17:51  +04,  19 նոյեմբերի, 2015

Ռոբերտ Էմմիյան. Պատմական իրադարձություն էր, երազանքս մոտ է իրականություն դառնալուն

Երեւանում ռետինե ծածկույթով վազքուղու կառուցման համար Հայաստանի կառավարության աջակցության համաձայնագիրը ստորագրված է: 2016թ. մայիսին Հայաստանում կավարտվի միջազգային չափանիշներին համապատասխան ռետինե վազքուղիներ կառուցումը: Իմ երազանքն իրականություն դառնալուն մոտ է, ինչի համար շատ ուրախ եմ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հեռացատկի Եվրոպայի, ԽՍՀՄ  բազմակի չեմպիոն, Բարի կամքի խաղերի հաղթող, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:

Նոյեմբերի 16-19-ը Ռոբերտ Էմմիյանի հրավերով Հայաստանում էին Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի խորհրդի անդամ Սվեյն Առնե Հանսեն եւ Եվրոպայի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Քրիստիան Միլցը: Եվրոպայի ֆեդերացիայի պատվիրակությանը Հայաստանում ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Պարոն Էմմիյան, ո՞ւմ հրավերով եւ ի՞նչ նպատակ ուներ Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի պատվիրակությանը այցը Հայաստան:

Հայաստան այցելելու հրավերն ու նախաձեռնությունն իմն էր: Լավ եւ մեծ նպատակներով էինք ժամանել  Հայաստան: Ես արդեն երկար տարիներ մի երազանք ունեմ՝ Հայաստանում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխանող ռետինե ծածկույթով վազքուղի: Այս կապակցությամբ ես դիմել էի Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիային եւ միջազգային ֆեդերացիային, ստացել նրանց համաձայնությունը՝ աջակցել վազքուղու կառուցմանը: Այդ ընթացքում պայմանավորվածություն էի ձեռք բերել նաեւ Mondo ընկերության հետ, ով մեզ կտրամադրի վազքուղու համար նախատեսված ռետինե ծածկույթը: Վազքուղին կառուցվելու է «Հրազդան» ստադիոնում, իսկ Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան պատրաստ է արժեքի մի մասի վճարումով աջակցել մեզ: Մնում էր միայն միայն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի համաձայնության մասին գրավոր պատասխանը։

Նոյեմբերի 17-ին նախագահը սիրով ընդունեց Եվրոպայի ֆեդերացիայի պատվիրակությանը եւ հանդիպման ընթացքում քննարվեցին վազքուղու կառուցման հարցերը: Մեծ ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանի կողմից ստորագրվեց Հայաստանի կառավարության աջակցության համաձայնագիրը: Համաձայնագիրը եռակողմ ստորագրեցին նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի խորհրդի անդամ Սվեյն Առնե Հանսենը: Սա իսկապես պատմական իրադարձություն էր, իմ երազանքը իրականություն դառնալու ճանապարհին է եւ շատ քիչ ժամանակ անց հայ աթլետները կունենան միջազգային չափանիշներին համապատասխանող վազքուղի, պայմաններ մարզվելու համար:

Կառավարությունը տվե՞լ է իր համաձայնությունը պետբյուջեից տրամադրել 220 հազար եվրո վազքուղու կառուցման համար:

Այո, մենք ստացանք նախագահի եւ վարչապետի համաձայնությունը, ինչի համար ես անչափ շնորհակալ եմ մեր երկրի ղեկավարից: Ամբողջ նախագիծն արժե մոտ 1 միլիոն եվրո: Բայց միջազգային եւ Եվրոպայի ֆեդերացիաները ինձ համար վազքուղին պատրաստ են կառուցել 380 հազար եվրոյով, որից 160 հազարը օժանդակում են այս երկու ֆեդերացիաները: Մեր կառավարությունը տրամադրում է 220 հազար եվրո:

Ե՞րբ կսկսվեն վազքուղու կառուցման աշխատանքները:

Շատ շուտով: Կարծում եմ արդեն 2016 թվականի ամռանը մեր մարզիկները կմարզվեն «Հրազդան» ստադիոնում միջազգային ստանդարտներին համապատասխանող վազքուղու վրա:

Հյուրերը շրջեցին Հայաստանում, ծանոթացան մեր պայմաններին, եղան «Հրազդան» ստադիոնում եւ շատ տպավորված են: Նրանք շատ սիրեցին իմ հայրենիքը եւ լավ տպավորություններով հեռացան Հայաստանից: Նրանք շատ տպավորված էին նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Հայաստանի սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանի ջերմ ընդունելություններից: Ես իմ հերթին շատ ուրախ եմ, որ նման արդյունավետ այց ունեցանք Հայաստան, ինձ համար նաեւ հաճելի էր, որ մեր հյուրերը այսքան ջերմ ընդունելության արժանացան, ինչի համար շնորհակալությունս եմ հայտնում Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին:

Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի պատվիրակությանը հյուրընկալել է նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, հյուրերը եղան նաեւ նորակառույց Օլիմպավանում՝ բարձր կարծիք հայտնելով ՀԱՕԿ նախագահի նախաձեռնած նորաբաց Օլիմպավանի մասին: ՀԱՕԿ նախագահը եւս խոստացավ աջակցել վազքուղու կառուցմանը, ինչի համար եւս անչափ ուրախ եմ:

Համոզված եմ, որ մեր մարզիկների համար կառուցվող լավագույն պայմանները կնպաստեն հայկական սպորտում բարձր արդյունքներ գրանցելուն, հաղթական նվաճումներ ձեռք բերելուն:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ president.am

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ