20:16 10 օգոստոսի, 2015Գոլֆի «Արարատ» ակումբում ավարտվեց օգոստոսի 6-ին մեկնարկած Համահայկական 6-րդ խաղերի գոլֆի մրցաշարը: Այս մարզաձեւը առաջին անգամ էր ընդգրկվել Խաղերի ծրագրում:
Մրցաշարին մասնակցել է է 21 խաղացող Հայաստանից, Արցախից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կիպրոսից, Գերմանիայից, Ավստրալիայից, Ուկրաինայից, Շվեդիայից եւ Արգենտինայից:
Մրցումներն ընթացել են 5 կանանցից եւ 17 տղամարդկանցից բաղկացած երկուական թիմերի միջեւ։ Կանանց պայքարում հաղթող է ճանաչվել Նուշիկ Գեւորգյանը Երեւանից, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերն են զբաղեցրել համապատասխանաբար Արաքս Զարգարյանն Արցախից եւ Անահիտ Ղազարյանը Գերմանիայից: Տղամարդկանց պայքարում հաղթող է դարձել Ջիմ Լիվիեն Կիպրոսից, իսկ Համազասպ Ղազարյանը Գերմանիայից եւ Դանիել Քեչյանն Արգենտինայից զբաղեցրել են երկրորդ եւ երրորդ տեղերը:




«Մեզ համար մեծ ուրախություն եւ պատիվ է «Արարատ» ակումբում հյուրընկալել աշխարհասփյուռ հայության համար այս կարեւորագույն սպորտային միջոցառման մասնակիցներին եւ երկրպագուներին: Համահայկական խաղերի ծրագրում գոլֆի ընդգրկումը Հայաստանում այս հրաշալի մարզաձեւի զարգացմանը, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում հայ գոլֆասեր հասարակության համախմբմանն ուղղված կարեւորագույն խթան է: Լիահույս եմ, որ այս մրցաշարը շարունակական բնույթ կկրի»,- փակմանն ասել է Վահագնի բնակելի թաղամասի տնօրեն Նինա Հովնանյանը
«Համահայկական խաղերում տեղի ունեցած գոլֆի այս մրցաշարը զգալի ներդրում է Հայաստանում եւ սփյուռքում այս մարզաձեւի տարածման ու զարգացման գործում: Վստահորեն կարող եմ ասել, որ մրցումները հիմնված էին առողջ մրցակցության եւ արդար պայքարի սկզբունքների վրա: Ակումբի բարձրակարգ դաշտերն ապահովեցին մրցումների բարեհաջող ընթացքն ու ավարտը», - նշել է Հայաստանի ազգային գոլֆի ասոցիացիայի փոխնախագահ Պատրիկ Լորին:
Համահայկական 6-րդ խաղերում անցկացված այս մրցաշարը կազմակերպվել է Հայաստանի գոլֆի ազգային ասոցիացիայի կողմից:





Մրցումների կազմակերպման եւ իրականացման գործում հատկապես մեծ դեր է ունեցել ասոցիացիայի հիմնադիր եւ գլխավոր քարտուղար Կարեն Հովհաննիսյանը, ով անձամբ առաջարկել եւ հոգ է տարել, որպեսզի գոլֆն ընդգրկվի Խաղերի ծրագրում: Սա Հայաստանում գոլֆի առաջին միջազգային մրցաշարն է, որը երկրում այս մարզաձեւի 10 տարվա զարգացման ուղին ներկայացնող հրաշալի նախաձեռնություն է:
Շուշանիկ Հակոբյան (ֆոտո՝ NEWS.am Sport)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.