20:16  ,  10 օգոստոսի, 2015

Նինա Հովնանյան. ՀԽ-ում գոլֆի ընդգրկումը Հայաստանում այս հրաշալի մարզաձեւի զարգացման կարեւորագույն խթան է (ֆոտոշարք)

Գոլֆի «Արարատ» ակումբում ավարտվեց օգոստոսի 6-ին մեկնարկած Համահայկական 6-րդ խաղերի գոլֆի մրցաշարը: Այս մարզաձեւը առաջին անգամ էր ընդգրկվել Խաղերի ծրագրում:

Մրցաշարին մասնակցել է  է 21 խաղացող  Հայաստանից, Արցախից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կիպրոսից, Գերմանիայից, Ավստրալիայից, Ուկրաինայից, Շվեդիայից եւ Արգենտինայից:

Մրցումներն ընթացել են 5 կանանցից եւ 17 տղամարդկանցից բաղկացած երկուական թիմերի միջեւ։ Կանանց պայքարում հաղթող է ճանաչվել Նուշիկ Գեւորգյանը Երեւանից, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերն են զբաղեցրել համապատասխանաբար Արաքս Զարգարյանն Արցախից եւ Անահիտ Ղազարյանը Գերմանիայից: Տղամարդկանց պայքարում հաղթող է դարձել Ջիմ Լիվիեն Կիպրոսից, իսկ Համազասպ Ղազարյանը Գերմանիայից եւ Դանիել Քեչյանն Արգենտինայից զբաղեցրել են երկրորդ եւ երրորդ տեղերը:

«Մեզ համար մեծ ուրախություն եւ պատիվ է «Արարատ» ակումբում հյուրընկալել աշխարհասփյուռ հայության համար այս կարեւորագույն սպորտային միջոցառման մասնակիցներին եւ երկրպագուներին: Համահայկական խաղերի ծրագրում գոլֆի ընդգրկումը Հայաստանում այս հրաշալի մարզաձեւի զարգացմանը, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում հայ գոլֆասեր հասարակության համախմբմանն ուղղված կարեւորագույն խթան է: Լիահույս եմ, որ այս մրցաշարը շարունակական բնույթ կկրի»,- փակմանն ասել է Վահագնի բնակելի թաղամասի տնօրեն Նինա Հովնանյանը

«Համահայկական խաղերում տեղի ունեցած գոլֆի այս մրցաշարը զգալի ներդրում է Հայաստանում եւ սփյուռքում այս մարզաձեւի տարածման ու զարգացման գործում: Վստահորեն կարող եմ ասել, որ մրցումները հիմնված էին առողջ մրցակցության եւ արդար պայքարի սկզբունքների վրա: Ակումբի բարձրակարգ դաշտերն ապահովեցին մրցումների բարեհաջող ընթացքն ու ավարտը», - նշել է Հայաստանի ազգային գոլֆի ասոցիացիայի փոխնախագահ Պատրիկ Լորին:

Համահայկական 6-րդ խաղերում անցկացված այս մրցաշարը կազմակերպվել է Հայաստանի գոլֆի ազգային ասոցիացիայի կողմից:

Մրցումների կազմակերպման եւ իրականացման գործում հատկապես մեծ դեր է ունեցել ասոցիացիայի հիմնադիր եւ գլխավոր քարտուղար Կարեն Հովհաննիսյանը, ով անձամբ առաջարկել եւ հոգ է տարել, որպեսզի գոլֆն ընդգրկվի Խաղերի ծրագրում: Սա Հայաստանում գոլֆի առաջին միջազգային մրցաշարն է, որը երկրում այս մարզաձեւի 10 տարվա զարգացման ուղին ներկայացնող հրաշալի նախաձեռնություն է:

Շուշանիկ Հակոբյան (ֆոտո՝ NEWS.am Sport)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news