17:53  +04,  6 մայիսի, 2015

Արայիկ Բաղդադյան. Հայաստանի հավաքականն ուժեղագույն կազմով կմեկնի Բաքու

Մինչեւ մայիսի 20-ը պարզ կլինի, թե ովքեր են Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերում ներկայացնելու Հայաստանն ազատ ոճի ըմբշամարտում: Եթե Բաքվի Խաղերը չլիներ նաեւ Եվրոպայի առաջնություն, ապա Բաքվում հանդես կգային երկրորդ համարի ըմբիշները եւ ամբողջությամբ կկենտրոնանայիք աշխարհի առաջնության եւ օլիմպիական ուղեգիր նվաճելու վրա:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 26-27-ը Երեւանում անցկացված  ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունում չեմպիոն են դարձել Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Նարեկ Սանոյանը (61 կգ), Արթուր Բաղդասարյանը (65 կգ), Իշխան Պողոսյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուսա Մուրտազալիեւը (86 կգ), Վիկտոր Կազիշվիլին (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Հայաստանի առաջնությունից հետո ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է հունիսին Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական մարզական խաղերին: Հավաքականն Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ մեկնել է Վրաստան՝ մի քանի երկրների թիմեր հետ համատեղ ուսումնամարզական հավաքի:

Պարոն Բաղդադյան, ամփոփեք Հայաստանի առաջնությունը: Ձեզ գոհացրի՞ն արդյունքները:

Կարելի է ասել՝ գոհացրին: Արդյունքներն այն էին, ինչ սպասում էինք: Հաղթեցին առաջին համարները, պատահականություններ եւ անակնկալներ չեղան: Հավաքականի անդամները բոլոր քաշային կարգերում եւս մեկ անգամ հաստատեցին իրենց տեղը հավաքականում:

Այս առաջնությունում ինձ շատ ուրախացրին երիտասարդները: Երիտասարդների հավաքականից երկու-երեք ըմբիշ իրենց լավ դրեւորեցինք, գրագետ գոտերմարտեր ցուցադրեցին եւ բարձր արդյունքներով ընդգրկվեցին մեծահասակների հավաքական: Այսօր նրանք իրենց ուրույն տեղն ունեն արդեն մեծահասակների հավաքականում: Այդ երիտասարդներից երկու տարի անց մեծ սպասելիքներ կունենանք: Նրանք մեծ արդյունքների կհասնեն:

Առջեւում Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերն են: Նախապատրաստական փուլն ինչպե՞ս է ընթանում:

Եվրոպական խաղերին շատ քիչ ժամանակ է մնացել: Հավաքականն այժմ գտնվում է Վրաստանում՝ ուսումնամարզական հավաքի: Այստեղ համատեղ հավաք է Վրաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Մոլդովայի, Լեհաստանի հավաքականների հետ: Ուսումնամարզական հավաքին մասնակցում են բոլոր քաշային կարգերի առաջին համարները՝ Դավիթ Սաֆարյանի գլխավորությամբ: Հավաքը մեկնարկել է մայիսի 3-ից: Կշարունակվի մինչեւ մայիսի 16-ը, որից հետո կվերադառնանք Հայաստան եւ կորոշենք, թե ովքեր հանդես կգան Բաքվում, ովքեր Իտալիայում կայանալիք միջազգային մրցաշարում:

Ձեզ համար արդեն պա՞րզ է, թե ովքեր կարող են լավագույն արդյունք ցույց տալ Բաքվում:

Դեռ ոչ: Բաքվում ազատ ոճի ըմբշամարտում Հայաստանը կներկայացնեն այն մարզիկները, ովքեր կլինեն գերազանզ մարզավիճակում, հոգեբանորեն պատրաստ մեդալի համար պայքարելու ըմբիշները: Դեռ պատկերը չունեմ: Ամեն ինչ պարզ կլինի այս համատեղ մեծ հավաքից հետո: Ամենայն հավանականությամբ, հանդես կգանք վեց քաշային կարգերում: Մասնակցելու ենք ուժեղագույններով, այն ըմբիշներով, ովքեր պատրաստ կլինեն պայքարել մեդալների համար: Այս հավաքից հետո հունիսին ունենք եւս մեկ միջազգային մրցաշար: Կվերադառնանք Հայաստան, թիմի մի մասը կմեկնի Իտալիա՝ միջազգային մրցաշարի, իսկ ուժեղագույնները՝ Բաքու: Ով չի մասնակցի Բաքվի խաղերին, կմասնակցի Իտալիայում կայանալիք միջազգային մրցաշարին: Մինչեւ մայիսի 20-ը պարզ կլինի, թե ովքեր եւ որ քաշային կարգերում կմասնակցենք Բաքվի Խաղերին: Ես կհայտարարեմ:

Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի արդյունքները  ազատ ոճի ըմբշամարտում տալու են նաեւ Եվրոպայի առաջնության մեդալներ: Եթե Եվրոպայի առաջնության խնդիրը չլիներ, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կհրաժարվե՞ր մասնակցել Բաքվի Խաղերին:

Մեզ համար կարեւոր են Բաքվի Խաղերը, քանի որ Եվրոպայի առաջնության արդյունք են տալու: Սովորաբար, միջազգային ֆեդերացիայի օրացույցով, Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենում գարնանը: Սակայն այս տարի փոփոխություն տեղի ունեցավ եւ տարվա առաջին պաշտոնական մրցումը դարձավ Բաքվի Եվրոպական խաղերը, Եվրոպայի առաջնությունը տեղափոխվեց Բաքվի Խաղեր: Մեդալը կհամարվի Եվրոպայի առաջնության արդյունք: Այդ պատճառով մենք շատ լուրջ ենք նախապատրաստվում Բաքվի Խաղերին:

Իսկ եթե Եվրոպայի առաջնության խնդիր չլիներ, Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին կմասնակցեինք երկրորդ-երրորդ համարներով: Բաքվի Խաղերը մեզ համար հերթական միջազգային մրցաշար չէ: Պետք է մասնակցեն այն մարզիկները, ովքեր կարող են Բաքվում պատվով հանդես գալ եւ միայն մեդալի համար պայքարել:

Աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանի մասնակցությունը Բաքվի Խաղերին միանշանա՞կ է:

Դավիթ Սաֆարյանն այժմ հավաքականի հետ հավաքի է այստեղ՝ Վրաստանում: Հավաքից հետո նոր պարզ կլինի: Եթե չունենա վնասվածքի խնդիր, մարզավիճակի եւ հոգեբանական պատրաստվածության խնդիր, նա կմասնակցի: Դավիթ Սաֆարյանն այն ըմբիշն է, որ եթե մեկնում է մրցման, ապա միայն մեդալի հետեւից: Նրանից միայն մեդալ ենք ակնկալում: Բացի Դավիթից կան քաշային կարգեր, որոնց առաջին համարները մեդալների հնարավորություններ ունենք: Այս պահին դեռ ոչինչ հստակ ասել չեմ կարող. հավաքը ցույց կտա:

Այնուամենայնիվ, Դուք չէ՞իք հրաժարվի Բաքու մեկնելուց։

Եթե մեր ղեկավարությունը, մեր երկիրը որոշել է մասնակցել Բաքվի Խաղերին, ուրեմն մենք պետք է մասնակցնեք: Ցանկացած պարագայում էլ չէինք հրաժարվի: Սա արդեն երկրի մասնակցության եւ պատվով ներկայանալու հարց է:

Բաքվի Խաղերից հետո ամենակարեւոր մրցաշարն աշխարհի առաջնությունն է, որը նաեւ օլիմպիական վարկանիշային է: Ի՞նչ սպասելիքներ ունեք աշխարհի առաջնությունից, քանի՞ օլիմպիական ուղեգրի ակնկալիք եւ նպատակ ունեք:

Լաս Վեգասում կայանալիք աշխարհի առաջնությունից սպասելիքներ միանշանակ ունենք: Մեդալների ակնկալիք ունենք: Բոլոր քաշային կարգերում էլ ունենք ուժեղ ըմբիշներ, ովքեր օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն ունեն: Աշխարհի առաջնությունում օլիմպիական ուղեգիր ստանալու են յուրաքանչյուր քաշային կարգում լավագույն հինգ մարզիկները: Օլիմպիական խաղերում ընդգրկված է վեց քաշային կարգ: Կպայքարենք բոլոր քաշային կարգերում էլ օլիմպիական ուղեգիր նվաճել:

 Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ