17:16  ,  13 մայիսի, 2015

Վրացի հեծանվորդը փորձելու է Արցախից հատել Ադրբեջանի սահմանը

Եկել եմ Հայաստան հեծանվաերթով քարոզելու խաղաղություն, հեծանվաերթով հասնելու եմ մինչեւ Ղարաբաղ, փորձելու եմ Ղարաբաղից հատել նաեւ Ադրբեջանի սահմանը եւ քարոզել խաղաղությունը երկրների միջեւ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Երեւան ժամանած «Հանուն խաղաղության» հեծանվային երթի ղեկավար եւ հիմնական մասնակից, «Բոլորը հանուն մեկի» կազմակերպության ղեկավար, «Սպասիր ինձ» ծրագրի վստահված օգնական Նոդար Բերիձեն:

Վրացի Նոդար Բերիձեն Երեւանում է Հայաստանի սիրողական հեծանվասպորտի եւ հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի հրավերով: Վրացի հեծանվորդը հատուկ նպատակով է Հայաստանում: Նոդար Բերիձեն խաղաղության կոչով հեծանվաերթերի հայտնի անցկացնող է:

Մայիսի 14-ին Նոդար Բերիձեն հեծանվաերթով կհասնի Ղարաբաղ, որտեղ նպատակ ունի հատել Ադրբեջանի սահմանը եւ խաղաղության, համերաշխության կոչ անել: Նոդար Բերիձեն մարզիկ չէ, բայց տարիներ շարունակ հեծանվաերթեր անցկացնող վրացին իրեն արդեն համարում է մարզիկին հավասար հեծանվորդ:

Նոդար Բերիձեի ծրագրին են միանալու նաեւ 100 սիրողական հեծանվորդներ, ովքեր մայիսի 28-ին Երեւանի  Հանրապետության հրապարակից կսկսեն հաղթական մեծ հեծանվաերթ դեպի Արցախ:

«Ես Վրաստանից եմ: Պրոֆեսիոնալ հեծանվասպորտի հետ կապ չեմ ունեցել, բայց երկար տարիներ աշխատել եմ լեգենդար մարզիկ, հեծանվորդ Լեժավա Ջումբերի հետ, ով կյանքում մի նպատակ է ունեցել՝ հեծանվով անցնել ամբողջ մոլորակը եւ քարոզել խաղաղություն: Երկար տարիներ նրա հետ աշխատելով, նրա մահից հետո իմ առջեւ խնդիր դրեցի շարունակել նրա գործը եւ վերջնական նպատակին հասցնել այն, ինչ նա իր առջեւ դրել էր: Նրա կյանքի օրոք Լեժավայի հետ ծրագրեցինք խաղաղության հեծանվաերթ անցկացնել նաեւ Ուկրաինայում: Սակայն, նա չհասցրեց:

2014 թվականի օգոստոսի 28-ից մինչեւ նոյեմբերի 11-ը ես միայնակ մեծ հեծանվաերթ անցկացրի Ուկրաինայի շուրջ 22 քաղաքներում, որոնք տեսել են պատերազմ: Ուկրաինայում հեծանվաերթով անցնել եմ 5000 կմ»,- պատմեց Նոդար Բերիձեն: 

Վրացի սիրողական հեծանվորդը Հայաստանից հեծանվաերթով կհասնի Ղարաբաղ, որտեղ նպատակ ունի հատել Ադրբեջանի սահմանը: Ի դեպ, սիրողական հեծանվորդի հեծանվին ամրացրած է խաղաղությունը խորհրդանշող սպիտակ դրոշակ, որի վրա անգլերեն եւ ռուսերեն գրված է խաղաղություն: Սպիտակ դրոշի վրա պատկերվում են այցելած երկրների պետական դրոշները: Շուտով այնտեղ կհայտնվեն նաեւ Հայաստանի եւ Արցախի դրոշները:

«Լինելով Ուկրաինայում, խաղաղության կոչ անելով՝ հասկացա, որ աշխարհագրությունը պետք է մեծացնել եւ հեծանվով հատել նաեւ ամբողջ Կովկասը, մի տարածաշրջան, որտեղ հարեւան երկրները կոնֆլիկտային հարաբերությունների մեջ են միմյանց հետ: Մայիսի 7-ից Վրաստանից մեկնարկեց խաղաղության իմ հեծանվաերթը: Ես հավաքում եմ համախոհներ, որպեսզի իմ այս խաղաղության հեծանվաերթը մեծ մասսայականություն ունենա: Իմ խաղաղության կոչը պատերազմները դադարեցնելու խորհուրդ ունի: Ես ցանկանում եմ մարդկանց հասանելի դարձնել խաղաղությունը, որպեսզի այլեւս աշխարհի որեւէ երկրում, որեւէ քաղաքում զինվոր կամ խաղաղ քաղաքացի չմահանա, արյուն չթափվի: Ես այ կոչը արեցի Ուկրայիանում, Վրաստանում, ցանկանում եմ նաեւ հասնել Ղարաբաղ, տեսնել, խոսել մարդկանց հետ, փորձելու եմ անցնել Ադրբեջանի սահմանը եւ հենց Ղարաբաղի կողմից հեծանվաերթս շարունակել նաեւ Ադրբեջանում:

Իսկ եթե Ղարաբաղի կողմից չկարողանամ անցնել Ադրբեջանի սահմանը, ապա կվերադառնամ Վրաստան եւ հետո առանձին հեծանվաերթ կիրականացնեմ Ադրբեջանում: Ես Ադրբեջանում ակնկալում եմ ջերմ ընդունելություն: Կարծում եմ՝ ինձ կմիանան նաեւ ադրբեջանցի հեծանվորդներ, ես կուզեմ, որ ինձ միացողներ լինեն, որպեսզի մեր ձայնը հասանելի լինի նաեւ վերին ատյաններին: Ես հավատում եմ, որ այս երթով գոնե մեկ մարդու կյանք կփրկեմ:

Ինձ ոչ ոք չի ֆինանասավորում, ոչ մի երկրի ղեկավարություն, ոչ մի կազմակերպություն գումարներ չի տրամադրում ինձ: Ես ինքս եմ ինձ ֆինանսավորում: Ես դեռեւս միայնակ եմ այս ակցիան իրականացնում: Ցանկանում եմ, այս հեծանվաերթը միջազգային լինի, որպեսզի արյուն չթափվի»,- ասաց Նոդար Բերիձեն:

Նշենք, որ Հայաստանի սիրողական հեծանվասպորտի եւ հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի նախաձեռնությամբ, մայիսի 23-ին Վահագնի թաղամասում կանցկացվի «Երեւանյան գավաթ -3» սիրողական հեծանվասպորտի 3-րդ մրցաշարը, որին կմասնակցեն սիրողական հեծանվորդներ, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության, ՊՆ, ԱԻՆ եւ այլ կառույցների թիմեր:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով