, ես եմ սիրել, ես ինքս եմ գնացել ընդունվել: Անձնական մարզիչս Ֆեդյա Ալեքսանյանն է: Նա է ինձ ուղղորդել այս տարիների ընթացքում, սովորեցրել բռնցքամարտել: Երբ նվաճեցի Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը, նա շատ ուրախացավ. նրա շնորհիվ է, որ հասել եմ այսքան հաջողությունների: Ֆեդյա Ալեքսանյանից բացի ինձ բռնցքամարտում շատ են օգնել նաեւ մեր մյուս մարզիչները, հավաքականի մարզիչ Կարեն Աղամալյանը: Իսկապես, ամեն օր մարզադահլիճում մեծ աշխատանք է տարվում: Մեր մարզիչները ծանր աշխատանք են տանում, ջանք ու եռանդ չեն խնայում մեզ բռնցքամարտի նրբություններին սովորեցնելու, իսկական բռնցքամարտիկներ դարձնելու համար: Ինձ նման վերաբերմունքն ու սրտացավ մոտեցումը ոգեւորում է, կարծում եմ՝ յուրքանանչյուր մարզիկին էլ կոգեւորի, որ տեսնեն, թե որքան են իրեն հավատում, որքան են ուզում, որ հաղթես, որ բոլորից ուժեղ լինես ռինգում:

Բռնցքամարտն ի՞նչ է քեզ համար:

Ամեն ինչ է բռնցքամարտն ինձ համար. հոբբիից դարձել է ամեն ինչ, նպատակ, կյանքի ուղի, որն արդեն ընտրել եմ: Հետագայում այլ մասնագիտություն չեմ ընտրելու, արդեն իմ ընտրությունն արել եմ: 10 տարին բավական երկար ժամանակ էր, որ ընտրեի: Մարզումների ժամանակ այս խոսքերիս արդիականությունն այդքան չեմ գիտակցում: Մրցումների ժամանակ արդեն ռինգում զգում եմ, որ սա իմ մասնագիտությունն է:

Ես բացի Հայաստանի առաջնությունից եւ մյուս փոքր մրցաշարերից, խոշոր մրցաշարերի եւ այն էլ եզրափակիչի չէի մասնակցել: Եվրոպայի առաջնության ռինգում լարվածություն կար մեջ, բայց ապրումներս շատ էին՝ կրակ կար մեջս, ցանկանում էի բոլորին հաղթել, շատ ոգեւորվածություն կար:

Հայաստանում, ըստ քեզ, բռնցքամարտն ի՞նչ զարգացում ունի: Ի՞նչ է պակասում  հավանական դարձնելու օլիմպիական մեդալ նվաճելը:

Հայաստանում կան բռնցքամարտիկներ, ովքեր ունեն ամենաբարձր կոչումները նվաճելու բոլոր հնարավորությունները: Այնպես չէ, որ Հայաստանում ընդհանրապես չկա բռնցքամարտ: Բայց էլի աշխատելու տեղ ունենք: Մենք տաղանդի, ուժի պակաս չունենք: Հայաստանում մարզիկներին պակասում է միայն ֆինանսականը: Եթե մարզիկի ֆինանսականը լավ է, ավելի շատ է ոգեւորվում, ավելի լավ մարզվում, ավելի բարձր ձգտումներ դնում իր առջեւ, որպեսզի ավելի մեծ բարձունքների հասնի: Իսկ ինչ վերաբերում է մարզաձեւի զարգացմանը, մենք մեծ քայլերով առաջ ենք շարժվում, մենք այսօր այնպիսի երկրների ենք հաղթում, այնպիսի երկրներից ենք առաջ, որ սրանից տարիներ առաջ չէինք էլ կարող մտածել դրա մասին: Օրինակ՝ Եվրոպայի առաջնությունից առաջ Ծաղկաձորում համատեղ հավաք անցկացրեցինք Ռուսաստանի հավաքականի հետ: Մենք բոլորս էլ տեսանք, որ մենք ռուս մարզիկներից մի քանի գլուխ բարձր ենք՝ ֆիզիկապես, տեխնիկապես, հոգեպես, տակտիկայով, ամեն ինչով: Հայաստանում բռնցքամարտն ավելի զարգացած է իմ կարծիքով, բռնցքամարտիկի հոգին մարզիկներիս մեջ ավելի ուժեղ է, քան ռուսներինը:

Ո՞վ է քո իդեալը բռնցքամարտում՝ միջազգային ռինգում:

Ունեմ շատ սիրելի բռնցքամարտիկներ: Հետեւում եմ մեր բռնցքամարտիկներին՝ Արթուր Աբրահամին, Վիկ Դարչինյանին, Սյուզի Կենտիկյանին: Ուրախանում եմ նրանց ամեն հաղթանակով: Բայց միջազգային ռինգում իմ իդեալը ֆիլիպինցի Մենի Պակյաոն է: Ցանկանում եմ նրա նման բռնցքամարտիկ դառնալ՝ արագությամբ, տեխնիկայով, բռնցքամարտելու ոճով: Կարծում եմ՝ ճանապարհին եմ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով