22:18  ,  15 օգոստոսի, 2015

Բունդեսլիգա. Հենրիխ Մխիթարյանի դուբլն ու «Բորուսիայի» վստահ մեկնարկը

Դորտմունդի «Բորուսիան» ֆուտբոլի Գերմանիայի 2015/16թթ. առաջնությունում մեկնարկեց տպավորիչ խաղով ու վստահ հաղթանակով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ դուբլով:

Բունդեսլիգայի առաջին տուրում Թոմաս Տուխելի թիմն ընդունեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային», որի դարպասն ուղարկեց 4 անպատասխան գոլ: Դորտմունդցիների մեկնարկային կազմում էր Հենրիխ Մխիթարյանը, ով 8-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ, սակայն մրցավարները կասկածելի խաղից դուրս վիճակ արձանագրեցին նրա մոտ: Սկզբնամասում տանտերերն ունեին նկատելի առավելություն եւ խփեցին 2 գոլ: 15-րդ րոպեին հաշիվը բացեց գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը, իսկ 6 րոպե անց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կրկնապատկեց հաշիվը: 33-րդ րոպեին գոլ խփեց նաեւ Հենրիխ Մխիթարյանը, ով Օբամեյանգի փոխանցումից հետո գրավեց դատարկ դարպասը:

Հայ կիսապաշտպանն ակտիվ էր նաեւ երկրորդ խաղակեսում, իսկ 50-րդ րոպեին դարձավ դուբլի հեղինակ: Մխիթարյանը հանդես եկավ առանց փոխարինման ու անցկացրեց լավ հանդիպում, իսկ նրա երկրորդ գոլը վերջինն էր խաղում: Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխն իր գոլերի քանակը հասցրեց 6-ի:

Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում հաղթանակով մեկնարկեց Բունդեսլիգայում: 

Գերմանիայի առաջնություն, առաջին տուր

«Բորուսիա Դ.» - «Բորուսիա Մ.»՝ 4:0

Մարկո Ռոյս, 15, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 21, Հենրիխ Մխիթարյան, 33, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News