16:38  ,  29 սեպտեմբերի, 2015

Դավթաշենում բացվեց Օլիմպավանը (ֆոտո)

ՀԱՕԿ հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 29-ին Երեւանի Դավթաշեն համայքնում հանդիսավոր արարողությամբ բացվեց Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նոր շենքը՝ Օլիմպավանը, որի բացումն իրականացրեցին Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սահաբը, Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն եւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Օլիմպավանի բացմանը ներկա էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը, «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանը, օլիմպիական չեմպիոններ, մարզիկներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նշում է հիմնադրման 25-րդ տարեդարձը, ինչի կապակցությամբ Հայաստան են ժամանել 25 երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահներ, գլխավոր քարտուղարներ, պաշտոնյաներ:

Հյուրերը ՀԱՕԿ նախագահի հետ շրջեցին Օլիմպավանում, այցելեցին բոլոր մասնաշենքերը, եղան մարզադահլիճներում: ՀԱՕԿ նախագահը շեյխ Ահմադ Ալ-Ֆահադ Ալ-Սահաբին ներկայացրեց Օլիմպավանի ճարտարապետին, շինաշխատանքները ղեկավարող անձնանց, շնորհակալություն հայտնեց շինարարներին, իսկ շեյխ Ահմադ Ալ-Ֆահադ Ալ-Սահաբը բարձր գնահատական տվեց կատարած աշխատանքին:

«Շատ շնորհակալ եմ բոլորիդ աշխատանքից, որքան զայրացել եք այս ընթացքում, այսօր բոլորը փջվում են»,- ասաց ՀԱՕԿ նախագահը Օլիմպավանի ճարտարապետին եւ շինարարներին: «Շատ լավ է, հոյակապ է, ինձ ամեն ինձ դուր եկավ»,- ասաց Ահմադ Ալ-Ֆահադ Ալ-Սահաբին Գագիկ Ծառուկյանին եւ աշխատանքն իրականացնող անձնանց:

ՀԱՕԿ նախագահի խոսքով, այժմ գործը մարզիկներինն է, նրանց համար ստեղծված է բոլոր պայմանները՝ Հայաստանի հաղթանակներ պարգելու համար: «Ծառուկյանն իր պարտականությունները Հայաստանի մարզաշխարհի համար կատարում է, մնում է միայն սպասենք մեր մարզիկների հաղթանակին, ինչը, որ դեռ չեն արել մեր մարզիկներն անեն եւ այդ հաղթանակի բերկրանքը պարգեւեն մեր ժողովրդին: Մենք ձեռքներս ծալած չենք նստում եւ էլի չենք նստելու, ավելի շատ ենք անելու»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Գագիկ Ծառուկյանը:

«Ինձ համար այսօր շատ մեծ պատիվ է լինել այստեղ՝ որպես Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ՝ ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ շեյխ Ահմադ Ալ-Ֆահադ Ալ-Սահաբի հետ: Հպարտ եմ, որ մենք միասին նշեցինք այս հոյակապ համալիրի ՝Օլիմպավանի բացումը: Ես այս շենքում եղել եմ դեռ մեկ տարի առաջ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի հետ, եւ ես չէի հավատում, որ մեկ տարի հետո այս նախաձեռնությունն արդեն իրականություն կլինի եւ շինարարությունն այսքան շուտ ավարտված կլինի: Շնորհավորում եմ բոլորին, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին»,- ասաց ԵՕԿ նախագահ պատրիկ Հիկեն՝ ՀԱՕԿ-ին նվիրելով ԵՕԿ-ի օլիմպիական հուշանվեր:

Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում կառուցված Օլիմպավանն ունի 10000 քմ տարածք, բաղկացած է մի քանի մասնաշենքից: Առաջին մասնաշենքում վարչական մասն է՝ դահլիճներ, կոնֆերանս սրահներ, ՀԱՕԿ-ի աշխատանքային սենյակներ: Երկրորդը մարզական մասնաշենքն է՝ ծանրամարտի դահլիճներ, շոգեբաղնիք եւ հակադոպինգային կենտրոն, երկրորդ հարկում՝ ձյուդոյի, ըմբշամարտի, բռնցքամարտի մարզադահլիճներ: Երրորդ մասնաշենքը հյուրանոցային համալիրն է, ունի 121 համար, ճաշարան, ռեստորան, լվացքատուն, եւս երեք սենյակ հանդիպումների, քննարկումների համար, 6 սենյակ նախատեսված պարալիմպիկ մարզիկների համար՝ բոլոր հարմարություններով: Կա եւս երկու մասնաշենք։ Մայիսի 1-ին շահագործման կհանձնվեն լողավազանը եւ խաղային մարզադահլիճը: Դեռեւս չավարտած վիճակում Օլիմպավանի բյուջեն կազմել է ավելի քան 5-6 միլիարդ դրամ: 

Լուսինե Շահբազյան

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով