16:41  ,  25 հունիսի, 2015

Եվրոպական խաղեր. Հովհաննես Դավթյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ծրագրով ձյուդոյի մրցաշարում Հովհաննես Դավթյանը բրոնզե մեդալի համար առաջին սփոփիչ գոտեմարտում պարտություն կրեց եւ դուրս մնաց պայքարից։ Հայաստանի ներկայացուցիչը 60 կգ քաշային կարգում գոտեմարտեց շվեյցարացի Լյուդովիկ Շամարտինի հետ եւ պարտվեց վազարիով։ Հայ մարզիկը ստացել է օլիմպիական վարկանիշային 64 միավոր։

Հովհաննես Դավթյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել էր սլովակ Միտյազ Տրբովիչին, սակայն քառորդ եզրափակիչում պարտվեց իսպանացի Ֆրանսիսկո Գարիգոսին:

Հունիսի 25-ին պայքարի մեջ էր մտել նաեւ Հայաստանը ներկայացնող Ժաննա Ստանկեւիչը, ով 52 կգ քաշայինների մեկնարկային գոտեմարտում պարտվել էր բրիտանուհի Կելի Էդվարդսին: Քանի որ բրիտանուհին պարտվեց հաջորդ փուլում, Ստանկեւիչը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Եվրոպական խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի մարզիկներից հանդես կգա նաեւ Դավիթ Նիկողոսյանը (73կգ), ով պայքարի մեջ կմտնի հունիսի 26-ին:

Լուսանկարը՝ Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության մամուլի պատասխանատու Կարեն Գիլոյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում